ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սփյուռքահայ ուսուցիչների հանդիպումը ՀՊՄՀ-ի ռեկտորի հետ
12.07.2017
Սփյուռքահայ ուսուցիչների հանդիպումը ՀՊՄՀ-ի ռեկտորի հետ

Մանկավարժական համալսարանում մեկամսյա վերապատրաստում անցնող սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ՝ համատեղ քննարկելու իրենց սպասելիքները, խոսելու Սփյուռքի հայկական դպրոցների և արևմտահայերենի խնդիրների ուսուցման մասին:

Ռեկտորը վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանը հայաստանյան մասշտաբներով մանկավարժական պատշաճ կրթական ծառայություններ է մատուցում և չնայած դիմորդների թվի աստիճանական նվազմանը՝ չի բարձրացրել ուսման վարձը՝ ձգտելով համալսարանը հրապուրիչ դարձնել բոլոր առումներով:

Կրթական բարձ որակի մասին խոսելիս՝ ռեկտորն առանձնացրեց հատկապես հանրապետության լավագույն մասնագետներով պրոֆեսորադասախոսական կազմը համալրելն ու միջազգային կապերի ընդլայնումը, ինչը հնարավորություն է տալիս ունենալ կրթական նոր որակ ու ձեռքբերումներ:

Ուսուցիչներին մեծապես հուզում էր սփյուռքահայ աշակերտների՝ Մանկավարժական համալսարանում ուսումը շարունակելու առանձնահատկություններն և առավելությունները՝ վստահեցնելով, որ հայրենիքում սովորել ցանկացողների թիվը քիչ չէ:

Նրանք հետաքրքրվեցին նաև բուհում արևմտահայերենի դրվածքի մասին՝ նշելով, որ Սփյուռքի մի շարք համայնքներում կարիք կա կրթելու իրենց շարունակող նոր սերունդներ:

Ռեկտորը ցավով նկատեց, որ Սփյուռքի մի շարք գաղթօջախներում գնալով փակվում են հայկական դպրոցները, իսկ մի քանիսում նույնիսկ «Հայոց պատմություն» առարկան դասավանդվում է օտար լեզվով: ««Փրկենք արևմտահայերենը» գոչելիս նախ պետք է հասկանալ՝ կա՞ն անհրաժեշտ ռեսուրսներ այն փրկելու համար. արևմտահայերենի զարգացումը ուղղակիորեն կապված է այն դասավանդող դպրոցների առկայությամբ»,-հավելեց Ռուբեն Միրզախանյանը:

Ուսուցիչները ցավով նկատեցին՝ եթե չպատրաստվեն արևմտահայերենի նոր ուսուցիչներ, տվյալ գաղթօջախի ներկայացուցիչները շատ արագ կձուլվեն համայնքին:

Ռուսասատանից վերապատրաստման եկած ուսուցիչներն ուրախությամբ են նշում, որ երկրի Կառավարությունը մեծ հոգածությամբ է վերաբերում հայկական դպրոցներին, սակայն հայերենի սակավ ժամաքանակը բավարար չէ, որ շրջանավարտները հայաստանյան բուհեր ընդունվելու համար հանձնեն նույն միասնական քննությունները: Ռեկտորը վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանում հեռակա համակարգում սովորողն հնարավորություն ունի տարեկան մեկ անգամ համալսարան գալով ստանալ նույն գիտելիքները՝ առանց կրթության որակի փոփոխության:

Հանդիպման ավարտին ուսուցիչները խոստովանեցին, որ մեծ սիրով են աշխատում վերապատրաստող դասախոսների հետ, որոնք անում են հնարավորը գիտական վերջին նվաճումները, մանկավարժական կարողություններն ու հմտություններն իրենց փոխանցելու համար, իսկ մի քանիսն էլ ափսոսանք հայտնեցին, որ տեսական գիտելիքների հետ մեկտեղ հնարավոր չէ ձեռք բերել նաև գործնական հմտություններ:

«Նոր սերունդը ուսուցիչ դառնալու ցանկություն չունի»,-անհանգստանում են ԱՄՆ-ի հայկական դպրոցների ուսուցիչներն ու վստահեցնում, որ հայրենիքից գործուղված ուսուցիչները մշտապես սպասված են:

Հարցուպատասխանի ձևաչափով կայացած հանդիպման ընթացքում եղան նաև Բեյրութում հայագիտական կենտրոն բացելու և այլ առաջարկներ:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խոստացավ որոնել հնարավոր ելքեր ու ուղիներ և հույս հայտնեց, որ մեծ աշխատանք կատարող սփյուռքահայ ուսուցիչներն հայրենիքից կգնան ոգևորված և նոր գիտելիքներով զինված:

Այցի ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները եղան նաև Մանկավարժական համլսարանի թանգարանում, ծանոթացան բուհի պատմությանն ու ժամանկագրությանը: