ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սփյուռքահայ ուսուցիչների հանդիպումը ՀՊՄՀ-ի ռեկտորի հետ
08.07.2019
Սփյուռքահայ ուսուցիչների հանդիպումը ՀՊՄՀ-ի ռեկտորի հետ

Մանկավարժական համալսարանում 1-ամսյա վերապատրաստում անցնող սփյուռքահայ ուսուցիչներն այսօր հանդիպեցին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ՝ քննարկելու իրենց սպասելիքները, խոսելու Սփյուռքի հայկական դպրոցների խնդիրների մասին:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց սփյուռքահայ ուսուցիչներին և վստահեցրեց, որ մեծ պատասխանատվությամբ են մոտենում գործընթացին: Ռեկտորը ներկայացրեց մանկավարժական խոշորագույն հաստատության կառուցվածքը, խոսեց մի շարք մասնագիտությունների գծով մենաշնորհ ունենալու և ինչպես դպրոցների, այնպես էլ մշակույթի տարբեր ոլորտներ բուհի շրջանավարտներով համալրելու մասին:

Ռեկտորը խոսեց բուհի՝ հետազոտական հաստատություն լինելու հավակնությունների մասին և վստահեցրեց, որ պատրաստ են ընդունել այն աշակերտներին, որոնք ցանկություն կհայտնեն ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանում: Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ նաև բուհի գիտական գործունեությանը` խոսելով գիտական կենտրոնների, լաբորատորիաների ձեռքբերումների, մասնավորապես՝ աշխարհի մի շարք երկրների կողմից բուհի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հանդեպ հետաքրքրության մասին:

«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, Հայ նոր և նորագոյն գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը վերապատրաստվողների անունից շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, իսկ սփյուռքահայ ուսուցիչներին վստահեցրեց՝ Մանկավարժական համալսարանը հաստատուն քայլերով առաջ է գնում: Պրոֆեսորը հույս հայտնեց, որ վերապատրաստվող ուսուցիչները կլինեն ՀՊՄՀ-ի ջատագովներն իրենց երկրներում և հետագայում իրենց ուսումնագիտական ճանապարհը կկապեն Մանկավարժականի հետ:

«Հայաստանի մասին սովորեցնում ենք՝ առանց հայրենիքը տեսնելու: Մեզ տրված է ահռելի ուժ՝ հայի ոգին երեխաներին փոխանցելու համար: Այդ գործում այս վերապատրաստումները կարելի է հրաշք համարել»,-նշեց ԱՄՆ-ից Լինտա Գանտիլյան-Քելեշյանը և շնորհակալություն հայտնեց վերապատրաստումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերջինս առաջարկեց փոխանակում իրականացնել նաև բուհի հիմնական, հենակետային դպրոցների և ԱՄՆ-ի հայկական դպրոցների աշակերտների միջև:

«Սա կարծես սփյուռքահայ ուսուցիչների մեծարման տոն լինի»,-նշեց Լաուրա Մարգարյանը ՌԴ-ից և հետաքրքրվեց ասպիրանտուրա ընդունվելու մանրամասներով: Եղան նաև այլ առաջարկներ. ուսուցիչներին մեծապես հուզում էր սփյուռքահայ աշակերտների՝ Մանկավարժական համալսարանում ուսումը շարունակելու առանձնահատկություններն և առավելությունները՝ վստահեցնելով, որ հայրենիքում սովորել ցանկացողների թիվը քիչ չէ:

Ռեկտորը պատրաստակամություն հայտնեց քննարկել յուրաքանչյուր սփյուռքահայ աշակերտի՝ ուսումը ՀՊՄՀ-ում շարունակելու խնդիրը: Այցի ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները եղան նաև Մանկավարժական համալսարանի գրադարանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Մանկավարժական համալսարանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. 15 երկրից 61 ուսուցիչ վերապատրաստվում է ուսումնական 5 խմբերով:

Անցնող շաբաթվա ընթացքում ուսուցիչներն այցելել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Մատենադարան, Գառնի, Գեղարդ, եղել Սևանում, Գոշավանքում, Հաղարծինում: