ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սփյուռքահայ ուսուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.07.2019
Սփյուռքահայ ուսուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Մանկավարժական համալսարանում վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչներն այցելել էին Ցեղասպանության հուշամալիր՝ հարգելու 1915 թվականի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Ուսուցիչները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում. պատմական վավերաթղթերը, լուսանկարները, ցուցանմուշները նոր սերնդի ուսուցիչներին ստիպեցին վերապրել ժողովրդի հավաքական հիշողությունը:

Նշենք, որ թանգարան-ինստիտուտում այս տարի ներկայացվում են նաև Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված հարուստ նյութերի հավաքածուներ, Ժան-Սեմի հայտնի նկարների ցուցադրություն, որոնք հնարավորություն տվեցին Սփյուռքի ուսուցիչներին ևս մեկ անգամ առնչվել մեր մեծերի գրական և մշակութային ժառանգության ուղղություններին: Թանգարանում ուսուցիչներին ողջունեց նաև թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագոյն գրականության ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի և Հարություն Մարությանի ուղեկցությամբ 15 երկրց ժամանած 61 սփյուռքահայ ուսուցիչները ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրի մոտ և անմար կրակի շուրջ հարգեցին զոհերի հիշատակը: Վերապատրաստող ուսուցիչ Մասիս Առաքելյանը կատարեց Կոմիտասի «Կռունկը», որի խորհուրդը այդ պահին մեկն էր` հայ ոգու վերապրելու, արարելու կամքը և շարունակականությունը: