ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սփյուռքահայ ուսուցիչները բացահայտում են հայրենիքը
19.07.2019
Սփյուռքահայ ուսուցիչները բացահայտում են հայրենիքը

Մանկավարժական համալսարանում շարունակվում են 15 երկրի սփյուռքահայ 56 ուսուցչի վերապատրաստումները:

Ծրագրով, բացի ուսումնական, կրթական բաղադրիչից, մասնակիցների համար նախատեսված են նաև մշակութային միջոցառումներ, հանդիպումներ, շրջայցեր մեր երկրի տեսարժան վայրերում:

Անցնող շաբաթվա ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները Հայաստանի գրողների միությունում հանդիպում ունեցան ժամանակակից գրողների հետ: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ուսուցիչներին և շնորհակալություն հայտնեց մանկավարժի անշահ ու դժվարին ոլորտն ընտրելու համար: Վերջինս խոսեց օտար լեզվով ստեղծվող գրականության մասին և ցավով նկատեց՝ հայագիրները քչացել են. «Հին սերունդը կարծես իր վրա է կրում այդ պատասխանատվությունը, մինչդեռ նորերը մեծամասամբ չեն գրում հայերեն: Ուրեմն պետք է մշտապես գործի գրող-ուսուցիչ սերտ համագործակցությունը։ Մտածում եմ՝ ուսուցիչը մեղք ունի՞։ Մտածում եմ, բայց պատասխաններ չունեմ։ Այս առումով մեծ է մանկական գրականության դերը, մայր ակունքին երեխային բերելու, հարազատ գետից ջուր խմելու համար»,-նշեց Էդվարդ Միլիտոնյանն ու սփյուռքահայ ուսուցիչներին հորդորեց իրենց աշակերտներին սնել հայ գրականությամբ ու մշակույթով, որ կարողանանք գոյատևել ամենուր։ Նա առանձնակի կարևորեց նաև ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի՝ ուսուցիչների հետ կապը մշտապես պահելու փաստը և հույս հայտնեց, որ հանդիպումները կլինեն շարունակական:

Ուսուցիչներին իրենց ելույթներով ողջունեցին նաև գրողներ Ռուբեն Մարուխյանը, «Ծիծեռնակ» մանկական հանդեսի խմբագիր Անուշ Վարդանյանը, Հակոբ Հարությունը, Խաչիկ Մանուկյանը և այլք՝ իրենց խոսքում ընդգծելով սփյուռքահայ ուսուցիչների մեծագույն դերը ազգայինի տարրերը զորացնելու գործում: Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը շնորհակալություն հայտնեց գրողներին, որոնք ամեն տարի մեծագույն սիրով և ջերմությամբ են ընդունում աշխարհի տարբեր ծագերից հայրենի հարկի տակ հավաքված ուսուցիչներին. «Այս հանդիպումներով նրանք ծանոթանում են միմյանց, արժևորում ժամանակակից հայ գրականությունը, այն կերտող գրողներին»:

Հանդիպումների շարքում ուսուցիչները հյուրընկալել էին Հայկական բարեգործական ընդհանուր միության վիրտուալ քոլեջի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրին իրենց գործունեության գերակա ուղղություններն ու ծրագրերը, նշեցին համագործակցության ուղիներ:

Ուսուցիչներն այս օրերին այցելեցին հայ մեծանուն կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, եղան «Զանգակ» հրատարակչության գրախանութում, Օպերային թատրոնում ներկա եղան պարի պետական անսամբլի մենահամերգին, Համազգային թատրոնում դիտեցին «Արի երազենք» ներկայացումը:

15 երկրներից ժամանած ուսուցիչների համար առանձնակի հիշարժան է հայրենիքի ամենատարբեր տեսարժան վայրեր այցելությունները. այս օրերին նրանք այցելեցին Սաղմոսավանք, Օհանավանք, Ամբերդ, եղան Նորավանքի և Տաթևի վանական համալիրներում:

Մինչև հուլիսի 27-ը սփյուռքահայ ուսուցինչերի համար նախատեսվում են այլ հանդիպումներ և այցեր. հուլիսի 21-ին նրանք կհյուրընկալվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, իսկ հուլիսի 22-ին հանդիպում կունենան Մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ: