ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սփյուռքահայ ուսուցիչները հայապահպանության առաջնագծում
26.07.2024
Սփյուռքահայ ուսուցիչները հայապահպանության առաջնագծում

Այսօր Մանկավարժական համալսարանում հավաստագրեր հանձնվեցին սփյուռքահայ վերապատրաստված ուսուցիչներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված վերապատրաստման ծրագիրն արդեն 13-րդ անգամ անցկացնում է ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը։

14 երկրից հայրենիք եկած 60 ուսուցիչ ակադեմիական 120 ժամ տևողությամբ դասընթացի ընթացքում վերապատրաստվեց ուսումնական տարբեր խմբերում՝ մանկապարտեզի, մեկօրյա դպրոցների, տարրական ուսուցման, հայոց լեզվի և գրականության դասավանդման, պարարվեստի, հայոց պատմության և մշակույթի պատմության, ինչպես նաև տնօրենների վերապատրաստման։

«Եզրափակիչ դաս, որ միևնույն ժամանակ հնարավորություն կտա ամփոփելու հուլիսի 1-ից մեկնարկած վերապատրաստման ծրագիրը»,-ասում է ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու վստահեցնում՝ Մանկավարժականում անցկացված մեկամսյա դասընթացն ամբողջովին վերանայված, նոր չափորոշիչներին համապատասխան, պրոֆեսորդասախոսական կազմի վերապատրաստման արդյունքում մատուցված ծրագրով է անցկացվել։

Նա կարևորեց հետադարձ կապը, դասընթացի որակական բովանդակության, պրոֆեսորդասախոսական կազմի աշխատանքի, ծրագրային մոտեցումների, հիմնախնդիրների վերաբերյալ ուսուցիչներին կարծիքները, առաջարկներն ու բուհի հետ համագործակցության նրանց տեսլականը։

Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ մասնակիցների հետ երկխոսությունը դեռ երկար կշարունակվի․միասին կհաղթահարեն այն մարտահրավերները, որոնք առկա են կրթության ոլորտում, հայապահպանության, Սփյուռքում հայկական դաստիարակության, ինտեգրացիոն գործընթացներում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպումը պատեհ առիթ համարեց մեր երկրում կրթության իրավունքի իրացման վերաբերյալ որոշ շեշտադրումներ ներկայացնելու, ինչպես նաև Սփյուռքի հետ կապված նախարարության ծրագրերը ներկայացնելու տեսանկյուններից, որոնք կնպաստեն կրթամշակութային կյանքի աշխուժացմանը։

Նախարարի տեղակալը կարևորեց, որ մեր երկրում բուհերը, այս դեպքում՝ Մանկավարժական համալսարանը, բացի իր հիմնական առաքելությունից, ստանձնել է կարևոր այլ գործառույթ ևս և դարձել գործընթացի առաջամարտիկներից։

Արթուր Մարտիրոսյանն ընդգծեց՝ այս տարի ծրագրում ներառել են վերջին երեք տարիներին վերապատրաստում չանցած ուսուցիչներին, դրանով իսկ ակնկալելով նաև մասնակիցների աշխարհագրության ընդլայնում, ինչպես նաև հնարավորություն տվել դասավանդողներից բացի, ընդգրկել նաև տնօրեններին։

Նա կարևորեց, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կրթականից զատ, ունեցել է նաև մշակութային, ճանաչողական բնույթ` ձևավորելով կրթական գործընթացում ընդգրկված մարդկանց մի հանրույթ, որոնք կարող են սովորել փորձի փոխանակման, միմյանց սովորեցնելու միջոցով նաև։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրեց գերատեսչության՝ Սփյուռքի ուղղությամբ տարբեր կրթամշակութային ծրագրերը, աշխարհի տարբեր երկրներում հայագիտական կենտրոնների բացման անհրաժեշտությունը, ընդգծելով՝ կարևորում են, որ աշխարհասփյուռ հայությունը լինի հայախոս, հայկական մշակույթի կրող․ «Շատ ենք կարևորում ձեր դերը․ դուք պայքարի առաջնագծում եք»,-հավելեց նա։
Ծրագրի մասնակիցներն իրենց գոհունակությունը հատնեցին՝ նշելով՝ այս ընթացքում լցվել են հայրենիքով, լիցքավորվել իրարամերժ զգացմուքներով, որոնք կտանեն իրենց հետ։

Նաիրա Թորոսյանը 2015 թվականից դասավանդում է Եկատերինբուրգի (ՌԴ) կիրակնօրյա հայկական դպրոցում․16-37 տարեկան սովորողներին ուսուցանում է ոչ միայն հայոց լեզու և գրականություն, այլև պատմություն։ Նշում է՝ խմբում նաև 1-2 ռուս կա, որոնք հայերեն են ուսումնասիրում։

Նաիրա Թորոսյանն ասում է՝ հայրենիքից հեռու լինելով, հեռու են նաև մեր երկրի կրթական համակարգից։ Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանն առաջին անգամ է մասնակցում։Վստահ է՝ ընդգրկուն դասաժամերից ստացած գիտելքիները, նոր մեթոդներն ու գործիքակազմը մոտ ապագայում կկիրառի իր դասընթացներում։

«Մեր առաջնային խնդիրն է, որ հայ ընտանիքների երեխաները ձգտեն ստանալ նաև հայկական կրթություն։ Կարծում եմ՝ դա մոտ ապագայում հնարավոր կլինի։ Թբիլիսիի 103 վրացական դպրոցը, որտեղ դասավանդում եմ, անցել է երկլեզու ուսուցման՝ հնարավորություն տալով երեխաներին միաժամանակ սովորել և՛ հայերեն, և՛ վրացերեն»,,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Գայանե Պետրոսյանն ու իր գոհունակությունը հայտնեց դասընթացներից, դասագրքերից ստացած տեղեկություններից, ուսումնասիրած նոր մեթոդներից։

Վստահեցնում է՝ Մանկավարժականի հետ կապը լավագույնս կպահպանվի․արդենիսկ դիմել է մագիստարտուրա։

Սփյուռքահայ վերապատրաստվող ուսուցիչներից է նաև իրաքահայ Մանուշակ Հովսեփյանը։ Եկել է Հնդկաստանից, ուր ապրում է արդեն 40 տարի։ Ասում է՝ իր բնակավայր Փենջափում շատ հայեր կան։ Կան նաև խառն ամուսնություններով ընտանիքներ, սակայն դպրոց չի կարողացել բացել, երեխաներ հավաքել․հայ ընտանիքներն իրենից հեռու են՝ ամենամոտը 5 ժամվա հեռավորության վրա։ Որպեսզի հայ երեխաները հայերեն սովորեն, օնլայն դպրոց է բացել, հավաքագրել երեխաների, որոնց սովորեցնում է ազգային պատմությունը, հայերեն գրել-կարդալ․« Ծնողները չեն առարկում, ընդհակառակը, ուրախ են։ Տարբեր տարիքի և կարողություններով երեխաներ են ուսանում մեզ մոտ․ մի մասը կարողանում են հայերեն խոսել, մի մասը՝ դեռ ոչ։ Նույնիսկ 30-35 տարեկան հնդիկներ կան, որոնք ուզում են հայերեն սովորել։ Շաբաթվա ընթացքում անվճար դասընթացներ էլ ենք կազմակերպում․ ես ուխտել եմ՝ իմ հայերեն լեզուն չեմ «վաճառի»։ Կիրակի օրերին փորձում ենք սովորեցնել նաև հայկական պար»,- նշեց Մանուշակ Հովսեփյանն ու հավելեց՝ 20 տարի Հնդկաստանի մանկապարտեզներում, դպրոցներում հնդկերենով և անգլերենով է հայերեն ուսուցանել, համացանցի դարաշրջանում 60 ընտանիքի համար խումբ է ստեղծել և դասավանդում է օնլայն։

Վերապատրաստումների շնորհիվ Մանուշակ Հովսեփյանը տիրապետում է նաև նոր մեթոդների․ կարծում է, որ մեկ ամիսը քիչ է սովորելու համար, բայց ուրախ է, որ ինքը ևս օնլայն հարթակի միջոցով կշարունակի ուսուցումն ու սովորել այն, ինչ չի հասցրել։

Աշխարհի 14 երկրներից հայրենիքում վերապատրաստվող ուսուցիչների հրաժեշտը նշանավորվեց նորաստեղծ հիմնով. երգը ստեղծել և կատարեցին հենց մասնակիցները։

Նշենք, որ մեկամսյա վերապատրաստումների ընթացքում սփյուռքահայ ուսուցիչների համար կազմակերպվել են արտալսարանային միջոցառումներ, այցելություններ թանգարաններ և ճամփորդություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր: