ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Սփյուռքահայ ուսուցիչները հայոց լեզվի դեսպաններն են»
28.07.2017
«Սփյուռքահայ ուսուցիչները հայոց լեզվի դեսպաններն են»

Այսօր Մանկավարժական համալսարանում հավաստագրեր հանձնվեցին ՀՀ ԿԳՆ-ի կողմից կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցներին:

16 երկրից հայրենիք եկած 62 ուսուցիչ ակադեմիական 120 ժամ տևողությամբ դասընթացի ընթացքում վերապատրաստվեցին ուսումնական տարբեր խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար:

ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միզագային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին վերապատրաստման ծրագրին մասնակցելու և Սփյուռքում ազգապահպան առաքելության համար՝ վստահեցնելով, որ նրանք իրենց երկրներում հայոց լեզվի դեսպաններն են:

Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն էլ հույս հայտնեց, որ 1-ամսյա դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները նրանք կկարողանան պահպանել և տանել այլ երկրներ: Նա հավելեց նաև, որ ուսուցիչների առաջարկները հնարավորություն տվեցին նախանշել խնդիրների լուծման նոր ուղիներ, ամենամյա վերապատրաստումները կատարելագործելու նոր եղանակներ: Արկադի Պապոյանը հույս հայտնեց, որ վերապատրաստվող ուսուցիչների շարքերը գնալով կավելանան՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք կապի ամրապնման:

«Սովորելու, գործին լծվելու ձեր պատրաստակամությունն ու ցանկությունը թույլ են տալիս հպարտությամբ նայել միասին անցած ճանապարհին: Մեր նպատակն է կրկին հանդիպել նույն ճանապարհին՝ միասին բացելու մեր և ձեր միջև կարևոր օղակի՝ աշակերտների համար փակ դռները. նրանք մեր ապագան են»,-նշեց «Սփյուռք» կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:

Պրոֆեսորը վստահեցրեց, որ բուհի դռները բաց են սփյուռքահայ ուսուցիչների առջև և այս ավարտով նրանց ցտեսություն չեն ասում, այլ ողջունում սփյուռքահայ ուսուցիչների հարատև ներկայությունը Մանկավարժական համալսարանում:

«Հրաժեշտի թախիծը սիրո նշան է». մեջբերելով Ավետիք Իսահակյանին՝ նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն ու հավելեց, որ մեկամսյա դասընթացները նշան են առ հայրենիք և մայրենի լեզու ունեցած սիրո. «Բացեք հայրենիքի դռները հայոց լեզվով, այն միակ բանալին է»:

Մոսկվաբնակ ուսուցչուհի Թամարա Մաթևոսյանը մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և վերապատրաստող դասախոսներին՝ վստահեցնելով, որ նրանք արեցին հնարավորը իրենց զատված հայրենակիցների սրտերը հայրենիքով լցնելու համար. «Սփյուռքի ուսուցչի համար չկա ավելի մեծ բան, քան հայրենիքի ջերմությունն ու սերը: Մենք վերադառնում ենք՝ մեր անպարագիծ գործունեությամբ, անմնացորդ սիրով ու նվիրումով կատարելու ուսուցչի պատմական առաքելությունը»:

Նա այն կարծիքին է, որ Սփյուռքում ուսուցիչ լինելը հայրենասիրության դրսևորում է, քանի որ որտեղ էլ ապրեն, նրանց հայացքն ուղղված է առ հայրենիք: Թամարա Մաթևոսյանն իր գործընկերներին հորդորեց անել հնարավորը, որ խոշոր պետությունների հարաբերություններում մեր հայրենիքը չդառնա մանրադրամ. «Գնանք դառնալու այն կարևոր հանգույցը, որ ամուր է պահում հայրենիք-սփյուռք կապը»:

Ֆրասնահայ ուսուցիչ Մկրտիչ Պասմանն էլ այն կարծիքին է, որ եթե աշխարհի 16 երկրներից հավաքված ուսուցիչներին մտահոգում է հայ աշակերտն ու նրա ճակատագիրը, ուրեմն պետք է ձեռք ձեռքի տալ և արթնացնել ամեն հայ մանուկի մեջ քնած առյուծին, սնել, որ նա էլ թև ու թռիչք առնի:

«Ինձ համար հաճելի էր ապրել Հայաստանում և սովորել հայերեն: Համոզված եմ, որ հայերն ու հայերը միշտ կլինեն»,-հայաբառ խոսեց օտարազգի ուսանող Վալերի Մալիշևը և շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին ու վերապատրաստող դասախոսներին:

Նշենք, որ մեկամսյա վերապատրաստումների ընթացքում սփյուռքահայ ուսուցիչների համար կազմակերպվել են արտալսարանային միջոցառումներ, այցելություններ թանգարաններ և ճամփորդություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր: