Այսօր Մանկավարժական համալսարանում հավաստագրեր ստացան «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագրի դասընթացների 4-րդ փուլի մասնակիցները։ 15 մասնագիտությունների գծով կրթական 4-ամսյա ծրագիրն ավարտեց 57 հոգի։
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, շնորհավորելով դասընթացի մասնակիցներին, նշեց՝ պատվով հաղթահարել են ամիսներ առաջ սկսած նախաձեռնությունը։
Նա վստահեցրեց՝ հավաստագրերի հանձնումը ոչ թե ավարտ, այլ սկիզբ է նախանշում․ նոր փուլում սպասվում է ակտիվ համագործակցություն բոլոր նրանց հետ, որոնք աշխատում կամ պատրաստվում են գործունեություն ծավալել հանրակրթական ուսումնական հաստատություններում։
ՀՊՄՀ պրոռեկտորն ընդգծեց՝ Մանկավարժականը մշտապես գործակցում է դպրոցների հետ․ պատրաստակամ են ընդառաջել, աջակցել փաստաթուղթը կյանքի կոչելու։
Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը լիահույս է՝ հավաստագիրը կծառայի իր նպատակին։
Բուհի կրթական գործընթացների պատասխանատուն հիշեցնում է՝ ՀՀ զինանշանից բացի, հավաստագրում տեղ է գտել նաև Մանկավարժականի խորհրդանիշը․ ըստ էության, մասնակիցները նաև յուրատեսակ դեսպաններ են տվյալ կրթական կառույցում․ «Ձեզնով է հետագայում նաև պայմանավորված ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշումը։ Արժանվույնս ներկայացրեք և պատվով իրականացրեք մանկավարժի գործունեությունը, որ իրականության մեջ կոչում է»,- բարի ընթացք մաղթելով ներկաներին՝ նշեց Սամվել Ասատրյանն ու հորդորեց ակտիվ համագործակցել մասնագիտական ամբիոնների հետ․ դրանք միտված են օգնելու կայանալու այս դժվարին, բայց արդյունավետ ճանապարհին։