ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստեղծագործում են վարժարանցիները․․․
30.11.2022
Ստեղծագործում են վարժարանցիները․․․

Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվեց ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոց վարժարանի մշակութային հոսքի կերպարվեստ ենթահոսքի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը։

Բուհի մեկդարյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը բազմամարդ էր․ներկայացված էր 10-12-րդ դասարանի  25 աշակերտի 33 աշխատանք։

Մասնագետները նկատում են՝ թեմատիկ բազմազանությամբ աչքի ընկնող ցուցահանդեսին ներկայացված գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները, մանրանկարները յուրովի գեղեցիկ են․ դրանք փոքրիկ գոհարներ են։

«Կերպարվեստն այն ոլորտն է, որ կրթություն սիրում է, կրթություն՝ բարձրակարգ մասնագետի մոտ։ Վարժարանի ուսուցիչները, որոնք իրենց գործի վարպետներ են, մեծ սիրով ու նվիրումով են կատարում այդ գործառույթը։ Դեռևս միջնադարից եկող գեղեցիկ ավանդույթ է դպրոցում մասնագիտական հմտությունների ձեռքբերումն ու բարձրագույն կրթական հաստատությունում այն շարունակելը։ Մենք աբովյանականներ ենք՝ վարժարանից մինչև բուհ, որ շարունակում ենք այդ ավանդույթը»,-ցուցահանդեսի բացմանը նշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն ու սկսնակ մասնագետներին խորհուրդ տվեց ստեղծագործելիս չընկնել քանակի, չափի հետևից․ աշխարհահռչակ մի շարք նկարիչների գործեր թեկուզ փոքրածավալ են, սակայն արվեստի գոհարներ ու հանճարեղ գործեր են։

Պրոֆեսոր Հակոբյանը վարժարանի կայացման գործում կարևորեց ՀՊՄՀ պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանի դերակատարումը՝ նրան համարելով վարժարանի հիմնադիր սյուներից մեկը, որն իր եռանդով ու կատարած աշխատանքով այսօր էլ ամրապնդում է դպրոց-բուհ կապը։

Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց վարժարանցիներին ցուցահանդեսի, ինչպես նաև բուհի 100-ամյակի առթիվ՝ խոստովանելով, որ բուհում անցկացվող ցանկացած ձեռնարկ իր համար հպարտության առիթ է․ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների որակը բազմապատկում է այդ հպարտությունը։

Իրենց առաջին, բայց հաստատուն քայլերի համար վարժարանցիներին շնորհավորեց նաև կերպարվեստի ուսուցիչ Նաիրի Բալաբեկյանը․ վերջինս, ի դեպ Մանկավարժականի շրջանավարտ է։

Հպարտ է, որ իր դասախոսների, վարպետների գիտելիքները ստանալու հնարավորություն առաջիկայում կունենան նաև սաներից շատերը՝ համալրելով շնորհալի արվեստագետների շարքը։

Նաիրի Բալաբեկյանն ընդգծեց՝ նախքան ցուցադրությունը, արվել են դիտողություններ, աշակերտներն էլ կատարել են համապատասխան շտկումներ։ Խուսափել են միջամտել աշխատանքներին․ ցուցահանդեսում պետք է ներկայանալի լինեն իրենք՝ ստեղծագործողները։

Երիտասարդ մանկավարժը վստահ է՝ 21-րդ դարի ուսուցիչը պետք է ծանոթ լինի ոլորտի նորարարություններին․ «Այսօր չափազանց կարևոր է տեխնիկաների կիրառումը, նյութերի ընտրությունն ու դրանց համադրումը, ինչին պետք է տիրապետի նաև մանկավարժը՝ իր խորհուրդներով ոգևորելով երիտասարդ ստեղծագործողներին»։

«Գինովցած երեկո»․ այսպես է կոչվում մշակութային հոսքի 11-րդ դասարանի սան Մերի Մուսայելյանի աշխատանքը, որը ևս ներկայացված է ցուցահանդեսում։ aspu.am-ի հետ զրույցում Մերին նշեց, որ սա իր առաջին մասնակցությունն է․ աշխատանքն էլ բնութագրեց իր խառնվածքին ու տեսակին բնորոշ՝ եթերային, երազներով լի։

Վարժարանի սանը կողմոնորոշվել է նաև մասնագիտության ընտրության հարցում․ ինչպես դասընկերներից շատերը, բարձրագույն կրթություն կստանա ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում, բացահայտելով՝ հագուստի մոդելավորման բազմաշերտ ու գեղեցիկ աշխարհը։

Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 6-ը։