ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սյունյաց աշխարհի գույները Լեմս Ներսիսյանի կտավներում
22.09.2021
Սյունյաց աշխարհի գույները Լեմս Ներսիսյանի կտավներում

Սյունյաց աշխարհը գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի կտավներում… Սեպտեմբերի 20. Անկախության 30-ամյակին ընդառաջ խորհրդանշական ցուցադրություն՝ «Իմ Սյունիք» խորագրով: Սյունիքյան հիասքանչ բնապատկերներ՝ Մեղրի, Ագարակ, Կապան, Գորիս… մինչև Զորաց քարեր… Սյունիքն իր ողջ հմայքով: Գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի ուխտագնացությունը պարբերաբար իր մտածելակերպն ու աշխարհայացքն է դրոշմում կտավների վրա, խտացված ասելիքի մատուցմամբ ու արևային գույներով գրավում այցելուներին:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանի հերթական ցուցահանդեսը «Զանգակ» գրատանն էր կազմակերպվել: Եկել էին նկարչի արվեստի երկրպագուները՝ դասախոսներ, ուսանողներ, հարազատներ: Ելույթներն անկեղծ էին ու բնութագրող, նկարներում Սյունիքի չկոտրվող ոգին էր ու բարձրաբերձ լեռները՝ երկինք հասնող ամպե ծրարներով բարուրված: Եվ գույներ, գույներ…Հայաստանի հարավային դարպասի գեղեցկուհի պահապաններն ասես գեղանկարչի վրձնահարվածների ներքո էլ ավելի էին գեղեցկացել՝ ի ցույց դնելով լեռնաշխարհի ողջ հմայքը: Հայրենիքը բնության ու տիեզերական անսահմանության մեջ, հայրենասիրության վառ, ընդգծված դրսևորումներ, կյանքի ու բնության փիլիսոփայական խոհ ու ընկալում… Ահա այն զգացողությունները, որ արթնացնում են յուրաքանչյուրի մեջ գեղանկարչի ստեղծագործական պոռթկումները:

«Այս օրերին, երբ Սյունիքն անցնում է փորձությունների միջով, ես ուզում եմ մեր հասարակությունն այս ամենը նկատի ու ճանաչի Սյունիքը: Ես քայլել եմ Ագարակից մինչև Սիսիան…Նկարել եմ և որոշել մատուցել այն, ինչ շատերն իրենց աչքերով չեն տեսել: Եվ կարծում եմ՝ ինձ հաջողվել է: Սյունիքյան 86 պատկերանկար, ցավոք այստեղ ընդամենը 50 նկար ցուցադրելու հնարավարություն էր»,-ասաց նկարիչը:

Մի առանձին գորովով գեղանկարիչն առանձնացրեց Ծիրանաձորը, Գորիսի բնանկարները, Տեղ գյուղը, որոնք շատ տիպիկ են բնաշխարհի համար:

Ելույթ ունեցան պրոֆեսորներ Մնացական Մանուկյանը, Աելիտա Դոլուխանյանը, Իգոր Կարապետյանը, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանը:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Մնացական Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ նկարչի գեղագիտական ու մանկավարժական դասերին.«Լեմս Ներսիսյանի նկարներում բնությունը շնչավորվում է՝ ծաղկի բուրմունքն ես առնում, զգում ջրի թարմությունը: Միաժամանակ նա կարողանում է այդ ամենը տեղափոխել մանկավարժություն՝ ձևավորելով գեղագիտական զգացողություններ, գեղագիտական ճաշակ, գեղագիտական հարաբերություններ»:

Նա նկարչին մաղթեց առողջ ապրելակերպ և դեպի հավերժություն գնացող նկարներ:

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Հասարակագիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը և Բանասիրական ֆակուլտետի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը արժևորեցին գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի ստեղծագործությունները՝ հատկանշական համարելով այս օրերին Սյունիքին նվիրված նկարաշարի ցուցադրությունը:

«Ես մեծ հաճույքով եմ եկել այս ցուցահանդեսին, որովհետև Լեմս Ներսիսյանի արվեստի երկրպագուներից եմ: Իմ կարծիքով, Հայաստանն աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է, և այդ գեղեցկությունը մեզ հաղորդում է Լեմս Ներսիյանը: Լեմս Ներսիսյան գեղանկարչին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, նա մեծ ճանաչում ունի նաև արտերկրում: Նրա ստեղծագործությունները հաճախ են ցուցադրվում տարբեր երկրներում և զարդարում շատերի բնակարանները: Լեմս Ներսիսյանը մեր օրերի հրաշալի գեղանկարիչներից է, նրա կտավները հիասքանչ են: Նա մեծ նկարիչ է և ունի ձեռագիր: Ունի իր դպրոցը: Ցավոք, երբեմն ժամանակի նկարիչները չեն գնահատում ժամանակակցին:

Սյունիքն այսօր վտանգի մեջ է: Ես արմատներով սյունեցի եմ: Այն, ինչ տեսել եմ իմ այցելությունների ընթացքում, դրանք այստեղ տեսա, վերապրեցի իմ հիշողությունները: Ես շատ եմ ուզում, որ Հայաստանը հավերժանա ոչ միայն Լեմս Ներսիսյանի կտավներով, այլ հարատևի յուրաքանչյուր հայի մեջ, որպես հինավուրց հողի ներկայություն շարունակվի այս նոր աշխարհում»,-նկատեց Աելիտա Դոլուխանյանը: Նրա կարծիքով, Լեմս Ներսիսյանի նկարները կարող են մրցել իմպրեսիոնիստների հայտնի ստեղծագործությունների հետ: Գրառումների տետրում էլ պրոֆեսորը գրեց.«Այս նկարները հավերժորեն մնալու են հայ արվեստի պատմության մեջ»:

«Այսօրվա ցուցադրությունը նվիրված է Սյունիքին: Ես գտնում եմ, որ մենք Սյունիքը պետք է հայտարարենք գերքաղաքական մշակութային ամբողջական միավոր, հատուկ ռազմավարական նշանակության գոտի»,-ասաց Լևոն Շիրինյանը՝ շնորհավորական խոսքում ընդգծելով նկարչի տաղանդի մեծությունն ու նվիրվածությունը հայրենիքին, Սյունիքի գեղեցկությունն ու խրոխտ ոգու գեղանկարչական ցայտուն արտահայտությունները ներկա ցուցադրությունում, նկարչին մաղթելով ստեղծագործական նոր բացահայտումներ:

«Լեմս Ներսիսյանն իր նկարներով գեղագիտական դասեր է տալիս, ձևավորում գեղագիտական ճաշակ: Նրա ստեղծագործություններում անսքող լավատեսություն կա: Նա սիրում է բնությունն ու մարդկանց: Դա ոգեղեն արարում է, անվերջանալի ինքնաթերապիա … »,-նկատեց մանկավարժական գիտությունների դոկտոր Իգոր Կարապետյանը:

«Միշտ գնահատել եմ այն նկարիչներին, որոնք երիտասարդ սերնդին մոտեցնում են արվեստին: Լեմս Ներսիսյանն այդ սակավ նվիրյալներից է»,-ասաց ՀՀ վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը:

«Իմ Սյունիք» խորագրով ցուցադրությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը, իսկ առաջիկայում կներակայացվի Գորիսում:

                                                                                                                                                                                          Սիլվա ԱՍՐՅԱՆ