ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սյունյաց աշխարհը՝ Լեմս Ներսիսյանի կտավներում
07.03.2022
Սյունյաց աշխարհը՝ Լեմս Ներսիսյանի կտավներում

ՀՊՄՀ-ում բացվեց Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Լեմս Ներսիսյանի՝ «Իմ Սյունիք» խորագրով ցուցահանդեսը:

Բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը ներկա էին բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, գեղանկարչի արվեստի երկրպագուներ, արվեստասերներ, ուսանողներ:

«Լեմս Ներսիսյանը գունանկարչական հարուստ ներկապնակով նորովի է բացահայտում մեզ շրջապատող բնությունը. նրա կտավներին հատուկ է անմիջականությունը, գարնանային գույների ջերմությունն ու տրամադրությունը: Դրանք կարծես մեր ներհոգեկանի՝ տվյալ պահին արտահայտած հարցադրումների պատասխաներն ունենան.Սյունիքը բացահայտվում է այդ պահին ներսումդ եղած գույներով և տրամադրությամբ: «Իմ Սյունիք» ցուցադրությունն այսօր գերարդիական է՝ տարածքային, արժեբանական, աշխարհագրական առումներով նաև»,-բացման խոսքում նշեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:

Բուհի ղեկավարը նկատեց՝ գեղանկարիչը բազմիցս է ուրախացրել իր ստեղծագործական աշխատանքներով և անհատական ցուցահանդեսներով. 2019 թվականին թանգարանում բացվեց նկարչի՝ «Հայաստանիս հոգևոր կոթողները» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքերին ցուցահանդեսը:

Սրբուհի Գևորգյանը մաղթեց, որ ցուցահանդեսում գերիշխող գարնանային տրամադրությունը և ներքին հոգեկան ներդաշնակությունը ստեղծագործական զարգացման նոր հնարավորություններ փոխանցի ներկաներին՝ կրկնապատկելով նրանց արժեբանական մոտեցումները:

Սյունիքյան հիասքանչ բնապատկերներ՝ Մեղրի, Ագարակ, Կապան, Գորիս մինչև Զորաց քարեր. գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի ցուցադրությանը ներկայացված է 60 աշխատանք:

Գեղանկարիչը նկատում է՝ գեղարվեստական ընկալումներից զատ, «Իմ Սյունիք»-ը նաև քաղաքական համատեքստ ունի. Հայաստանի հարավային դարպասն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է: «Հայրենասիրության կարիք այսօր բոլորս ունենք. իմ, քո, մեր Սյունյաց աշխարհի գեղեկցության մասին լսել, բայց չեն տեսել շատերը: Մեկ ու կես ամիս տևած ուխտագնացության նպատակն էր գեղանկարների միջոցով բացահայտել Սյունիքն իր ողջ հմայքով»,-նշեց արվեստագետը:

ՀՊՄՀ թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանն էլ նկատեց՝ կա դպրոց, վարպետություն, սակայն վստահ է՝ Լեմս Ներսիսյանի գեղանկարներն այցելուներին գրավում են իրենց նրբությամբ, գույներով և մարդկային հոգու հետ երկխոսելու բացառիկությամբ:

Թանգարանի կազմակերպած «Իմ Սյունիք» խորագրով ցուցադրությունը կտևի մինչև մարտի 21-ը: