ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Թամամշյանցների գործը պետք է օրինակ լինի հայ գործարարների և բարերարների համար»
17.06.2017
«Թամամշյանցների գործը պետք է օրինակ լինի հայ գործարարների և բարերարների համար»

Թեքեյան մշակութային կենտրոնում կայացավ ՀՊՄՀ-ի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանի` «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը:

Թիֆլիսահայ ազնվականության կյանքի և գործունեության հանդեպ պրոֆեսորի հետաքրքրությունն այս անգամ ծավալվել էր Թամամշյանցների հայտնի գերդաստանի շուրջ, որի շառավիղները զբաղվել են ոչ միայն գործարարությամբ ու վաճառականությամբ, այլև ծավալել ակտիվ բարեգործական ու քաղաքացիական գործունեություն: Նրանք անտարբեր չեն եղել ոչ միայն հայ, այլև վրացի և այլ ազգերի խնդիրների վերաբերյալ` աջակցելով նրանց կրթության զարգացմանն ու սոցիալական պայմանների բարելավմանը. «Նրանք միայն իրենց համար չէին ապրում, այլև իրենց կողքին գործող հանրության կյանքով ու դժվարություններով. իրողություն, որ գալիս է նրանց քրիստոնեական և մարդասիրական խոր դաստիարակությունից»,-նշում է հեղինակը:

Ի դեպ, օրեր առաջ Սերգո Երիցյանի 60-ամյա հոբելյանն էր և գրքի լույսընծայումը հեղինակն համարում է յուրահատուկ նվեր ինչպես իր, այնպես էլ իր մերձավորների, գործընկերների և բոլոր նրանց համար, ովքեր հատաքրքրված են հայ ժողովրդի արժեքներով ու անցյալից քաղած դասերով:

«Նա աշխատում է ամենուր, բոլորիս համար և կարևորը` իր վրա, սկզբունքային մարդ է և պատասխանատու դասախոս` լրագրողների տարբեր սերունդներ կրթելիս»,-շնորհավորելով գրքի լույսընծայման առթիվ` նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Սերգո Երիցյանին պարգևատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով:

Ռեկտորն անդրադարձավ նաև Սերգո Երիցյանի լրագրողական և դասախոսական բազմամյա գործունեությանը և ընդգծեց, որ շատ դժվար էր Ռուսաստանի լրագրողական փայլուն դպրոցն ավարտելուց հետո թողնել մասնագիտական հզոր դաշտը, ուժ գտնել և վերադառնալ ու հայրենիքում հարթել լրագրողական ուղին:

«Աստվածահաճո այս գործը սկիզբ է առել Թիֆլիսից, ավարտվել Հայաստանի տպարաններում, որ նորից վերադառնա Թիֆլիս: Այն տեղիք է տալիս մտածելու, որ պետք է հիշել անցյալը և մտածել`այն, ինչ հզոր է, պետք է անել հայրենիքում»,- նշեց վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և վստահեցրեց, որ վիրահայերը լավ են ճանաչում Սերգո Երիցյանին, ում գործն արժանի է գնահատանքի. նա նոր կյանք է տալիս թիֆլիսահայ գործիչներին:

Հոբելյանական ցերեկույթի և գրքի շնորհանդեսի ընթացքում Սերգո Երիցյանին շնորհավորեցին ընկերները, բարեկամները` ներկայացնելով հուշեր, պատառիկներ նրա ստեղծագործական և մասնագիտական անցած ուղուց:

«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նրա անունն առաջատար լրագրողների լավագույն օրինակներից է: Նա աննկարագրելի աշխատասեր է, ինչը վառ օրինակ պետք է լինի իր ուսանողների համար»,-նշեց ՀՀ ԱԺ նախագահ Մարգարիտ Եսայանն ու անդրադառնալով իրենց 45-ամյա ընկերությանը` վստահեցրեց` Սերգո Երիցյանը լավ ընկեր է:

Սերգո Երիցյանի վաղեմի ընկերներից է նաև ՀՊՄՀ-ի Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը, ով գործընկերոջը բնորոշեց ֆրանսիացի փիլիսոփաներին մեջբերելով. «Մարդն իր ծննդյան օրից չկայացած, կիսատ, բայցև կատարելագործվող պրոեկտ է` միտված ապագային: Խելացիները գիտեն, որ մահկանացուներիս մեջ կատարյալները չկան, բայց իմաստությանը մոտ կանգնած մարդիկ վստահ են` ամեն վայրկյան կատարելագործվելու համար են. Սերգո Երիցյանն այդ օրինակներից է»:

1992-ից սկիզբ առնող նրանց գործընկերության ընթացքում Հովհաննես Հովահաննիսյաին մշտապես զարմացրել են պրոֆեսոր Երիցյանի` աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը, ստեղծագործական անվերջ որոնումներն ու բացառիկ աշխատասիրությունը. «Նա հաղթահարեց շատերի համար անհաղթահարելի թվացող փորձությունը` պաշտոնը, մնաց հասանելի ու մատչելի բոլոր ժամանակներում և բոլորի համար»,-հավելեց նա:

Ձեռնարկի ավարտին ելույթ ունեցավ նաև պրոֆեսոր Սերգո Երիցյանը և շնորհակալություն հայտնեց գրքի պատրաստմանն առնչվող մարդկանց` ընդգծելով, որ գրքի երկունքը նման էր նեկտար հավաքելուն` գնացել ենք բացառապես նոր տեղեկատվություն գտնելու ճանապարհով:

Բարձր գնահատելով վիրահայոց թեմի աշխատանքը` Սերգո Երիցյանն իր պարտքն է համարում ամեն տարի Թիֆլիս գնալ նոր գրքով ու ֆիլմով. «Վերջին տարիներին ինձ հետաքրքրում է թիֆլիսյան ազնվականության կյանքը հատկապես այն դասերի առումով, որ նրանք կարող են մեզ տալ` ինչպես են իրենց ունեցվածքը ծառայեցրել ժողովրդին, կրթությանը, ժողովրդին ու մշակույթին: Նրանք շարունակում են հայ ազնվականական խավի գործունեությունը, բայց մեկ տարբերությամբ` գերդաստանով` 50-ից ավել ականավոր գործիչներ` վաճառականներ, գիտնականներ, արվեստագետներ. Թամամշյանցների գործը պետք է օրինակ լինի հայ գործարարների և բարերարների համար»,-նշեց պրոֆեսորն ու հավելեց, որ գրքի լույսընծայմամբ նպատակ է ունեցել հանրությանը ներկայացնել այդ գերդաստանի մարդկային լավագույն գծերի ներկապնակը:

Ամփոփելով 60 տարիների սեփական գործունեությունը` Սերգո Երիցյանը նկատեց. «Մասնագիտություն ընտրելիս փորձել եմ հասնել դրա վարպետությանը, պաշտոն զբաղեցնելիս եղել եմ պարտաճանաչ, նվիրված, սիրել և գնահատել եմ ճշտապահությունն ու տվածս խոստումը իրականացնելը»,-նշեց պրոֆեսորն ու ևս մեկ անգամ կրկնեց ներկաներին քաջածանոթ իր կարևորագույն խոստումը` հեռուստալրագրությունը նման է հավերժական սիրո, որից անհնար է բաժանվել: