ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թանգարանի աշխատակիցը՝ մարքեթինգային ռազմավարության դասընթաց-վարժանքի մասնակից
25.02.2016
Թանգարանի աշխատակիցը՝ մարքեթինգային ռազմավարության դասընթաց-վարժանքի մասնակից

Փետրվարի 22-23-ը ՀՊՄՀ թանգարանի ավագ գիտաշխատող Մարիաննա Մանուչարյանը մասնակցեց Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար Թանգարանային կրթության կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի կազմակերպած «Թանգարանի մարքեթինգային ռազմավարության իրականացման գործնական քայլեր» խորագրով երկօրյա դասընթաց-վարժանքին:

Դասընթացը վարում էր ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի խորհրդի անդամ, Ամստերդամի թանգարաններին մարքեթինգային խորհրդատվություն տրամադրող հիմնադրամի տնօրեն Բյորն Սթենվերսը:

Դասընթաց-վարժանքի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել թանգարանների կարճաժամկետ և երկարաժամկետ մարքեթինգային ռազմավարություն կազմելու հմտություններին ու կառավարման առավել արդյունավետ մեթոդներին: Դասընթացի ընթացքում փորձագետը ներկայացրեց տարբեր երկրների թանգարաններում հաջողությամբ կիրառված մարքեթինգային ծրագրերի տեղայնացման հնարավորությունները, ինչպես նաև քննարկվեցինմասնակիցների կողմից առաջադրված խնդիրներն ու առաջարկվեցին լուծման արդյունավետ տարբերակներ:

Դասընթացին մասնակցում էին մասնագետներ Հայաստանի ավելի քան 20 թանգարանից: Հետագայում ծրագրի արդյունավետությունը պարզելու նպատակով յուրաքանչյուր թանգարան պետք է ներկայացնի այն ծրագրերը, որոնք կիրականացվեն դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքների հիման վրա: