ՀՊՄՀ Պատմության թանգարանը միացավ Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։
Ամենամյա տոնը նշվում է մայիսի 18-ին աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն»․ այն մեկ անգամ ևս վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում:
ՀՊՄՀ պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը նկատում է՝ ներկայում և ապագայում կայունություն և բարեկեցություն ապահովելու համար պետք է ծանոթ լինել անցյալի էջերին․ առաջնորդվելով այս մտայնությամբ՝ բուհի թանգարանում կգործի երեք ցուցադրություն՝ «Պատմությունը ժամանակակիցների աչքերով», «Հավերժական Աբովյանը», «Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին»։
Պրոռեկտորը պատահական չհամարեց, որ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հետ համատեղ ցուցադրության է ներկայացված գրողի կյանքի և գործունեության վերաբերյալ հարուստ նյութեր․ ընթացիկ տարում նշվում է Խաչատուր Աբովյանի անհետացման 175 և բուհի՝ Մեծ Լուսավորչի անունով անվանակոչելու 75-ամյակը։
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, որը նաև ՀՊՄՀ շրջանավարտ է, կարևորեց ձեռնարկը՝ ընդգծելով, որ համատեղ ցուցադրությունը երկու կառույցների միջև անքակտելի գործընկերային կապն ամրապնդելու ևս մեկ առիթ է։
Թանգարանի տնօրենը նկատում է՝ ցուցադրությունն իր մեջ կրում է մանկավարժի անմահացման խորհուրդը․ ուշագրավ է հատկապես Խաչատուր Աբովյանի անհետացման իրադարձություններին վերաբերող նյութերը։
Սյուզաննա Խոջամիրյանը Աբովյանի շունչը զգալու համար ներկաներին հորդորեց հաճախ այցելել Մեծ Լուսավորչի տուն-թանգարան, իսկ բուհի ղեկավարությանն առաջարկեց վերականգնել այնտեղ Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման արարողության անցկացման ավանդույթը։
ՀՊՄՀ Պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը, կարևորելով արդյունավետ համագործակցությունը, Սյուզաննա Խոջամիրյանին հանձնեց ՀՊՄՀ դոցենտ Աշոտ Աջամօղլյանի հեղինակած «Վերելք Արարատ» գիրքը և համանուն արխիվային կարևոր փաստաթղթեր։
«Հաճելի է վերադառնալ այն կրթօջախը, որտեղ անցել են ուսումնառության տարիները։ Երկու կառույցները երկարամյա և բազմապրոֆիլ համագործակցության լավ փորձ ունեն։ Ուրախ եմ, որ այսօր էլ բուհի շրջանավարտներից շատերը համալրում են մեր աշխատակիցների շարքերը»,-իր խոսքում նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Արտավազդ Զաքյանը։
Բանախոսը վերջին իրողությունների համատեքստում կարևորեց «Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին» խորագրով ցուցադրությունը, ընդգծելով՝ այն կօգնի նորովի ճանաչել, սիրել և գնահատել հայկական պատմամշակութային ժառանգությունը։
Այդ հարցում ցուցահանդեսի մասնակիցներին օգնեց ՀՊՄՀ պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը՝ մանրամասնելով թեմայի վերաբերյալ մի շարք իրողություններ։
Պրոֆեսորը Թանգարանների միջազգային օրն իրական տոն է համարում բոլոր նրանց համար, ովքեր սիրում և այցելում են թանգարաններ։
Լիահույս է՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատմությունն ու ճարտարապետական հորինվածքների մեկնաբանությունները կօգնեն սիրել և փայփայել փոքրիկ Հայաստանի հուշարձանները։
Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ՀՊՄՀ թանգարանը բաց կլինի մինչև 18․00-ն։