ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թանգարանների միջազգային օրը` ՀՊՄՀ թանգարանում
18.05.2022
Թանգարանների միջազգային օրը` ՀՊՄՀ թանգարանում

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է․ այդ առթիվ կազմակերպվող միջոցառումներին ավանդաբար միանում է նաև ՀՀ բուհական միակ՝ ՀՊՄՀ Պատմության թանգարանը:

Այս տարի Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն, շարունակական կրթություն համատեքստում։

Անմասն չմնալով տոնական միջոցառումներից՝ ՀՊՄՀ թանգարանը կրտսեր այցելուներին ներկայացրեց միջին դպրոցական տարիքի սովորողների համար նախատեսված «Ընտրում ենք մասնագիտություն» կրթական նոր ծրագիրը։

Մայրաքաղաքի մի շարք դպրոցներից բուհում հյուրընկալված աշակերտները մասնակցեցին ինտերակտիվ խաղին, ծանոթացան ՀՊՄՀ-ի մասնագիտություններին, ապա բանալի բառերի միջոցով գործնականում ներկայացրին սովորածը։

Գիտական թանգարանի այցելուները հնարավորություն ունեցան նաև դիտելու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի՝ «Քրիստոնյա Հայաստանս» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը։

«Թանգարանների ուժը» խորագիրը կրող ձեռնարկի շրջանակներում ներկայացված էր նաև «Հայաստանի միջնադարյան հուշարձանները» թեմայով վիրտուալ ցուցադրությունը՝ Հայաստանի ճարտարապետական համալիրների և գլուխգործոցների մասին։

ՀՊՄՀ գիտական գրադարանում մայիսի 18-31-ը կգործի նաև ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Բաբախանյանի անձնական հավաքածուից ներկայացված «Աշխարհի թանգարանները նամականիշներում» և «Էջմիածնի գանձերը» նամականիշների ցուցադրությունը։

Ի դեպ, ՀՊՄՀ-ի Թանգարանագիտության բաժնի ուսանողները կամավոր սկզբունքով մայրաքաղաքի որոշ թանգարաններում մինչև կեսգիշեր կաջակցեն «Թանգարանային գիշեր» միջոցառմանը` այցելուներին ներկայացնելով թանգարանների կարևոր դերն ու նշանակությունը։

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ:

Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: