ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցում այսօր տոն էր․ 1բ «Աստղիկներ» դասարանի սաները նշում էին Այբբենարանին նվիրված ավարտական հանդեսն ու տառաճանաչության տոնը։ Այն «մեկնարկեց» «Զվարթնոց» օդանավակայանում։ Մոսկվայից, Նյու Յորքից, Փարիզից, Ֆրանկֆուրտից «հայրենիք ժամանած» փոքրիկները, որ նույն դասարանի սաներն են, մեր երկրում են՝ մասնակցելու «Հայի լեզուն հայերենն է, իսկ տունը՝ Հայաստանը» խորագրով գիտաժողովին։
«Տատիկս ասում էր, որ օտար երկրներում ապրող հայերն ամենաշատը սիրում են մեր Արարատը։ Արարատի մասին խոսեք: Նրանք կարծես չեն հասկանում․այդ դեպքում էլ ի՞նչ գիտաժողով, եթե նրանք անգամ հայերեն չգիտեն։ Բա որ հայեր են, ինչու՞ հայերեն չեն խոսում, հայերեն չեն հասկանում․ նման հայ կլինի՞»,- հերթով զարմացան սաներն ու տխրությամբ նկատեցին՝ նրանք ապրում են Հայաստանից դուրս, օտար միջավայրում, խոսում են օտար լեզուներով:
Հիմնական դպրոցի սաները , սակայն, որոշեցին չընկրկել․ հայ մանուկները անպայման պիտի խոսեն հայերեն․չէ՞ որ ազգի պահողն ու իրար միացնողը լեզուն է, հավատը:
1բ սաներին, որ որոշել էին Այբբենարանի միջոցով գրաճանաչ դարձնել սփյուռքից ժամանած փոքրիկներին, հիասթափություն էր սպասվում․ գրքից անհետացել էին մեսրոպյան տառերը․«Ես ստեղծեցի գրերը հայոց, որ ունենա հայը դպրոց, որ չձուլվի նա օտարին, որ արարի ու հավերժի: Սակայն դուք, սիրելի երեխաներ, սկսել եք օտար լեզուն սիրել ավելի, քան ձերը, օտարի գիրը պաշտել՝ մոռանալով հայոց լեզուն: Ուրեմն դրանք այլև պետք չեն ձեզ։ Ես որոշեցի հեռացնել իմ տառերը ձեզնից»,- երեխաների ականջին հնչեց Մաշտոցի ձայնը։
Աշակերտների հարցերին, թե ի՞նչ անեն, որտե՞ղ գտնեն հայոց գրերը, ինչպե՞ս տուն բերեն՝ հայերի առաջին ուսուցիչն ուղղորդեց դեպի սեգ լեռների գագաթներ, գետերի անարատ ակունքներ ու հայանուն քաղաքներ։ Նա նաև հորդորեց վերադառնալ արմատներին, համոզել հայոց տառերին, որ նրանք պետք են իրենց։
Գիտակցումը, որ հայ դարձնելը թեպետ հեշտ չէ, սակայն մեծ ցանկության շնորհիվ, փոքրիկներին հաջողվեց համոզել գետերին, լեռներին և քաղաքներին հետ վերադարձնել տառերն և խոստացան՝ չեն խոսի օտար լեզվով, չեն դավաճանի մայր լեզվին և հայրենի տանը, կպահեն լեզուն, այն կդարձնեն անաղարտ և չեն դառնա օտար խոսքերին գերի․«Հայոց Այբուբենը կախարդական դռան բանալին է, այն դռան, որ բացելով կսկսենք քայլել դեպի մեր մեծ երազանք տանող ճանապարհով։ Կվերակագնենք մեր մեծ տունը, մեր ամբողջական հայրենիքը, Մեծ Հայքը»,-որպես ամփոփում նշեցին աբովյանականներն։
ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհավորեց աշակերտներին գրաճանաչ լինելու, իսկ դասվարին՝ նման միջոցառում կազմակերպելու համար։ Լեզուն և հայրենիքը սիրելու գործում Նաիրա Տողանյանը կարևորեց ու բարձր գնահատեց դասվար Տաթևիկ Աբրահամյանի դերը, որն իր գործով փորձում է սաների մեջ սերմանել հայրենասիրությունը․ «Մենք գործ ունենք սրբության հետ․ մեր այբուբենը սուրբ է և այն պետք է տանենք մեզ հետ։ Մեր դպրոցի սաներն այսօրվանից այդ դժվարին գործի կրողներն են դառնում, իսկ այդ գործում չափազանց մեծ է նաև մեր նվիրյալ դասվարների դերը։ Նրանց շնորհիվ երեխաները կարճ ժամանակում, կարծես մի հրաշքով, դառնում են տառաճանաչ»։
Վաստակաշատ մանկավարժ Տաթևիկ Աբրահամյանն էլ նկատում է` «Հրաժեշտ Այբբենարանին» տոնը տոն է բոլորի՝ և՛ մեծերի, և՛ փոքրերի համար: Փոքրերն ուրախանում են, որ դարձել են տառաճանաչ, կարող են ինքնուրույն գրել ու կարդալ, իսկ մեծերը մանկանում են՝ հիշելով իրենց դպրոցական տարիները, առաջին դասագիրքը․ «Այբբենարանին հրաժեշտ տալով մենք պարտավորվում ենք անարատ պահել հայոց լեզուն, հնարավորինս վերացնել օտար բառերը, որոնք ցավոք սրտի շատ ենք գործածում: Աշխարհասփյուռ հայերին էլ կոչ ենք անում չմոռանալ, որ հայի լեզուն հայերենն է»,-ամփոփեց դասվարը: