ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տարեց և ճկված բարդիները վտանգավոր են. ահազանգ
15.03.2021
Տարեց և ճկված բարդիները վտանգավոր են. ահազանգ

Մանկավարժական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակային տարածքում կան երկարամյա բարդիներ։

Տարիների ընթացքում դրանցից 5-ը, որոնք ունեն մինչև 17 մետր բարձրություն, չորացել են, թեքվել և իրական վտանգ են ներկայացնում անբարենպաստ և քամոտ եղանակին։ Բացի դրանից, դրանք այնքան են տարածել իրենց արմատները, որ վնասել են նաև եզրաքարերը։

ՀՊՄՀ Տնտեսական վարչության պետ Վլադիմիր Մշեցյանն www.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան՝ ակնկալելով համապատասխան ստորաբաժանումների արձագանքը.«Կամ թող առաջարկեն լուծում, կամ թույլատրեն օրինական ճանապարհով հատել ծառերը։ Մեր բոլոր դիմումները մնացել են անպատասխան, իսկ ծառերը շարունակում են վտանգ ներկայացնել։ Վերջերս ուժեղ քամու հետևանքով չորացած բարդիներից մեկը կոտրվեց և ընկավ մեքենաների համար նախատեսված կայանատեղիում․ բարեբախտաբար այս անգամ վնասներ չկրեցինք»,-նշեց Վլադիմիր Մշեցյանն ու հավելեց՝ խնդիրն անհետաձգելի է և բուհի ղեկավարությունը նորից է դիմում Քաղաքապետարան։

Նշենք, որ Մանկավարժական համալսարանում դասապրոցեսն այս պահին իրականացվում է հիմնականում առկա ձևաչափով, ինչը ենթադրում է բուհի տարածքում ուսանողների առկայություն, իսկ բակի այդ հատվածում՝ կայանված մեքենաներ։ Բուհի ղեկավարությունն անհանգստացած է , որ չորացած և թեքված բարձրահասակ բարդիները կարող են կոտրվել ցանկացած պահի՝ պատճառելով նյութական և մարդկային վնասներ։