Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու պրոռեկտորները տարեվերջյան հանդիպում ունեցան բուհի Ուսանողական խորհրդի անդամների հետ, որի նպատակն էր ուսանողների հետ քննարկել տարվա ձեռքբերումները, խնդիրներն ու նրանց հուզող այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում ուսանողներն անդրադարձան բուհում վերջերս ներդրված էլեկտրոնային կրթական նոր հարթակին՝ Google Classroom-ին, խոսեցին համակարգի առավելությունների և դժվարությունների մասին:
Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ եվրոպական և ամերիկյան համալսարանում առցանց ուսուցման համակարգը ներդրվել է շուրջ 15 տարի առաջ և սկզբնական շրջանում ևս ունեցել որոշ խնդիրներ.«Յուրաքանչյուր նոր կրթական համակարգ պետք է հարմարեցվի ազգային, տեղական կրթական համակարգին և նրա առանձնահատկություններին, որից հետո միայն այն կունենա դրական արդյունք»,-ընդգծեց ռեկտորը:
Հանդիպման ընթացքում ուսանողներն անդրադարձան նաև «Ամառային դպրոց» ծրագրին: Ռուբեն Միրզախանյանը խոսելով միջազգային համագործակցության, «Ամառային դպրոց»-ի, ուսանողների փոխանակային ծրագրերի մասին՝ ընդգծեց, որ հիմնական խնդիրը շարունակում է մնալ օտար լեզուների իմացությունը. «Ոչինչ այնպես չի ստիպի մարդուն սովորել օտար լեզու, որքան անհրաժեշտությունը: Մայրենի լեզուն պետք է իմանալ գերազանց, սակայն այս դարաշրջանում առանց օտար լեզվի իմացության ևս դժվար է: Անկախ մասնագիտությունից՝ օտար լեզվի իմացությունն անհրաժեշտ է. այն պետք է նաև լավ մասնագետ դառնալու համար»,- ասաց Ռուբեն Միրզախանյանը:
Խոսելով համալսարան-գործատու համագործակցության մասին՝ ռեկտորը նկատեց, որ այսօր մի կողմից գործազրկություն է, սակայն մյուս կողմից էլ աշխատաշուկան լավ մասնագետների պահանջարկ ունի: Բուհի վարկանիշի բարձրացման մասին խոսելիս էլ Ռուբեն Միրզախանյանն ուսանողներին հորդորեց ամեն ինչ անել բուհի վարկանիշը պահելու և այն բարձրացնելու գործում:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին ընդունելության և մտեմիկ զրույցի համար` բարձր գնահատելով բուհի կողմից իրականացվող ուսանողակենտրոն քաղաքականությունը՝ ի դեմս ռեկտորի:
Հանդիպման ավարտին Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստառեժիսուրա բաժնի ուսանողներ Արթուր Հովհաննիսյանին և Հրագ Քեշիշյանին հանձնվեց ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ՝ առաջնագծում մասնագիտական գործունեություն ծավալելու համար:
Ռուբեն Սևակի անվան ամենամյա մրցանակն էլ այս տարի հանձնվեց Օտար լեզուների ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն բաժնի ուսանողուհի Էլեն Ավետիսյանին և ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի /ավագ դպրոց/ 12-րդ դասարանի աշակերտուհի Նանե Պետրոսյանցին:
Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: