ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տարեվերջյան հանդիպում ՀՊՄՀ-ի ուսանողների հետ
25.12.2019
Տարեվերջյան հանդիպում ՀՊՄՀ-ի ուսանողների հետ

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հանդիպեց բուհի Ուսանողական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու անցնող տարվա ձեռքբերումները, ինչպես նաև լսել ուսումնական գործընթացի վերաբերյալ նրանց մոտեցումները, տեսակետներն ու առաջարկները: 

Նախ 2019-ի «Լավագույն ուսանող» Տաթև Արշակյանը ֆակուլտետային լավագույն ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց  Արևմտյան Հայաստան մեկնելու հնարավորությամբ պարգևատրելու համար, ապա ուսանողները ներկայացրին  իրենց մտահոգությունները, հանդես եկան  կրթական գործընթացին վերաբերող առաջարկներով։

Անդրադառնալով պրակտիկայի կազմակերպմանը՝ ուսանողներն առաջարկեցին թույլատրել պրակտիկայի թղթապանակը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ խնայելով թուղթն ու գումարը, իսկ 1-ին և 2-րդ կուրսերի պրակտիկայի ընթացքում իրականացնել մագիստրոսական թեզի հետազոտությունը՝ ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով։

Հնչեցին հարցեր նաև բուհում դասավանդվող օտար լեզուների մասին հասարակությանն իրազեկելու, բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի և պատմության կամընտրության, ուսանողական կրեդիտների և այլ խնդիրների վերաբերյալ:

Ռեկտորը վստահեցրեց, որ պրակտիկայի թղթապանակը էլեկտրոնային ձևաչափով ներկայացնելու առաջարկը կքննարկվի պրակտիկայի կենտրոնի ղեկավարի հետ, իսկ մագիստրոսական թեզի հարցի վերաբերյալ ռեկտորն ասաց, որ կան բազային կրթությամբ այլ բուհերից եկած ուսանողներ, որոնք անպայման պետք է մանկավարժական պրակտիկա անցնեն․ բովանդակային տեսանկյունից նրանց համար նախատեսված պրակտիկայի կազմակերպումն արդարացված է:

Պատասխանելով ուսանողների՝ քիչ թվով դիմորդներ ունեցող բաժինները համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցին՝ ռեկտորն ընդգծեց, որ դրա համար պետք է բարձրացնել ուսման որակը, և արդար չէ այն փաստը, որ նույն վկայականներն ստանում են թե՛ սովորող, թե՛ չսովորող ուսանողները: Ռեկտորը հավելեց նաև, որ տարբեր միջոցներով՝ բուհի «Հաջողության բանաձև» հաղորդաշարի, ռադիո Ֆամայի և պաշտոնաթերթի հրապարակումներով իրականացվում է քարոզչություն համալսարանի մասնագիտությունների մասին, սակայն քարոզչության բացառիկ դերը վերապահված է ուսանողներին: Ռեկտորը խոսեց նաև դասախոսների ցածր աշխատավարձի մասին, որն ուղղակիորեն կապվում է նաև որակի խնդրի հետ. բարձր վարձատրվող դասախոսն ավելի լավ կաշխատի: Բուհի ղեկավարը վստահեցրեց, որ միշտ աշխատում են բուհը համալրել լավագույն մասնագետներով՝ անկախ տարիքից, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների և ուսուցման ավանդական մեթոդների կիրառման վերաբերյալ հարցին ռեկտորը պատասխանեց՝ դրանք պետք է հմտորեն զուգակցել: Ուսանողների հետ քննարկելով դասավանդման արդյունավետությանն ու բովանդակային խնդիրներին վերաբերող հարցերը՝ Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ ուսանողը պետք է հնարավորություն ունենա ընտրելու լավ դասախոսի․ նրան, ով շատ գիտելիք է տալիս, ոչ թե հեշտ նշանակում:

«Բարձրագույն կրթության օրենքի նոր նախագծով ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի և պատմության ոչ պարտադիր լինելու հարցին չի կարելի միանշանակ պատասխանել»,-նշեց ռեկտորը և հավելեց, որ պետք է նոր ծրագրեր մշակել՝ հաշվի առնելով ուսանողների կարծիքը:

Հանդիպման ավարտին բուհի ղեկավարը ներկաներին շնորհավորեց գալիք տոների առթիվ և հանդիպման մասնակիցներին նվիրեց իր հեղինակած «Իմպրեսիոնիզմ․ նկարիչ հայեր» գիրքը։