Մանկավարժական համալսարանում կայացավ միջազգային գիտագործնական գիտաժողով, որը նախաձեռնել էր Արտասահմանյան գրականության ամբիոնը։
Ձեռնարկն անցկացվում էր 17-րդ անգամ, խառը՝ առցանց և առերես ձևաչափով․ մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ-ի և Ուկրաինայի առաջատար բուհերի դասավանդողներ, մագիստրոսներ։
Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը կարևորեց ավանդական դարձած գիտաժողովն ու փաստը, որ գեղարվեստական տեքստի և ռուս գրականության հանդեպ հետաքրքրությունը չի մարել։
Տիգրան Միքայելյանը, որ ծանոթացել է գիտաժողովի նյութերի ժողովածուին, նկատեց՝ թեմաները հետաքրքիր և ուսուցանող են։ Նա բարձր գնահատեց Արտասահանյան գրականության ամբիոնի նախաձեռնությունը․ որակյալ մասնագետներով հարուստ, բայց ընդամենը 24 տարվա պատմություն ունեցող երիտասարդ ամբիոնում արդենիսկ կան ձևավորված ավանդույթներ, ինչի լավագույն ապացույցը գիտական այս ձեռնարկն է։
Գիտաժողովում ներկայացվեցին համաշխարհային գրականության տարատեսակ խնդիրներ, անդրադաձ եղավ պատմական ասպեկտների, գրական կապերի և թարգմանությանն առնչվող հարցերի, որոնց վերլուծության շրջանակներում հեղինակները մեջբերեցին նաև նախկինում չհրապարակված տեքստեր։
Բուհի գիտակրթական կյանքում գիտաժողովն արժևորեց նաև ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։ Նա կարևորեց գրականության մի շարք խնդիրներին հայ և արտերկրյա մասնագետների, ուսանղների անդրադարձը։ Նշեց՝ ժողովածուն աչքի է ընկնում գիտականությամբ․ դրանք պետք է հայտնի դառնան ոչ միայն գրականագետներին, այլև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ժամանակակից գրականագիտությամբ․ «Կրթության ոլորտն այսօր լուրջ փոփոխություններ է կրում։ Մենք՝ դասավանդողներս, պետք է նոր մեթոդներով ուսանողներին հնարավորություն տանք պահպանել և ավելացնել հետաքրքրությունը ռուսաց լեզվի և գրականության հանդեպ»,-նշեց պրոռեկտորն ու պատահական չհամարեց, որ գիտաժողովն անցկացվում է Պուշկինի ինստիտուտ կենտրոնում, որտեղ արժևորված են երկու երկների անցյալը, ներկան և ապագան։
Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռուզաննա Թադևոսյանն էլ հետահայաց անդրադարձավ գիտաժողովի նախաձեռնմանն ու նշեց՝ ժամանակի ընթացքում հոդվածից անցում կատարեցին առանձին ժողովածուի հրատարակման, ընդգրկելով նախ հայ, ապա արտասահմանյան գործընկների։
Նա կարևորեց «Առաջին քայլերը գիտության մեջ» և «Պոեզիայի էջեր» խորագրերը։ Մի դեպքում այն հնարավորություն է տալիս ուսանողներին՝ ուժերը փորձելու գիտության բնագավառում, իսկ մյուս դեպքում՝ թարգմանելու հայտնիների գործերը։ Ի դեպ, այս անգամ ժողովածուում ներկայացված էին Բուլատ Օկուջավայի բանաստեղծությունները․ գրողի 100-ամյա հոբելյանը նշվում է այս տարի։
Ծավալվեց գիտական քննարկում, եղավ հարց ու պատասխան։