ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Ավելի լավ կրթություն ավելի լավ ապագայի համար» (BTBF) ծրագրի արդյունքների ամփոփիչ աշխատաժողովին: Հիշեցնենք՝ BTBF ծրագիրն իրականացվել է Ցյուրիխի (Շվեյցարիա) մանկավարժական համալսարանի հետ սերտ համագործակցությամբ: Այն համակարգողներից է նաև Մանկավարժական համալսարանը, որտեղ օրեր առաջ կայացել էր ծրագրի արդյուքների ամփոփիչ համաժողովը՝ մասնակցությամբ Հայաստանի, Շվեյցարիայի, Վրաստանի, Մոլդովայի ներկայացուցիչների, կրթության փորձագետների, ուսուցիչների և դասախոսների:
Թբիլիսիում աշխատաժողովը կայացավ ՀՀ ԿԳՄՍՆ կից Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնում: Կենտրոնի ղեկավար Բերիկա Շուկակիդզեն ընդգծեց ծրագրի կարևորությունն ու հետագա ազդեցությունը վրաց ուսուցիչների համայնքի մասնագիտական որակավորումների բարձրացման վրա, ինչպես նաև կարևորեց դրա ազդեցությունը ուսուցչի մասնագիտությունը ներկայումս ընտրած սովորողների պարագայում: Վստահ են՝ ծրագիրն իր դրական պտուղները կտա մասնակից բոլոր երեք երկրներում:
Աշխատաժողովում ներկայացվեցին նաև ծրագրի վերաբերյալ վրացական կողմի արդյունքները, կատարվեց վերջնարդյունքների հետ կապված գնահատում, ինչպես նաև ուրվագծվեցին ապագային միտված հետագա անելիքները:
ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը «Ավելի լավ կրթություն ավելի լավ ապագայի համար» ծրագրի կարևորությունն ընդգծեց ինչպես Հայաստանի կրթական համակարգի արդիականացման, այնպես էլ Վրաստանի և Մոլդովայի հետ առավել ամուր կապերի ստեղծման գործընթացում: Մարիաննա Հարությունյանը նկատեց՝ ծրագիրը ոչ միայն խթանեց միջազգային համագործակցությանը, այլև ստեղծեց բարձր չափանիշներ նոր սերնդի ուսուցիչների վերապատրաստման գործընթացում, ինչպես նաև նոր համատեղ ծրագրեր սկսելու հնարավորություն տվեց։
Ծրագրի փորձագետ, ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը փաստում է՝ ծրագիրը բերեց շոշափելի վերջնարդյունքներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով այն նորարարական մոտեցումներին, որոնք ներմուծվեցին կրթական գործընթացում։ Նա նաև առանձնակի կարևորեց համատեղ աշխատանքում փոխհարստացումը՝ նշելով՝ համագործակցության արդյունքում ոչ միայն մասնակիցները հարստացան նոր գիտելիքներով և հմտություններով. ծրագրի դասընթացավարները ևս ձեռք բերեցին նոր փորձ և տեսլական։
Թբիլիսում կայացած աշխատաժողովում անդրադարձ եղավ նաև ծրագրի ներառականության հատվածին. երեք երկրներում հնարավորություն տրվեց յուրաքանչյուր մասնակցի ներգրավվելու և ուսուցման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու: Ներկաները նաև ընդգծեցին՝ ծրագիրը նպաստեց նորարարական մեթոդների կիրառմանն ու կրթական համակարգում համագործակցության նոր մշակույթի ձևավորմանը: Վստահ են՝ այս փորձը շարունակական զարգացումների համար կարևոր հիմք է, որի վրա ներկայումս մշակվում են հետագա համագործակցության քայլերն ու ծրագրային դրույթները։