ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեղեկատվական օրեր՝ Էրազմուս +-ի շրջանակներում
17.11.2023
Տեղեկատվական օրեր՝ Էրազմուս +-ի շրջանակներում

Մանկավարժական համալսարանում կայացավ «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումը։

Ձեռնարկի նպատակն էր ներկայացնել ՀՀ հաստատությունների համար Էրազմուս+ ծրագրի գործողությունները, այդ շրջանակներում հաջողած նախագծերը, հրապարակել առաջիկայում մեկնարկող Էրազմուս+ 2024 թվականի առաջարկների մրցույթի նորությունները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ու նշեց՝ միջազգայնացումը բուհի ռազմավարական հիմնական ուղղություններից է․ շարունակում են հավատարիմ մնալ միջազգայնացման հավակնոտ նպատակներին։

Նա այդ համատեքստում կարևորեց նոր համագործակցությունները, եղածների ընդլայնումն ու ամրապնդումը Եվրամիության երկների հետ՝ տարբեր ոլորտներում հետազոտություններ իրականացնելու, կրթական և զարգացման բաղադրիչներն ամրապնդելու և ուժեղացնելու հնարավորությունները։

Սրբուհի Գևորգյանը, խոսելով եվրոպական համագործակցությունների մասին, անգնահատելի համարեց Էրազմուս ծրագրի դերն ու կարևորությունը, որը հնարավորություն է տալիս զարգացնելու կարողություններն ու մասնագիտական հենքը, լավագույն փորձը մեր երկիր բերելու։ Նա հավելեց՝ Մանկավարժականը 2012 թվականից ակտիվ ներգրավված է միջազգայնացման գործընթացներում, իրականացրել է մի շարք միջազգային ուսանողական ծրագրեր, Tempus նախագծեր, ինչպես նաև Էրազմուս + ուսանողների և անձնակազմի փոխանակման և կարողությունների զարգացման ծրագրեր։

Ռեկտորը հիշեցրեց՝ 2016 թվականից Մանկավարժականը նաև Էրազմուս + ծրագրի համակարգող բուհ է։ Բուհի ղեկավարը վստահեցրեց՝ այսօր էլ պատրաստ են մեծ պատասխանատվությամբ իրագործել «T4GREEN» ծրագրի համակարգումը, որը միտված է Հայաստանում և Մոլդովայում ուսուցիչների կրթության բարեփոխմանը, հանրակրթության ոլորտում ավանդականից ապագային միտված ուսումնական ծրագրերին անցում կատարելուն՝ աջակցելով դասավանդման մեթոդներին, ազգային նպատակների իրագործմանը, «կանաչ» և թվային ուսուցմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը 3 տարի է՝ ապրում է Հայաստանում, բայց դեռ չի հասցրել տիրապետել հայրերենին։ Նկատում է՝ սկսել է հասկանալ այն ուսանողներին, որոնք Էրազմուս+ ծրագրի շրջանակում ուսանելով արտերկրում, չեն տիրապետում տվյալ երկրի լեզվին։
Իր համար մեծ պատիվ է համարում ներկա գտնվել միջոցառմանը՝ ընդգծելով, որ Էրազմուս+ -ը Եվրոպական միության կարևորագույն ծրագրերից մեկն է․ դա է փաստում նաև տարեցտարի աճող ֆինանսական ներդրումը։

Նա ներկայացրեց ներառական, թվային, «կանաչ» ծրագրերը և հույս հայտնեց, որ ներկաները կօգտվեն ընձեռած հնարավորությունից և կիրագործեն ԵՄ-ի գլխավոր նպատակը՝ դիմել հնարավորրինս շատ ծրագրերի։

Ինչպես նկատում է Սիլյա Կասմանը՝ Հայաստանն ունի մեծ հնարավորություններով օժտված դասախոսական և ուսանողական համայնք, որը կարող է ոչ միայն սովորել, այլև կիսվել սեփական փորձառությամբ։

Էրազմուս+ 2023 առաջարկների մրցույթի ընտրության արդյունքները ներկայացրեց Հայաստանում Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։

Նա նշեց, որ ծրագիրն ունի տարբեր գործողություններ, նախագծերը ևս շատ են, իսկ տեղեկատվական օրերը հնարավորություն են տալիս ծանոթանալ դրանց, կազմակերպել քննարկումներ, շփվել, հարցեր տալ, կատարել փորձի փոխանակում ծրագրերի ներկայացուցիչների հետ, խոսել դժվարությունների մասին։

Լանա Կառլովայի կարծիքով՝ հանդիպումը կնպաստի, որ ծրագրի տարբեր գործողությունների իրականացման պոտենցիալն ունեցող բուհերի և քոլեջների ներկայացուցիչները ծանոթանան հաջողված փորձին և առաջիկայում դիմեն ամենատարբեր ուղղություններով կրթական ծրագրերին մասնակցելու համար։

Լանա Կառլովան նկատեց՝ հայաստանյան 30 բուհ ակտիվ մասնակցում է Էրազմուսի ծրագրերին, իրականացնում կրեդիտային շարժունություն, ինչպես նաև կարողությունների զարգացման 12 ծրագիր, որում ևս ընդգկրված են հայաստանյան 19 բուհեր։

«Այդ ծրագրերի շրջանակներում բուհերի և քոլեջների ներկայացուցիչները ծրագրի ողջ ընթացքում լինում են եվրոպական գործընկեր բուհերում, ծանոթանում եվրոպական փորձին, վերապատրաստվում՝ ըստ ծրագրի խնդիրների։ Այդ այցերի արդյունքում է, որ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչները պետք է բարելավեն բակալարիական կամ մագիստրոսական ծրագրերը, համալսարանական մենեջմենթը»,-նշեց Լանա Կառլովան և կարևորեց կրթության ներկայիս փոփոխված առաջնահերթությունների շրջանակում Էրազմուս+-ի ծրագրերին մասնակցությունը։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը միջոցառմանը ներկայացրեց «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում (CBHE)» -ը։

Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ կարևոր է չվախենալ և առաջ շարժվել․ Էրազմուս+ -ը պատուհան է դեպի Եվրոպա, որն օգնում է հզորացնելու ուսանողների և անձնակազմի ներուժը։

Նա նշեց, որ Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում բուհը ներգրավված է 3 նախագծում՝ «KPI4HE», «DESIRE», «T4GREEN»․ վերջինիս դեպքում Մանկավարժականը նաև ծրագրի համակարգողն է։ Այդ ծրագրում ներառվել են 4 ուղղություն՝ ԲՏՃՄ ոլորտ, բնագիտական, օտար լեզուներ, հատուկ և ներառակա կրթություն․ պատրաստ են վերանայել ուսումնական պլանները, դրանք դարձնել ժամանակակից և թվայնացված պահանջներին համահունչ։

Մարիաննա Հարությունյանը մեծ բացթողում համարեց ուսուցիչների կրթության ազգային հայեցակարգի բացակայությունն ու կարևորեց դրա ստեղծման անհրաժեշտությունը՝ նկատելով՝ գիտեն, թե ինչ խնդիրներ կան ուսուցիչների կրթության մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացներում․ «Մեր երկրում և Մոլդովայում կան խնդիրներ, ուսուցիչների պակաս, ուսուցչի մասնագիտության գրավչության վերականգման անհրաժեշտություն։ Ծրագրի նպատակն է բարելավել եղած խնդիրները, որ ապագա սերունդները կարևորեն ուսուցչի մասնագիտությունն ու ցանկանան զբաղվել մանկավարժությամբ։ Այդ առումով կարևոր են մեր մոտեցումները․ ուսումնական պլաններն ու ընթացակարգերը համապատասխանեն ժամանակակից պահանջներին, խոսենք թվայնացված ժամանակակից երեխայի լեզվով»։

Պրոռեկտորը կարծում է, որ փոփոխությունները, որոնց հիմքում դնելու են կանաչ և թվայնացված համաշխարհային մոտեցումները, կամաց-կամաց կամրագրեն բարեփոխումներն ուսուցչի մասնագիտական շրջանակներում, կկարևորեն ուսուցչի դերը՝ երեխաների և հասարակության շրջանում։

Նա հավելեց, որ ծրագրի շրջանակներում կլինեն վերապատրաստումներ, կարողությունների զարգացումներ, մասնագիտական կրթական ծրագրերի փոփոխություններ՝ իրենց վերջնարդյուքներով, մեթոդներով և այլ բաղադրիչներով․«Ծրագրի տևողությունը երեք տարի է․ երկար և դժվարին ճանապարհ ունենք անցնելու, բայց մենք ոգևորված ենք և կհասնենք հաջողության»,-վստահեցրեց Մարիաննա Հարությունյանն ու հավելեց, որ ապագա ուսուցիչներից բացի, ծրագրի շրջանակներում կբարելավվեն նաև գործող ուսուցիչների կարողությունները։

«Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառման շրջանակներում ներակայցվեցին նաև Էրազմուս Մունդուս գործողություններ, Ժան Մոնե գործողություններ, Վիրտուալ փոխանակումներ ԲԿ և երիտասարդության համար, Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրերը։

Ծավալվեց քննարկում, եղավ հարց ու պատասխան։