ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաները տարրական դպրոցում». նոր ձեռնարկ ուսուցիչների և ծնողների համար
18.02.2019
«Տեղեկատվական տեխնոլոգիաները տարրական դպրոցում». նոր ձեռնարկ ուսուցիչների և ծնողների համար

«Մանկության ժամանակակից հիմնախնդիրներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ կախվածության խնդիրն է: Երեխայի գիտակցությունը պետք է հասցնենք նրան, որ համակարգիչ ունենալը իրավունք չէ, այլ արտոնություն, և դրա համար մեծերը կարող են միջամտել դրանից օգտվելու պայմանները սահմանելու գործում»,-նշեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Մանկության հիմնախնդիրներն ուսումնասիրող լաբորատորիայի վարիչ Աիդա Թոփուզյանը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները տարրական դպրոցում» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսի ընթացքում:

Մանկավարժների և ծնողների համար նախատեսված ձեռնարկում հրատարակված է երեխաների՝ համակարգչային կախվածության բացահայտման ուղղությամբ մանկավարժների, ծնողների և երեխաների հետ անցկացված ուսումնասիրությունների վերլուծությունը, որի արդյունքում մշակվել են համացանցային կախվածության բնութագրիչները և դրա ախտորոշման թեստը՝ հայ ընտանիքների առանձնահատկությունների հաշվառմամբ: Սահմանվել են երեխայի համակարգչային և խաղային կախվածության կանխարգելման և կարգավորման սոցիալ-մանկավարժական պայմանները, տրվել դպրոցում ՏՀՏ-ի մանկավարժականացման գործընթացի համակարգման, կառավարման մոդելը, համակարգչային կախվածության կանխարգելմանն ուղղված օրինակելի դասեր, ծնողական ժողովների անցկացման սցենարներ:

Մանկավարժականում կազմակերպված շնորհանդեսին ներկա էին շուրջ 90 դպրոցների ներկայացուցիչներ՝ տնօրեններ, տարրական դպրոցի ուսմասվարներ, դասվարներ, մեթոդմիավորման և ծնողական կոմիտեների նախագահներ:

Պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը խոսեց գրքի կարևորության մասին և վստահեցրեց, որ ուսումնասիրությունն սկսելիս համոզվել են՝ ո´չ ծնողները, ո´չ ուսուցիչները, ոչ էլ գիտնականները չգիտեն, թե ինչպես պետք է չափել տեղեկատվական տեխնոլոգիաներից կախվածությունը, օգնել 21-րդ դարի հիվանդությունը կանխարգելելու համար, որը գնալով պատճառում է նոր հոգսեր: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը սահմանելու գործում Աիդա Թոփուզյանը խորհուրդ տվեց սկսել օրինակի մեթոդից, որը դաստիարակության ամենահզոր մեթոդն է և լռելյայն դաստիարակում է սերունդներ:

«Այն, ինչ սկսվում է դպրոցում, պետք է իր շարունակությունը գտնի տանը, դպրոցն էլ պետք է տեղյակ լինի այն ամենից, ինչն իրականացվել է տանը»,-նշեց պրոֆեսոր Թոփուզյանն ու հույս հայտնեց, որ գիրքը կնպաստի դպրոց-ընտանիք գործընկերային կապի ամրապնդմանը, տարրական դպրոցի հիմնախնդիրներով շահագրգիռ բոլոր մասնագետների մասնագիտական զարգացմանը և ՏՀՏ-ից երեխաների կախվածության կանխարգելմանն ուղղված խմբի բոլոր ջանքերի միավորմանը:

Մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց ձեռնարկի հեղինակներին և ոլորտի ներկայացուցիչներին վստահեցրեց՝ ցանկացած հարցում և իրավիճակում երեխայի դաստիարակությունը չի կարող արդյունավետ լինել, եթե ուսուցիչն ու ծնողը չհամագործակցեն, եթե դպրոցն ու ընտանիքը միմյանց չլրացնեն:

Պրոռեկտորը ներկայացրեց նաև ամերիկյան փորձը՝ ընդգծելով, որ թեև ԱՄՆ-ն տեղեկատվական տեխոնոլոգիաների բազմապիսի օգտագործման ջատագով է, բայց տարրական դպրոցի համար ունեն կոնկրետ սահմանափակումներ. «Բժշկական ոլորտի մասնագետները կոնկրետ հետազոտությունների հիման վրա տարիքային տարբեր խմբերում սահմանափակումները մեկնաբանում են հստակ՝ խոսքի զարգացման, հուզական վերաբերմունքի, մտածողության խաթարումներ, սթրեսներ և տարաբնույթ այլ խնդիրներ»:

Սրբուհի Գևորգյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ժամամակակից երեխան մեծ տեղ է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաներին և վստահեցրեց, որ այդ իրականության մեջ մանկավարժի, հոգեբանի, բժշկի խնդիրը բացարձակ անվտանգ տարածք ապահովելն ու տարբեր տարիքային խմբերում գործընթացը ճիշտ ուղղորդելն է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ևս շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակներին և կոչ արեց, որ ներկաներից յուրաքանչյուրը ձեռնարկի հետ աշխատի իր գործունեության շրջանակներում, իր աշխատանքի տեսանկյունից:

«Հզոր գործ է արված, որի կարիքը մենք զգում ենք մեր ամենօրյա աշխատանքում. դպրոցն ունի մեթոդական աջակցության լուրջ կարիք: Պետք է կենտրոնացնեք ձեր աշխատանքը այս գիտական աշխատանքի շուրջ և ձեր կոլեկտիվներում ոչ միայն քննարկեք, այլև կիրառեք այն»,-նշեց Աննա Ստեփանյանն ու ևս մեկ անգամ կարևորեց ժամանակին զուգահեռ քայլելու ճանապարհին բուհի մշակած գիտական նոր մոտեցումները կիրառելը:

Հանրակրթության վարչության պետը վստահեցրեց՝ սա սկուտեղի վրա մատուցված աշխատանք է, որը չփորձելու, չկիրառելու դեպքում կլինի ոչ պիտանի: Նա ներկաներին հորդորեց տարբեր ձևաչափերով կազմակերպված հանդիպումների ընթացքում ծնողների, ուսուցիչների շրջանում տարածել գիտական այս նոր մոտեցումը, որի արդյունքում կշահի դպրոցը, ուսուցիչը և աշակերտը. «Այսօրվա սերունդը չի պատկերացնում իր առօրյան առանց տեղեկատվական տեխնոլոգիաների. այդ գործում մեծ է դպրոցի դերը»,-հավելեց Աննա Ստեփանյանը:

Գրքի համահեղինակներից Մանկության հիմնախնդիրներն ուսումնասիրող լաբորատորիայի գիտաշխատողներ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Պողոսյանը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բացասական հետևանքներից զերծ պահելու մանկավարժական մի քանի մեթոդների մասին, իսկ Սամվել Ասատրյանն էլ անդրադարձավ համակարգչային կախվածության չափանիշներին, հարցախույզի արդյունքերին և համացանցն առօրյայում կիրառելու աճի միտումներին:

Նշենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաները տարրական դպրոցում» ուսումնամեթոդական ձեռնարկը հեղինակել են Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Մանկության հիմնախնդիրներն ուսումնասիրող լաբորատորիայի վարիչ Աիդա Թոփուզյանը, Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ջուլիետա Գյուլամիրյանը, Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, լաբորատորիայի գիտաշխատող Սամվել Ասատրյանը, դոցենտ, լաբորատորիայի գիտաշխատող Լուսինե Պողոսյանը, լաբորատորիայի հենակետային՝ համար 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանն ու մագիստրոս Մանե Ղազարյանը: