ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Երիտասարդություն և գիտություն. հետազոտությունից մինչև արդյունավետ լուծումներ» խորագրով ուսանողական գիտաժողով:
Գիտաժողովի նպատակն էր ուսանողների, հայցորդների և ասպիրանտների համար ստեղծել պայմաններ և հնարավորություն՝ ներկայացնելու իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, կատարել փորձի փոխանակում, ստանալ փորձագիտական գնահատական և երաշխավորություններ հետագա գիտական աշխատանքների իրականացման համար:
Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը, որին մասնակցում էին գործընկեր բուհերի, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ։ Պրոֆեսոր Պիպոյանն առանձնակի կարևորեց զեկույցների բովանդակությունը․ դրանք չունեն միայն տեսական մաս, այլ հինված են փորձարարական աշխատանքների վրա և առնչվում են մեթոդաբանության հետ։
Ի դեպ, առաջին անգամ գիտաժողովին զեկույցով մասնակցեց 12-ամյա Ալեք Մանվելյանը: Դպրոցից զատ նա համալսարան է հաճախում, քիմիա ուսումնասիրում, ուսանողների հետ դասերին մասնակցում։ Գիտաժողովին նա հանդես եկավ «Հակաալերգիկ քսուկի ստացումը լաբորատոր պայմաններում» խորագրով զեկույցով։ Քսուկ ստեղծելու գաղափարն իրենն է եղել, իսկ փորձարարական գործընթացները ղեկավարել է ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Աշոտ Բաբախանյանը։ Ալեքի զեկույցը հատուկ ոգևորություն առաջացրեց գիտաժողովի մասնակիցների մոտ, նրանք հարցեր ուղղեցին փոքրիկ զեկուցողին, իսկ Սամվել Պիպոյանը կոչ արեց ուսանողներին՝ սովորել Ալեքից զեկույցը հետաքրքիր ներկայացնելու մեթոդաբանություն։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք։
«Գիտաժողովի հետաքրքրական խորագիրը ևս մեկ անգամ հաստատում է, որ կրթությունը չի ավարտվում դպրոցով և համալսարանով, այն շարունակվում է ողջ կյանքի ընթացքում։ Մենք ջանքեր ենք գործադրում, որ ուսանողական գիտական ընկերությունն ակտիվացնի իր գործունեությունը՝ սահուն սերնդափոխություն ապահովելու համար։ Վստահեցնում ենք՝ Մանկավարժականն ավարտելուց հետո էլ մենք պատրաստ ենք ուղղորդել գիտության ճանապարհին, օգնել՝ ձեզ մեր շարքերում տեսնել»,-նշեց պրոռեկտորն ու զեկուցողներին հորդորեց լինել ազատ, վստահ, համարձակ։
Նա ևս մեկ անգամ բուհի ղեկավարության անունից վերահաստատեց՝ շարունակելու են իրականացնել ուսանողակենտրոն քաղաքականություն և հարթակ տրամադրել ուսանողներին։
ՀՊՄՀ պրոռեկտոր, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Նաիրա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Սամվել Պիպոյանին գիտաժողովի կազմակերպման համար։
Պրոռեկտորն ընդգծեց՝ շատ կարևորում է նման միջոցառումները հատկապես այսօր, երբ հանրակրթության մեջ մեծ բարեփոխումներ են տեղի ունենում և նոր չափորոշիչներով նախագծային ուսուցումն է ներդրվում դպրոցում։
«7-րդ դասարանցիներն արդեն չափորոշիչով հետազոտական, նախագծային աշխատանք են կատարում, իսկ մենք վաղվա այդ հետազոտական աշխատանքի ղեկավարներն ենք լինելու»,- պրոռեկտորն այդ տեսանկյունից կարևորեց գիտաժողովն ու փաստեց՝ բակալավրիատի ուսանողների համար սա մի մեծ ճանապարհ է դեպի մագիստրոսական կրթություն և ավելի մեծ հետազոտությամբ զբաղվելու, իսկ դպրոցահասակ սովորողների համար՝ էլ ավելի մեծ հնարավորություն է։ Նաիրա Սաֆարյանը չթաքցրեց՝ աշակերտական տարիքում կերազեր նման միջավայր ու հնարավորություն ունենալու մասին, ուր կկարողանար բավարարել մասնագիտական հետաքրքրությունները։
Գիտաժողովը շարունակվեց մասնակիցների զեկույցներով։ Դրանք վերաբերում էին կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության, էկոլոգիայի, ինչպես նաև բնագիտության ոլորտների, մանկավարժության և դասավանդման մեթոդիկային առնչվող հարցերին։ Զեկույցներն ունեին պարտադիր մեթոդական բաղադրիչ և ներկայացնում էին կոնկրետ հետազոտություններ, առաջադրում լուծումներ։
Գիտաժողովն ուղեկցվեց բուհի շրջանավարտ Բերտա Մարտիրոսյանի՝ «Հայաստանի կենդանական աշխարհը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցադրությամբ։
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին երկու մասնախմբերում, իսկ վերջում մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։