ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թերապիստները Հայաստանի համար
19.05.2020
Թերապիստները Հայաստանի համար

Մայիսի 8-ից մեկնարկել է «Թերապիստները Հայաստանի համար» նախաձեռնությունը։ Դրա շրջանակներում շաբաթը մեկ անգամ Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի էրգոթերապիայի բաժնիդասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները հեռավար հանդիպումներ են ունենում ԱՄՆ Նյու Յորքի Բարձրակարգ Առողջապահական առաջնային խնամքի կազմակերպության և Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոլաիցիայի թերապիստների հետ։

Ֆեյսբուքյան հարթակում նաև ստեղծվել է «Թերապիստները Հայաստանի համար» փակ խումբը, որն արդեն իսկ ունի գրանցված 270 անդամ աշխարհի 5 երկրներից, ԱՄՆ 13 նահանգներից։ Խմբի անդամները էրգոթերապիստներ, ֆիզիոթերապիստներ, լոգոպեդներ, սոցիալական աշխատողներ, հոգեկան խնամքի ոլորտում աշխատող մասնագետներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, բուժքույրեր են և այլն։

Վեբինարների շարքի առաջինի թեման «Աուտիզմ ունեցող երեխայի ծնողի փորձ»-ն էր, որին հաջորդեց «Էրգոթերապիայի հիմնադրումը ԱՄՆ-ում և Հայաստանում»-ը: Հաջորդ շաբաթ խմբի մասնագետները հետևելու են «Լոգոպեդիան ԱՄՆ-ում և Հայաստանում» խորագրով վեբինարին։

Խմբի համահիմնադիր Վիկտորիա Արմինեհ Բաբիկյանը կարծում է, որ շատ կարևոր է ունենալ խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից, որպեսզի խմբի անդամները իրազեկ լինեն աշխարհի տարբեր երկրներում կիրառվող մոտեցումներին, հեռանկարներին, փորձի նմանություններին և տարբերություններին:

«Հուսով եմ, որ այս խումբը կարող է ամբողջ աշխարհի թերապիստների համար մի կամուրջ լինել։ Նմանատիպ հետաքրքրություններ ունեցող մասնագետները պատրաստ են գիտելիքների փոխանակում իրականացնել հաշմանդամության և վերականգնողական ծառայությունների որակի բարելավման համար»,-aspu.am—ի հետ զրույցում հավելեց Վիկտորիա Արմինեհ Բաբիկյանը: