ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեսակոնֆերանս ԱՊՀ Մանկավարժական բուհերի ռեկտորների մասնակցությամբ
27.12.2018
Տեսակոնֆերանս ԱՊՀ Մանկավարժական բուհերի ռեկտորների մասնակցությամբ

Այսօր ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մասնակցեց ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի առաջին տեսակոնֆերանսին: Օնլայն խորհրդակցության ընթացքում, որը վարում էր ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտեր Ալեքսեյ Լուբկովը, քննարկվեցին մանկավարժական կրթության ընդհանուր ռազմավարության մշակման վերաբերյալ հարցեր, ուրվագծվեցին առաջիկա հինգ տարիների անելիքները՝ ընդհանուր գծերով, միջբուհական համագործակցության խորացման հեռանկարները և այլ առանցքային խնդիրներ:

Ալեքսեյ Լուբկովը տեսախորհրդակցության ժամանակ կիսվեց հայաստանյան թարմ տպավորություններով, հիշեցրեց, որ օրերս պաշտոնական այցով Մանկավարժական համալսարանում էր, ողջունեց հայ գործընկերոջը և Մանկավարժական համալսարանին:

Իսկ Ռուբեն Միրզախանյանը հավանություն տվեց Հանրային խորհրդի բոլոր առաջարկներին՝ միասնական ռազմավարության և հետագա համագործակցության խորացման վերաբերյալ և առաջարկեց հատկապես պրակտիկայի կազմակերպման շուրջ խորացնել համագործակցությունը: ՙՄանկավարժի համար չափազանց կարևոր է պրակտիկան, և այն արդյունավետ կլինի, եթե անցկացվի երկրից դուրս՚,-նշեց Ռուբեն Միրզախանյանը և պատրաստակամություն հայտնեց փոխհամաձայնության դեպքում Մանկավարժականում կազմակերպել պրակտիկա համագործակցող բուհերի ուսանողների համար: Նա նաև հատուկ շեշտադրեց Ամառային դպրոց ծրագրի հաջողված փորձը, որը բավականաչափ դրական արդյունք է տվել համագործակցող բուհերի ուսանողների փոխադարձ շփումների, փորձի փոխանակման իմաստով, և առաջարկեց ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը ԱՊՀ մանկավարժական բուհերի հանրային խորհրդի անդամ բուհերի մասնակցությամբ: Մանկավարժական համալսարանի ռեկտորի երրորդ առաջարկությունը մարզական միջպետական միջբուհական մրցաշարերերի կազմակերումն է, որը ևս արդյունավետ միջոց է խորացնելու միջմշակութային, միջազգային և կրթական շփումները:

Խորհրդի անդամ բուհերի ղեկավարները ևս իրենց առաջարկները ներկայացրին, խոստացան ավելի մանրամասն հնչած առաջարկները քննարկել և հաջորդ խորհրդակցությանը ներկայացնել: Իսկ վերջում հնչեցին ամանորի շնորհավորանքներ, բարեմաղթանքներ ու համագործակցության խորացման իրատեսական հույսեր: