ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տպավորիչ զբոսանք, հագեցած առօրյա՝ միջազգային ամառային դպրոցում
18.08.2018
Տպավորիչ զբոսանք, հագեցած առօրյա՝ միջազգային ամառային դպրոցում

«Ինձ համար էական չէ, թե մարդը որ երկիրն է ներկայացնում, ամենակարևորը նրա մարդկային հատկանիշներն են»,-նշում է Հունգարիայի Պիտեր Պազմանի համալսարանի ուսանող Ակոշ Նյարը և համարում, որ դա «Ամառային դպրոց» ծրագրից թերևս ամենամեծ ձեռքբերումն է։

Հունգարերենի ապագա ուսուցիչը հիշեցնում է, որ իր երկիրը պատերազմել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հետ, սակայն ծրագրի ընթացքում սովորել է  տարանջատել քաղաքականությունը մարդկային շփումից, իսկ Հայաստանի մասին հետաքրքրվել էր դեռ մինչև գալը․  «Սկզբում չէի ուզում շփվել  որևէ մեկի  հետ և նոր ընկերներ ձեռք բերել․ մտածում էի, որ կբավարարվեմ հոնգարացիների ընկերակցությամբ, սակայն այստեղի մթնոլորտն ու մարդիկ նպաստեցին օտարերկրացիների ու հայերի հետ իմ շփմանը»։

Խոսելով տպավորություններից՝ Ակոշ Նյարն առանձնացրեց  Նորավանքն ու Կասկադը և հավելեց, որ կարևոր է, երբ պատմությունն ու ճարտարապետությունն ուսումնասիրելուն զուգահեռ հնարավորություն է ստեղծվում տեսնել դրանք։

Նշենք, որ ծրագրի 5-րդ օրվա ընթացքում մասնակիցները եղան Էջմիածնի Մայր տաճարում, թանգարանում, ինչպես նաև Ռուբեն Սևակի թանգարանում և ծանոթացան արձակագրի անձնական իրերին, փաստաթղթերին ու ձեռագրերին։ Օրը շարունակվեց մայրաքաղաք Երևանում, որտեղ զբոսնեցին, զվարճացան, ինչպես նաև եղան Վերնիսաժում՝ իրենց հետ տանելով երկիրը խորհրդանշող հուշանվերներ ու զարդեր։

Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում շարունակվող «Ամառային դպրոց 2018»-ի առաջիկա օրերի ընթացքում ուսանողներն աշխատում են խմբերով և պատրաստում տեսանյութեր։

«Աշխատանքները սկսել ենք հենց առաջին օրից։ Տեսանյութը ներկայացնելու է այստեղ անցկացրած տասը օրերը, և խմբի անդամներից յուրաքանչյուրը խոսելու է իր ամենատպավորիչ հիշողության մասին»- նշեց ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի Էլեն Խաչատրյանը։

Հասմիկ Կոշկարյան