ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տպավորություններ` «Ամառային դպրոց»-ի օտարազգի ուսանողներից
15.08.2017
Տպավորություններ` «Ամառային դպրոց»-ի օտարազգի ուսանողներից

Արդեն երրորդ օրն է` «Ամառային դպրոց 2017» միջազգային ծրագրի շուրջ 90  օտարերկրյա ուսանող վայելում է հայկական հյուրընկալությունն ու երկրի գեղեցիկ բնությունը:

Միջազգային ծրագրի մասնակիցների համար առօրյան հագեցած է դեռ առավոտից` պար-նախավարժանք, խաղեր ինտերակտիվ սեմինար- քննարկումներ:

Օտարազգի երիտասարդներն այցի հենց առաջին օրը կարողացան յուրացնել հայերեն մի քանի նախադասություն, ծանոթացան հայկական ավանդական տոնակատարությունների պատմությանը, ինչպես նաև հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Ավետիսյանի հետ սովորեցին անծանոթ միջավայրում շփում հաստատելու, նոր ժեստեր կիրառելու և այլ հմտություններ:

Հունգարացի  Զոլտան Կոնդասը  մինչև Հայաստան գալը հասցրել էր  ուսումնասիրել  հայոց պատմության մի քանի դրվագներ և անհամբերությամբ էր սպասում ծրագրով նախատեսված այցերին.«Կարդացել եմ Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի մասին, ուսումնասիրել Նոյան տապանի պատմությունը: Իմանալով Գառնի և Սևանա լիճ այցելելու մասին`շատ ուրախացա, քանի որ եվրոպացիների համար այդ վայրերը էկզոտիկ են համարվում»- նշեց հունգարացի ուսանողը:

Ծրագրի շրջանակներում նախատեսված ուսումնաճանաչողական այցերի մեկնարկը  եղավ Էջմիածնի Մայր տաճարից. մասնակիցները եղան տաճարի, Ռուբեն Սևակի և գանձատան  թանգարաններում:

Հունգարացի ուսանողուհի Բարբարա Պերսան aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ փոքրիկ շրջայցի ընթացքում հասցրել է շատ բան իմանալ հայ առաքելական եկեղեցու մասին. «Ինձ համար շատ հետաքրքիր էր լինել առաջին քրիստոնյա երկրում, որի բազմադարյա պատմության մասին վկայում են թանգարաններում ցուցադրված նմուշները»:

Օտարերկրացի երիտասարդների հաջորդ կանգառը Հայոց ցեղասպանության հուշահամալիրն էր, որտեղ ծրագրի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին և գլուխ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին:

Նշենք, որ արդեն հինգերորդ տարին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՄՀ–ի Ուսանողական խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրին այս տարի մասնակցում են Մանկավարժական համալսարանի արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների ուսանողներ  Լիտվայից, Հունգարիայից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից և Արցախի Հանրապետությունից: