ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տպավորություններ՝ այլ երկրներում սովորող ՀՊՄՀ-ի ուսանողներից
01.05.2020
Տպավորություններ՝ այլ երկրներում սովորող ՀՊՄՀ-ի ուսանողներից

Մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակի մեկնարկին մեկնել էին տարբեր երկրներ։ Նրանք Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանականերում տարբեր բուհերում շարունակում են իրենց ուսումնառությունը։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով տարբեր երկրներում ուսումնառող աբովյանականները www.aspu.am-ի հետ զրույցում ներկայացրել են իրենց տպավորությունները։

Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներ Լիլիթ Գալստյան, Անահիտ Փանոսյան (Ֆինլանդիա, Օուլուի համալսարան)

Հիշում ենք, թե ինչպիսի մեծ սպասումներ, ակնկալիքներ ունեինք Ֆինլանդիա մեկնելիս․ դեռ Հայաստանում պլանավորում էինք յուրաքանչյուր օրը։ Հունվարի 7-ին առաջին անգամ մասնակցեցինք դասի, ամեն բան նոր էր՝ մարդիկ, կանոնները, դասերը, և թվում էր՝ հինգ ամիսների ընթացքում հազիվ թե կարողանանք յուրացնել բոլորը։ Բայց ով իմանար, որ մեզ է սպասում «թագավարակը». մարտի 13-ին հայտարարվեց արտակարգ իրավիճակ և ժամանակավորապես փակվեց համալսարանը։ Աշխարհի տարբեր երկրներից մեր ընկերներից շատերը ստիպված էին վերադառնալ հայրենիք։

Չնայած արտակարգ իրավիճակին՝ ինքնամեկուսացում ասվածը չափազանցված է գոնե մեզ համար։ Օուլուում չկան քաղաքում տեղաշարժվելու համար խիստ սահմանափակումներ, իսկ բնակարանում, որտեղ ապրում ենք, հաճախ ենք կազմակերպում ընկերական հավաքույթներ, ծանոթանում տարբեր մշակույթներին, խոհանոցներին՝ փորձելով հնարավորինս արդյունավետ օգտագործել կարանտինը։ Շրջապատված լինելով մեր նոր, բայց չափազանց ջերմ ու սիրալիր ընկերներով, հոգ չէ, որ ամբողջ օրը տանն ենք անցկացնում, զրույցներ ամենատարբեր թեմաների շուրջ, մի բաժակ տաք թեյի ընկերակցությամբ ֆիլմի դիտում, ազգային ուտեստների պատրաստում․ թերևս լավագույն առօրյան, որի մասին չէինք էլ պատկերացրել՝ չմոռանալով կրթվելու մասին։ Համալսարանի փակվելուց անմիջապես հետո անցում կատարեցինք օնլայն ռեժիմի, որը իրականացվում էին նույնքան լրջորեն և արդյունավետ, որքան առերես դասընթացները։ Կրթություն ստանալու մեծ ցանկությունը մեզ բերեց այստեղ, իսկ նորահայտ ընկերների ջերմությունը ստիպում է մնալ, և հենց այդ նույն ընկերներն էլ հետագայում կլինեն կրկին ու կրկին ճանապարհորդելու արդարացված պատճառ։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող Վաչագան Աբովյան (Լիտվայի Վիտաուտաս Մագնուսի անվան համալսարան)

Սկզբի շրջանում այդքան էլ բարդ չէր թվում, որովհետև նոր էր ամեն ինչ։ Օրեցօր, սակայն, ծանրությունն զգացվում էր: Այս ընթացքում դասընթացները կազմակերպվում են առցանց, բայց իմ մասնագիտության դեպքում մի փոքր յուրահատուկ է․ որոշ առարկաներ՝ օրինակ դաշնամուրը, անցկացվում են տեսանյութեր փոխանցելով, իսկ մնացած առարկաները ինչ-որ չափով կարողանում ենք անցկացնել առցանց:

Պետք է նշեմ, որ «Խմբերգային դասարան» առարկան նույնպես չենք կարողանում համակարգել, որովհետև գործնականորեն անհնար է անցկացնել դա առցանց տարբերակով։ Տեխնիկական հարցերով համալսարանը միշտ ուշադիր է և պատրաստ աջակցելու խնդիրների դեպքում: Օրվա ընթացքում շփվում եմ հարևանությամբ բնակվող այլ ուսանողների հետ, ֆիլմեր դիտում, զբոսնում՝ պահպանելով պահանջները, անցկացնում տեսադասեր և կատարում առաջադրանքները:

Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Ալինա Պողոսյան (Իսպանիայի Վալադոլիդի համալսարան)

Իսպանիայում ինքնամեկուսացումն անցնում է այնպես, ինչպես մնացած երկրներում․ մենք իրավունք չունենք դուրս գալու, զբոսնելու, համալսարան գնալու և այլն: Նշեմ, որ բուհը մեկուսացման առաջին իսկ օրերից շատ արագ կազմակերպեց առցանց ուսուցումը: Դրական կողմերից մեկն այն է, որ բաց չենք թողնում դասընթացները, սակայն երբեմն բացասական կարող են լինել որոշ տեխնիկական խնդիրներ: Մյուս բացասական կողմն այն է, որ դասախոսները երբեմն ոչ այնքան լավ են տիրապետում անգլերեն լեզվին, ինչն էլ դժվարացնում է աշխատանքը:

Պետք է հավելեմ նաև, որ ինքնամեկուսացման առաջին օրերից կապի մեջ եմ Իսպանիայում Հայաստանի դեսպանության աշխատակիցների հետ և վերջիններս շատ պատրաստակամ են և արագ արձագանքում են իմ բոլոր հարցերին։