ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տպավորություններ՝ մոսկովյան «Ամառային դպրոց»-ից
30.07.2018
Տպավորություններ՝ մոսկովյան «Ամառային դպրոց»-ից

«Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ի ուսանողները եղան նաև բուհի մոսկովյան գործընկեր համալսարաններում։

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում ծրագրին մասնակցած ուսանողները փաստում են՝ ունեցել են հետաքրքիր հանդիպումներ, էսքուրսիաներ, այցելել թանգարաններ, թատրոն, մասնակցել սեմինարների։

Aspu.am-ի հետ զրույցում ուսանողները վստահեցրին, որ առավել քան տպավորված են ռուսական մայրաքաղաքում զբոսանքներով, տարբեր միջոցառումներին մասնակցությամբ, որոնց ընթացքում հնարավորություն են ունեցել խմբային աշխատանքի ձևաչափով ներկայացնել սեփական երկրի մշակույթը, խոհանոցն ու լավագույն ավանդույթները։

Մանկավարժական համալսարանի ևս 5 ուսանող մասնակցեց նաև Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կողմից կազմակերպված «Ամառային դպրոցին»։

Կարմիր հրապարակ, Տրետյակովյան պատկերասրահ, Ցարիցինո, հայկական եկեղեցի, կենդաբանական այգի, Գորկու անվան այգի․ այս և այլ տեսարժան վայրերի կողքին ուսանողների այս խումբն առանձնացնում է հատկապես անմոռանալի հիշողություններն ու վառ տպավորությունները։

ՀՊՄՀ-ի ուսանողները հաճելիորեն զարմացել էին, երբ լավ պատրաստվածությամբ աչքի ընկած ուսանողներին առաջարկվել էր ուսումը շարունակել Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ։

Մոսկվայի բուհերում միջազգային ծրագրին մասնակցած ուսանողները ստացան հավաստագրեր։