ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացան ֆիննական և էստոնական կրթական համակարգերի առանձնահատկություններին
27.09.2024
Ծանոթացան ֆիննական և էստոնական կրթական համակարգերի առանձնահատկություններին

ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցեց Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարությունների կազմակերպած կրթական միջոցառմանը։

Այն անցկացվել է Եվրոպական կրթական հիմնադրամի «Teaching Excellence–Empowering Educators» արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Այցի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ֆիննական և էստոնական կրթական համակարգերի առանձնահատկություններն ու արդյունավետության մեխանիզմները։ Ծրագրի շրջանակում պատվիրակությունն այցելեց Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարություններ, Հելսինկիի և Տալլինի համալսարաններ, Ֆիննական կրթության որակի գնահատման կենտրոն, Ուսուցչական արհմիություն և մի շարք այլ կազմակերպություններ։

Քննարկվեցին ֆիննական և էստոնական կրթական համակարգերի կառուցվածքը, ուսուցիչների շարունակական կրթության, որակի վերահսկողության, ուսուցիչների իրավունքների պաշտպանության և այլ հարցեր։

Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկերներին ներկայացվեց Հայաստանի հետ հետագա համագործակցության առաջնահերթությունները՝ մանկավարժական կրթության զարգացման, հանրակրթության պետական չափորոշչի ներդրման աշխատանքների բարելավման, դպրոցներում մենթորական համակարգի ներդրման ուղղություններով։

Ծրագրին մասնակցում էին նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակությունները։

Տեղեկատվությունը՝ ըստ ԿԳՄՍ պաշտոնական կայքի