Սեպտեմբերի 9-13-ը Էրազմուս+ T4GREEN /Հայաստանում և Մոլդովայում մանակավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման/ ծրագրի շրջանակներում Պորտուգալիայի Բեյրայի Ինտերիոր համալսարանը հյուրընկալել էր ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցչի՝ Հայաստանից, Մոլդովայից, Չեխիայից և Իսպանիայից:
Այցի նպատակն էր ծանոթանալ Էրազմուս+ T4GREEN ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների՝ Մասարիկի /Չեխիա/, Վալյադոլիդի համալսարանի /Իսպանիա/ և Բեիրայի Ինտերիոր /Պորտուգալիա/ մանկավարժական կրթության իրականացման փորձին՝ և՛ ինստիտուցիոնալ, և՛ ազգային մակարդակներում:
Հնգօրյա վերապատրաստմանը բացման խոսքով հանդես եկավ և մասնակիցներին ողջունեց ծրագրի համակարգող, ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը:
Նա ներկայացրեց T4GREEN ծրագրի նպատակներն ու խնդիրները, ընդգծեց ծրագրի առանցքային դերը ՀՀ-ում և Մոլդովայում՝ շեշտելով, որ այն համահունչ է երկու երկրներում մանկավարժական կրթության ներկայիս բարեփոխումներին:
«Ծրագիրն իրականացվում է ազգային մակարդակում և վերջնարդյունքները լավագույնս կնպաստեն հանրակրթության ոլորտում ազգային նպատակաների իրականացմանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրի գործընկերն է և աջակցում է դրա իրականացմանը․ ապացույցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի մասնակցությունն է այցին»,-նշեց պրոռեկտոր Հարությունյանը:
Այցի շրջանակներում քննարկվեցին մի շարք կարևորագույն թեմաներ, այդ թվում՝ մանկավարժական կրթության քաղաքականություններն ու պրակտիկաները Եվրոպայում, STE(A)M կրթության զարգացման հարցեր, ինչպես նաև ներկայցվեցին ԵՄ-ում կրթական բարեփոխումների հաջողված օրինակներ:
Այցը նշանավորվեց հատկապես Պորտուգալիայի կրթության նախկին նախարար Ժոաո Կոստայի մասնակցությամբ, որն էլ ներկայացրեց «Մանկավարժական կրթության քաղաքականությունների զարգացում» թեման:
Ավարտին ամփոփիչ քննարկումների միջոցով առանձնացվեցին վերապատրաստման հիմնական ձեռքբերումներն ու նախանշվեցին ծրագրի հետագա գործողությունները: