ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացան շախմատի դասավանդման հայաստանյան փորձին
06.11.2018
Ծանոթացան շախմատի դասավանդման հայաստանյան փորձին

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր ընդունել է Ուզբեկստանի Կրթության և գիտության նախարարության և Շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև Ջերի Նաշին, ով որպես շախմատի կրթության հարցերով ազգային խորհրդական՝ աշխատում է ԱՄՆ-ի մանկավարժների հետ՝ շախմատի դրական ազդեցությունը դասասենյակում կիրառելու նպատակով: Նա Ալաբամա նահանգում իրականացվող «Շախմատը դպրոցում» նախաձեռնության հիմնադիրն է, ինչպես նաև վարում է այդ նախաձեռնության կողմից իրականացվող վերապատրաստումները: 

Նրանք Հայաստանում են շախմատի ուսուցման փորձին ծանոթանալու, այն ուսումնասիրելու համար:

Ռեկտորը հյուրերին ներկայացրեց Մանկավարժական համլասարանն ու գործունեությունը և ընդգծեց, որ բուհն իր ուսանողների թվով երկրորդն է:

Անդրադառնալով բուհում բացված Շախմատի ինստիտուտին՝ Ռուբեն Միրզախանյանն այն պատահական չհամարեց՝ ընդգծելով՝ մեր երկիրն առաջինն է, ուր Շախմատը դպրոցում պարտադիր առարկա է:

«Շախմատի ինստիտուտն ունի հետազոտական ուղղություն, որում գործունեություն են իրականացնում տարբեր մասնագիտությամբ հետազոտողներ՝ մեթոդիստներ, հոգեբաններ, սոցաշխատողներ և այլն»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ կառույցը նախկինում եղել է լաբորատորիա:

Ռուբեն Միրզախանյանը հյուրերին վստահեցրեց, որ ինստիտուտի և ամբիոնի ակտիվ գործունեության շնորհիվ կազմակերպվում են նաև միջազգային գիտաժողովներ, որը փորձի փոխանակման լավագույն հարթակէ:

«Շախմատի դասավանդումը մեր երկրի կրթական բրենդն է, դրա դասավանդման ոլորտում մենք առաջնորդող ենք»,-նշեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ համաշխարհային կրթական փոփոխությունների համատեքստում նոր որակ կհաղորդվի նաև շախմատի դասավանդմանը:

Հյուրերն իրենց հիացմունքը հայտնեցին մեր երկրում իմաստուն խաղի դասավանդման վերաբերյալ և ցանկություն հայտնեցին առավել մանրամասն ծանոթանալ ինստիտուտի գործունեությանը: Հյուրերն առանձնակի հետաքրքված են տվյալների վերլուծության, տարբեր մեթոդների կիրառման մեխանիզմներով, ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներով, հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձով, ինչպես նաև կատարված աշխատանքներով ու առաջիկա անելիքներով:

Հյուրերը եղան Շախմատի ինստիտուտում, աշխատակազմին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: