Դպրոցականներին թանգարաններ այցելել նախապատրաստելը համալիր մոտեցում է պահանջում, որ այցելությունը ոչ միայն հետաքրքիր լինի, այլև ուսուցողական։
«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին հանրակրթական տարբեր դպրոցների ուսուցիչներ։ Նպատակն էր՝ մեծացնել սովորողների հետաքրքրությունը թանգարանների և մշակութային ժառանգության նկատմամբ, ծանոթացնել միջոցառման կազմակերպման, անցկացման առանձնահատկություններին և այլն։
Ուսուցիչների հետ հանդիպմանը ՀՊՄՀ-ի Պատմության թանգարանի տնօրեն, Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ Ալվարդ Գրիգորյանը ներկայացրեց գործողություններ, որոնք կհեշտացնեն գործընթացը։
Նա, մասնավորապես, նշեց՝ անհրաժեշտ է դպրոցականներին պատմել, թե ինչ է իրենից ներկայացնում «Թանգարանային գիշեր» միջոցառումը, ինչու՞ է այն անցկացվում, ինչո՞վ է առանձնահատուկ, նախապես ընտրել թանգարանները, հակիրճ տեղեկատվություն տրամադրել այն ցուցահանդեսների մասին, որոնք նախատեսում են այցելել, պատրաստել ստեղծագործական կամ հետազոտական առաջադրանքներ, քննարկել թանգարանում վարքագծի կանոնները։
Բացի այդ, Ալվարդ Գրիգորյանը ներկայացրեց Թանգարանային գիշերվան պատրաստվելու դասապլանը՝ փաստեր միջոցառման վերաբերյալ, ծանոթացում միջոցառումների ծրագրին, տնային աշխատանք և այլն։
Հանդիպման շրջանակներում ուսուցիչները ծանոթացան նաև մեթոդական մշակման՝ ինչպես նախապատրաստվել «Թանգարանային գիշեր» մշակութային ակցիային։ Բանախոսը վստահեցրեց՝ այն կօգնի աշակերտներին ծանոթանալ նախաձեռնությանը, կզարգացնի հետաքրքրություն արվեստի, պատմության և թանգարանային տարածքների նկատմամբ, կնպաստի ակտիվ և գիտակցված մասնակցությանը։
««ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է և միտված թանգարան-դպրոց համագործակցությանը։ Թանգարանները հսկայական ներուժ ունեին․ դրանք ի սկզբանե ստեղծվել են դպրոցին, ուսումնական գործընթացին օգնելու, օժանադակելու համար»,-նշեց Ալվարդ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 1977 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր: Հայաստանն արդեն 4 տասնամյակ այս նախաձեռնության ակտիվ մասնակիցն է: Այս տարի օրվա խորագիրն է՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների դերը կայուն և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում:
2005 թվականից Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իրականացվում է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որին Հայաստանը միացել է մեկնարկային տարում: Ամեն տարի նախաձեռնությանն է միանում նաև ՀՊՄՀ-ի Պատմության թանգարանը։