ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թումանյանով բացահայտում ենք աշխարհի գրականության նոր սահմանները
06.05.2019
Թումանյանով բացահայտում ենք աշխարհի գրականության նոր սահմանները

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի բանաստեղծի գործունեության գիտական և փիլիսոփայական ճանաչումը: Եվ հենց այդ նպատակով Մանկավարժական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոսներվատորիայի նախաձեռնությամբ մայիսի 3-5-ը Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցավ «Թումանյան. Անհունի ճամփով» միջազգային գիտաժողովը: Միջազգային գիտաժողովի խորագրի առարկայական խորհուրդը հենց «անհունի ճամփով» Թումանյան կերպարին բացահայտելն էր: 3 օրերի ընթացքում Մանկավարժական համալսարանի և Կոնսերվատորիայի դասախոսական կազմն ու ուսանողները Երևանում, Դսեղում և Թբիլիսիի՝ Հ. Թումանյանի անվան գիտամշակութային կենտրոնում ներկայացրին բանաստեղծի գործունեության հիմնական բնագավառների մասին իրենց գիտական զեկույցները:

«Մենք Թումանյանին դեռ չենք հասնում ու չենք ընկալում Թումանյան առեղծվածը»,-Դսեղում ուսանողական գիտաժողովի բացման ժամանակ ասաց Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը: Դսեղում ուսանողական գիտաժողովի անցկացումը նա համարեց մեծ խորհուրդ՝ ավելացնելով, որ սա ուսանողների համար առանձնահատուկ նշանակություն է ունենալու:

Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները խոսեցին Թումանյան-թարգմանչի, Թումանյան-մանկագրի, Թումանյան-բանաստեղծի ու հասարակական գործչի մասին՝ մանրամասն ներկայացնելով ու ամբողջացնելով թումանյանական փիլիսոփայությունը:

Արդեն Թբիլիսիում գիտաժողովի մասնակիցներին մեծ շուքով դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որը ազգապահպանության ու Հայաստան-Սփյուռք կապի հիանալի օրինակ համարեց միջազգային գիտաժողովի անցկացումը։

Երկու բուհերի ներկայացուցիչները սկզբում ծանոթացան Սբ. Գևորգ եկեղեցու պատմությանը. այն Թբիլիսիում գործող երկու հայկական եկեղեցիներից մեկն է, որը վերանորոգվել էր մի քանի տարի առաջ և 50 հազար թիֆլիսահայության համար մեծ նշանակություն ունի։ Դեռ վերանորոգման ընթացքում պարզվել է, որ եկեղեցու պատերն իրենց բազմաշերտ ծեփի տակ թաքցնում են հին հայկական որմնանկարչության գոհարներ։ Որմնանկարների վերամշակումից հետո, դրանցով գրեթե ամբողջովին ծածկված եկեղեցին մեկ այլ հմայք է պարունակում։

«Թումանյանը վրաց գրականության մասին», Թումանյանի հեքիաթները և քառյակները՝ թարգմանված վրացերենով, «Վրաց մտավորականները Թումանյանի մասին». սրանք Վիրահայոց թեմի այն ծրագրերն են, որոնք շուտով կյանքի կկոչվեն։ Թեմի առաջնորդը հպարտությամբ նշեց, որ հայ եկեղեցու կազմակերպված երեք՝ Սայաթ-Նովայի Վարդատոնը, Թիֆլիսի էկումենիկ երգչախմբերի փառատոնը և Տոլմայի փառատոնը, այլևս ավանդական են դարձել և նշվում են մեծ շուքով, որոնց մասնակցում է քաղաքի ամբողջ բնակչությունը, ոչ միայն հայությունը։

Գիտաժողովի վերջին օրն ամփոփվեց Հովհաննես Թումանյանի անվան գիտամշակութային կենտրոնում՝ Հովհաննես Թումանյանի տանը՝ բոլորին հայտնի Վերնատանը։

Այստեղ իրենց գիտական զեկույցներով հանդես եկան Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դասախոսները, ինչպես նաև թբիլիսիաբնակ մեր հայրենակից մտավորականները։

«2 համալսարանների անմիջական ու ակտիվ մասնակցությամբ եկել ենք ընդգծելու հայ մեծ բանաստեղծի գործունեությունը կյանքի բոլոր բնագավառներում»,-իր բացման խոսքում նշեց Մանկավարժական համալսարանի Հայ նոր ու նորագույն գրականության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

«Թումանյանն այնքան մեծ է, որ նրան մեծարելով՝ մեծարում ենք նաև մեր ազգը, նրան մեծարելով ցույց ենք տալիս, թե ինչպես պիտի լինի հայ մարդը։ Նրա գրականության մասին շատ է խոսվում, Թումանյանի գործունեությունը մեզ համար հպարտանալու առիթ է», - ընդգծեց Վիրահայոց թեմի առաջնորդը։

Թումանյանին նվիրված այս միջազգային գիտաժողովը ևս մեկ ապացույց է, որ կրթական հաստատությունները կարևորում են հայ մտավորականության գործունեությունը հայրենիքի սահմաններից դուրս։

«Երևան-Դսեղ-Թբիլիսի ճանապարհն անցած այս գիտաժողովը հիանալի առիթ է բոլորիս համար համադրելու մեր տեսական ու գործնական փորձը հարազատ ոլորտում», - նշեց Վրաստանում հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը։

«Ի՞նչ անել, որ այստեղ հայ գրողները չմոռանան գրելը». հենց այս մտահոգությամբ, դժվար պայմաններում բացվեց Վրաստանում առաջին գրողների միությունը, որը և ունեցավ ճակատագրական նշանակություն վրացահայ մտավորականության համար։ 20 տարուց ավելի գործող այս կառույցն ամեն ինչ անում է, որ հայ միտքն ու ձեռագիրը չկորչի, դաստիարակում է գրական նոր սերունդներ ու նպաստում գրականության նոր հերթափոխին։

Սկզբում կիսախարխուլ ու փոշոտված շինությունը մի քանի տարվա ընթացքում դարձավ վիրահայության մտավորականության տունը՝ նոր Վերնատունը։

«Այսօր կենտրոնի «գիտամշակութային» եզրույթը հանձն առավ իր գիտական գործառույթը», - նշեց Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը։ Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովն այն եզակի օրինակներից է, որը Թումանյանը սիրված ու ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։

«Թումանյանն այն բանաստեղծն է, որն իր ներկայությամբ միշտ էլ ոգեշնչել է գրողներին և գրականագետներին. հազիվ թե հետթումանյանական շրջանում գտնենք որևէ գրողի, որն այս կամ այն կերպ չկրի Թումանյանի ազդեցությունը՝ աշխարհընկալման, մարդասիրության և այլ առումներով»,- նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գիլավյանը՝ իր «Հովհաննես Թումանյանը Պարույր Սևակի գնահատմամբ» զեկուցումը ներկայացնելիս:

«Թումանյանի գրաքննադատության շուրջ» զեկույցում դոցենտ Նաիրա Խաչատրյանը նկատեց՝ որքան էլ անվիճելի է Թումանյանի թողած գրական ժառանգության դերը հայոց մշակույթի պատմության մեջ, 21-րդ դարի թումանյանագիտությունը նորովի մտածողությամբ բացահայտումների կարիք ունի: Ծագումնաբանությամբ Թումանյանին նա համարեց Խաչատուր Աբովյանի գրական դպրոցի վերջին ներկայացուցիչը և որոշ առումով նաև արևելահայ գրականության և հասարակական կյանքի նորահայտ երևույթների սկզբնավորողը:

Նույն ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, ելնելով Թումանյանի այն մտքից, որ գիրքը գրող է ստեղծում, անդրադարձավ մի քանի նկատառման՝ «Գրական հարցադրումներին Թումանյանի նամակներում» զեկուցման մեջ:

Դոցենտ Լուսինե Գալստյանը գիտականորեն վերլուծեց Հովհաննես Թումանյանի «Հին կռիվը» պոեմը, Բանասիրական ֆակուլտետի դեկան, դոցենտ Աշոտ Գալստյանն էլ Հովհաննես Թումանյանին ներկայացրեց ժամանակակիցների հուշերում:

«Թումանյանը և Վրաստանը» զեկույցով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հայկական գիտահետազոտական ասոցիացիա Վրաստանում» ՀԿ-ի նախագահ Էմմա Ախտյանը: Իսկ Վրաստանի մշակույթի, կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակից Կարինե Մանուկյանը ներկայացրեց «Հովհաննես Թումանյանը՝ հայ-վրացական բարեկամության ոսկե օղակ» զեկույցը:      

«Թումանյանով մենք աշխարհի մեծերի հետ սեղան ենք նստում, եկեք երբեք այդ սեղանը չշրջանցենք, մերն է Թումանյանը, մերն է այդ սեղանը և Թումանյանով գնում ենք դեպի համաշխարհային գրականության նոր սահմանների ճանաչում»,- կոնֆերանսն այս խոսքերով ավարտեց միջազգային կոնֆերանսի կազմակերպիչ Սուրեն Դանիելյանը:

Բավականին բովանդակալից և ուշագրավ կոնֆերանսի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Հովհաննես Թումանյան» մեդալով պարգևատրեց կոնֆերանսի կազմակերպիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մանկավարժական համալսարանի Հայ նոր և նորագույն գրականության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանին: Ի դեպ, ինքը՝ եպիսկոպոսը, պատիվ է ունեցել ուսանել Սուրեն Դանիելյանին, և այսօր մեծ խորհուրդ ուներ հպարտությամբ իր դասախոսին հանձնած մեդալը՝ որպես երախտիքի նշան ոչ միայն օրվա առիթով, այլև ընդհանրապես, պրոֆեսորի գործունեության իմաստով:

«Սա իմ ամենաթանկ նվերն է»,-հուզված նկատեց Սուրեն Դանիելյանը:

Կոնֆերանսի մասնակիցները միջոցառումների ավարտին այցելեցին Խոջիվանք՝ հայ մեծերի պանթեոն, և ծաղկեպսակ դրեցին Ամենայն Հայոց Բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի շիրմին: