ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուղեցույց՝ առցանց մանկավարժական պրակտիկայի կազմակերպման համար
30.04.2020
Ուղեցույց՝ առցանց մանկավարժական պրակտիկայի կազմակերպման համար

ՀՊՄՀ-ում արտակարգ դրության պայմաններում ուսումնական գործընթացը, ներառյալ մանկավարժական պրակտիկան և բոլոր քննությունները, իրականացվում են առցանց ASPU Classroom հարթակում, ինչպես նաև ASPU Google Meet հավելվածի միջոցով։ Մանկավարժական պրակտիկան առցանց եղանակով կազմակերպելու համար սպասարկող մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուներին անհրաժեշտ է պրակտիկայի առարկայական նկարագրերում կատարել փոփոխություններ՝ հնարավորություն ստեղծելով դրանք ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում կազմակերպել առցանց և այդ նպատակով ձեռնարկել հետևյալ քայլերը.

  • ՀՀ-ում արտակարգ դրության ժամանակահատվածում մասնագիտական պրակտիկան դպրոցներում և այլ կազմակերպություններում անհրաժեշտ է կազմակերպել միայն համապատասխան պրակտիկայի կազմակերպության հետ հստակ պայմանավորվածության և հիմնարկում կանոնակարգված, ամբողջական առցանց ուսուցման գործընթացի կազմակերպման հնարավորության առկայության պարագայում, ինչպես նաև մեթոդիստների աջակցությամբ և դպրոցի ու նրա կողմից նշանակված պրակտիկայի մասնագետի համաձայնությամբ համապատասխան մասնագետի կողմից կիրառվող առցանց հարթակում դասավանդելու ու մասնագիտական գործունեության այլ համապատասխան ձևերն իրականացնելու հնարավորության դեպքում։
  • Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը երկարացնելու և արտակարգ դրության չեղարկման պարագայում, ելնելով ուսումնական պլանի հնարավորություններց՝  ցանկալի է ստեղծել հնարավորություն սովորողների պրակտիկան դպրոցներում կարճաժամկետ կազմակերպելու և/կամ շարունակելու համար։
  • Պրակտիկան առցանց կազմակերպելու հարցում կարող է օգտակար լինել սիմուլյատիվ մանկավարժական ուսուցման և դերային խաղերի, սցենարների վրա հենված կրթության կազմակերպման տեխնոլոգիան։ Նկատի ունենալով, որ առցանց եղանակով պրակտիկայի գործընթացում կարող են առաջ գալ բազմաթիվ մարտահրավերներ՝ անհրաժեշտ է մինչև պրակտիկայի սկիզբը մանրամասն պլանավորել ինչպես ամբողջ պրակտիկայի խմբի, այնպես էլ յուրաքանչյուր ուսանողի և ներգրավված մասնագետների աշխատանքը, խրախուսել խմբում համագործակցությունն ու ստեղծագործական մթնոլորտը։ Օգտակար կարող է լինել ֆակուլտետների կողմից բաց հանդիպումների օրեր և ժամեր նշանակելու փորձը, որը թույլ կտա գործընթացում ներգրավվածներին հաղթահարել անորոշությունն ու վախը։ Առաջնահերթություններից պետք է լինի ուսանողներին ու մասնագետներին ուսումնական ռեսուրսներով և ուղեցույցներով նախապես ապահովումը և նրանց հետ խորհրդակցական հանդիպումների հաճախակի կազմակերպումը փոքր ուսումնական խմբերում։ 
  • Առցանց պրակտիկան առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՊՄՀ պրակտիկայի կենտրոնի և կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի կողմից մշակվել է առցանց թղթապանակ։ Այն մշակվել է մանկավարժական կրթության ֆին փորձագետների աջակցությամբ և միտված է ռեֆլեքսիվ մանկավարժական փորձուսուցման զարգացմանը։ 
  • Պրակտիկայի գործընթացի սկզբնական շրջանում նպատակահարմար է հանձնարարել ուսանողներին պրակտիկայի ղեկավարների աջակցությամբ կատարել գործընթացում ներգրավված բոլոր կողմերի կրթական կարիքների և հնարավորությունների առցանց ուսումնասիրություն՝ ներկա իրողություններին համահունչ առցանց կրթության կազմակերպման գործընթացը բարելավելու ուղղությամբ։ Այդ հարցում կարող է օգտակար լինել google forms կամ այլ առցանց գործիքների կիրառումը, որը հնարավորություն կտա առցանց կազմակերպել հարցումներ։ Այս գործիքի կիրառման ուղեցույցը նույնպես հասանելի է հետևյալ հղումով։ 
  • Պրակտիկայի գործընթացի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով ցանկալի է ապահովել ուսանողների կողմից մանկավարժական պրակտիկայի թղթապանակները կամ հաշվետվությունները <<google docs>> ծրագրի օգնությամբ լրացումը։ Դա հնարավորություն կտա ապահովել պրակտիկանտների համաժամանակյա առցանց օժանդակություն և հսկողություն։ 
  • Պրակտիկայի գործընթացում ուսանողներին անհրաժեշտ է հանձնարարել ստեղծել դպրոցական ուսումնական պլանին կամ համապատասխան պրակտիկայի հիմնարկի աշխատանքային պլանին համահունչ առցանց դասի (այլ մասնագիտությունների համար համապատասխան գործունեության տեսակների) մանրամասն օրվա դասի պլաններ և ուսումնական նյութեր՝ ինչպես նաև առցանց հեռավար կրթության տեսադասեր, առարկայի ուսուցման և/կամ մասնագիտական աջակցության ուսումնաօժանդակ նյութեր։  Տեսադասերի նկարահանման հարցում կարող են օգտակար լինել հետևյալ անվճար ծրագիրը և բջջային հավելվածը
  • Մինչև բուն դասավանդման կամ մասնագիտական գործընթացին անցնելը ուսանողները պետք է նախապատրաստեն առնվազն 2-ական մանկավարժական իրադրություններ և/կամ մասնագիտական դեպքեր, որոնք պետք է նախապես քննարկվեն պրակտիկայի խմբում։ 
  • Մինչև ակտիվ պրակտիկայի փուլը օգտակար կարող է լինել նաև առցանց դասագործընթացների դիտարկումներն ու վերլուծությունները, որոնք հասանելի են armeduchannel ալիքով, հանրային հեռուստատեսության ծրագրերում կամ այլ նմանատիպ պաշտոնական տեղեկատվական աղբյուրներում։ 
  • Առցանց ուսուցման գործընթացում բավականին արդյունավետ կարող է լինել «Շրջված դասարան»-ի տեխնոլոգիայի կիրառումը։ Դասավանդման գործընթացում կարելի է խնդիր առաջադրել ցուցադրել որևէ ուսուցման մեթոդ, հնար, որը ուսանողը կհամարի նպատակահարմար։ Ուսուցման մեթոդների ընտրության հարցում կարող են օգտակար լինել հետևյալ նյութերը։ Նպատակահարմար է գնահատել, թե դաս վարող և թե դասի ընթացքում իրենց դերը բարեխիղճ կատարող ուսանողներին։ Որոշ դեպքերում հնարավոր է նաև մեթոդիստի կողմից գնահատումն իրականացնել տեսադասի նկարահանման հիման վրա, ուստի google meet  և/կամ այլ ծրագրերի միջոցով դերային խաղերով դասի ընթացքը պետք է տեսագրել։ 
  • Սցենարների վրա կառուցված մանկավարժական փորձառության կիրառման դեպքում յուրաքանչյուր ուսանող պետք է գրի դասի պլան սցենար ուսուցչի  աշխատանքի օրինակով, օգտվելով դասի պլանավորման ժամանակակից ձևերից ու մեթոդներից, որոնք նախապես պետք է մանրամասն քննարկվեն մեթոդիստի հետ՝ անհրաժեշտության դեպքում առաջարկելով սովորողների դերեր դասընկերներին, օգտվելով մանկավարժական տարբեր իրավիճակներից։ Այս մեթոդական հնարի կիրառումը կարող է թույլ տալ դասավանդող սովորողներին մինչև իրական դասավանդման գործընթաց սկսելը փորձարկել իրենց մանկավարժական կարողությունները իրենց պրակտիկայի խմբում, իսկ խմբի մյուս մասնակիցներին հնարավորություն կտա հանդես գալ աշակերտների դերում։ Նմանօրինակ դերային խաղերը լայն տարածում ունեն աշխարհում և հաճախ դիտարկվում են որպես մանկավարժների պատրաստման հաջողված փորձ։ 
  • Դասավանդման ընթացքում պետք է լայնորեն կիրառվեն ինչպես «Մտագրոհ», «Բանավեճ», կամ թիմային աշխատանքի այլ տեխնոլոգիաներ, այնպես էլ «Նախագծերի», «Կենտրոններով աշխատանքի», «գիտելիքի դոմինո» և ակտիվ ուսուցման մեթոդները, առցանց ուսուցման գործիքներ և այլն։ 
  • Դասն ամփոփելիս նպատակահարմար է կիրառել կրթության աստիճանակարգեր, որոնք հնարավորությւոն են տալիս գնահատել սովորողների գիտելիքներն ու դրանց կապակցվածության աստիճանը։ 
  • Խմբի մասնակիցները դասի ավարտից հետո մեթոդիստի գլխավորությամբ պետք է իրականացնեն քննարկում՝ դասի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու համար՝ օգտվելով «Վերաբերմունք» խաղի սցենարից կամ օգտագործելով քննարկման այլ ընթացակարգեր և չափանիշներ՝ օգտվելով տարբեր տեղեկատվական աղբյուրներից՝ նախապես դրանք համաձայնեցնելով պրակտիկայի խմբի ղեկավարի հետ։ Այդ նպատակով պրակտիկայի ղեկավարը պետք է պրակտիկանտների հետ նախապես քննարկի այդ նյութերի բովանդակությունը, տա համապատասխան հանձնարարականներ։ 
  • Պրակտիկայի ավարտին ՀՊՄՀ-ում կազմակերպվում է պրակտիկայի արդյունքների պաշտպանություն, որը ստեղծված պայմաններում պետք է կազմակերպվի առցանց։ Պրակտիկայի արդյունքների պաշտպանությունն ապահովում է ստացված արդյունքների որակի գնահատումը բոլոր շահակիցների մասնակցությամբ։ Այդ ընթացքում ուսանողները, օգտվելով քննությունների առցանց կազմակերպման համալսարանի կողմից մշակված կարգերից, պետք է ներկայացնեն այն հիմնական արդյունքները, որոնք ձեռք են բերվել փորձառության ընթացքում։