ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒԳԸ-ն նոր ղեկավար ունի
20.09.2022
ՈՒԳԸ-ն նոր ղեկավար ունի

Մանկավարժական համալսարանում կայացավ Ուսանողական գիտական ընկերության Ընդհանուր ժողովը, որին ներկա էր նաև բուհի ղեկավար կազմը։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը հույս հայտնեց, որ տարիներ շարունակ Ուսանողական խորհրդին զուգահեռ գործած գիտական երիտասարդական կառույցը կրկին ակտիվ գործունեություն կծավալի։

Պրոռեկտոր Իսպիրյանը նկատեց՝ անելիքները շատ են, սակայն բուհը ունենալով ուսանողակենտրոն քաղաքականություն, պատրաստ է աջակցել և զարգացնել ուսումնագիտական և հետազոտական աշխատանքերին․ «Տարին հոբելյանական է մանկավարժական մայր դարբնոցի համար, և, չնայած, ապրում ենք դժվար ժամանակներում, սակայն պետք է պատվով հաղթահարենք առկա մարտահրավերները»։

ՈՒԳԸ Ընդհանուր ժողովին ներկա 47 անդամները նիստը նախագահող ընտրեցին Էդիկ Գուլյանին, որը խոստացավ՝ նիստերը վարել օբյեկտիվ և մեծ պատասխանատվությամբ։

Վերջինս ներկայացրեց ՀՊՄՀ-ի Ուսանողական գիտական ընկերության ձևավորման, գործունեության վերսկսման և կատարած աշխատանքների մասին զեկույց։

Էդիկ Գուլյանը նկատում է՝ բուհում գիտական ընկերության դերի և կարևորության մասին է վկայում պատմությունը․ կառույցը, տարբեր անվանումներով, գործել է բուհի սկզբնավորման առաջին տարիներից․«Գիտական խորհրդի հաստատած ՈՒԳԸ նոր կանոնադրությունը կարելի է համարել լավագույններից մեկը․ այն մշակվել, լրամշակվել է բուհի տարբեր օղակներում, շեշտադրվել է մանկավարժական գիտական միտքը, իսկ ներկայացված նպատակները տարանջատվել են գործողություններից և խնդիրներից»,-հավելեց նա։

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող Մարգարիտա Շահնազարյանն ընտրվեց ՈՒԳԸ նախագահ։ Ներկաները բարձր գնահատեցին նրա գործունեությունը և հույս հայտնեցին, որ նորընտիր նախագահը պատվով կհաղթահարի բոլոր դժվարությունները։

Մարգարիտա Շահնազարյանին շնորհավորեց նաև ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։

Վերջինս վստահ է՝ փոխադարձ աջակցության և փորձի փոխանակման շնորհիվ ուսանողական երկու կառույցների համագործակցությունը արդյունավետ կստացվի։