Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովը։ Օրակարգում ՈւԽ-ի տարեկան հաշվետվությունն էր, փոխնախագահների և քարտուղարի ընտրությունը, ընթացիկ հարցեր։
ՈւԽ-ի նախագահ Պարույր Գալստյանը, անդրադառնալով ուսանողական կառույցի առաքելությանը, ընդգծեց՝ Խորհուրդն իր գործունեությամբ հաշվետու է ուսանողների առջև, և նշեց, որ 30-րդ հոբելյանական տարում իրականացվել է շուրջ 500 նախաձեռնություն՝ միտված ուսանողների գիտակրթական, մշակութային կյանքի հարստացմանն ու զարգացմանը։
Պարույր Գալստյանն ամփոփելով ընթացիկ տարին՝ նշեց․ գործընկերության ընդլայնում և հուշագրերի կնքում տարբեր կառույցների հետ, 120 ուսանողի ձմեռային հանգիստ բուհի Աղավնաձորի ուսումնական բազայում, պլատֆորմային քննարկումներ, միջֆակուլտետային առաջնություններ, փառատոններ։ Բացի այդ, ընթացիկ տարում կազմակերպվել են այցեր գիտակրթական և մշակութային օջախներ, ցուցահանդեսներ, մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցեր, սպորտային խաղեր, «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի անցկացում և այլն։
ՈւԽ-ի նախագահը վստահեցրեց՝ ինչպես նախկինում, այսօր էլ կառույցի գործունեությունն ուսանողակենտրոն է․ պատրաստ են վերհանել նրանց հուզող հարցերը, լսել խնդիրները, բողոքներն ու առաջարկները՝ դրանք ներկայացնելով համապատասխան մարմիններին։
Պարույր Գալստյանն ընդգծելով ուսանողական կառույցի կարևորությունն ու դերը բուհի և ուսանողների կյանքում՝ նշեց, որ բաց են՝ լսելու առաջարկներ, բարելավելու իրենց գործունեությունը՝ ի շահ ուսանողի։
Հաշվետվությանը հաջորդեց հարց ու պատասխան․ ուսանողները կառույցի ղեկավարից հետաքրքրվեցին առաջիկա ծրագրերով, հանդես եկան առաջարկներով։
Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում փոխնախագահներ ընտրվեցին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, Սկզբնական կրթության ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողներ Հարություն Մկրտչյանն ու Կարինե Ավալյանը։ Ուսանողական խորհրդի քարտուղար ընտրվեց Հատուկ կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ջուլիա Ղազարյանը։
Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովում՝ կառույցի աշխատանքներում ակտիվ մասնակցության և բարձր մտավոր ներուժ ցուցաբերելու համար Պարույր Գալստյանը շնորհակալագրեր հանձնեց բուհի 10 ֆակուլտետներին։