Կայացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությունը:
Ներկայացվեց բակալավրիատի 28 ուսանողի հավաքածու, որոնցում արտացոլված էին ապագա մոդելավորողների՝ ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, տարբեր գործվածքների հետ աշխատելու հմտությունները, ոճային առանձնահատկությունները:
Հավաքածուներում տեղ էին գտել ազգայինի և թրենդայինի համադրությամբ, ոճային նոր լուծումներով ու մեկնաբանություններով աշխատանքներ, որոնցում ապագա մոդելավորողները կիրառել էին հագուստի ստեղծման տարբեր տեխնիկաներ, տարրեր, հաջողությամբ դրանք համադրել տարատեսակ կտորների և գործվածքների հետ:
Ուսանողների աշխատանքները ղեկավարել են դասախոսներ Հռիփսիմե Մարոնյանը, Գայանե Եղիազարյանը, Լիլիթ Մելիքյանն ու Արամ Նիկոլյանը:
Ուսանող-դասախոս համագործակցությունն առկա է եղել հավաքածուների ստեղծման բոլոր փուլերում՝ թեմայի ուսումնասիրությունից, էսքիզներից մինչև վերջնական ցուցադրություն:
Ավարտական դեֆիլեի ընթացքում ապագա մոդելավորողների աշխատանքները գնահատում էր մասնագիտական հանձնաժողովը: Վերջիններս գոհ են կատարված աշխատանքից. ուսանողները կարողացել են բացահայտել, գտնել թեմաներ, առաջարկել նորարական լուծումներ, դրանց միջոցով արտահայտել իրենց գիտելիքների պաշարն ու մասնագիտությանը բնորոշ հմտությունները:
«Արդյունքները գոհացնող են, տպավորված ենք: Ամեն տարի ուսանողները գերազանցում են մեր ակնկալիքներն ու այն սպասելիքները, որոնք ունենում ենք նրանց ընդունելիս»,- www.aspu.am-ի հետ զրույցում նշեց Հռիփսիմե Մարոնյանն ու վստահեցրեց, որ այս տարվա շրջանավարտներից շատերի անունները հետագայում կլինեն պրոֆեսիոնալ դիզայներների անունների կողքին:
Ցուցադրությանը հաջորդեց բանավոր քննությունը. ուսանողներն իրենց հավաքածուները ներկայացրին նաև տեսականորեն՝ սկսած հագուստի ստեղծման պատմությունից ու ոգեշնչումից մինչև տեխնիկայի, գործվածքի ընտրություն:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամ, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, իր հիացմունքն արտահայտեց ոչ միայն հագուստի մոդելավորման բաժնի ավարտական աշխատանքների որակի, այլև ողջ ֆակուլտետի դիպլոմային աշխատանքների մակարդակից և որակից։ Եվ որպես իր ու հանձնաժողովականների դրական կարծիքի հետևանք՝ տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից ավարտական աշխատանքները Մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան ցուցադրել նաև Նկարիչների միության սրահներում։
Ի դեպ, այս տարվա ամփոփիչ քննությունների ընթացքում Սուրեն Սաֆարյանն ու Նկարիչների միության քարտուղար, ատեստավորման հանձնաժողովի անդամ Վահագն Գալստյանն պաշտոնապես հայտարարեցին, որ մշակութաբանության և արվեստաբանության բաժնի 3 ուսանող, ավարտական աշխատանքի ներկայացման արդյունքում, ստանում են ՀՀ Նկարիչների միության անդամի պատվավոր կոչում։
Հ/Գ- Մինչ ընթանում էր Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ճեմասրահում բացվեց բատիկ աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Սոնա Սագրադովայի ուսանողների աշխատանքները։
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն, իսկ ողջույնի և հիացմունքի խոսքեր ասաց ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։