Կայացավ «Աղետներ, համաճարակներ, հանրային առողջություն և կրթություն» խորագրով ուսանողական գիտական ֆորում` նվիրված բուհի հիմնադրման 100-ամյակին: Այն նախաձեռնել էին ՀՊՄՀ-ի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության, Էկոլոգիայի և կայուն զարգացման համահամալսարանական ամբիոնները։
Ֆորումի նպատակն էր գիտական քննարկման հարթակ տրամադրել բուհի ուսանողներին և շրջանավարտներին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են ուսումնակրթական և ուսումնագիտական ոլորտներում։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց ձեռնարկը՝ հիմնախնդիրներ բարձրացնելու և դրանց վերաբերյալ ուսանողների կարծիքը լսելի դարձնելու տեսանկյունից։
Պրոֆեսոր Գևորգյանը նկատում է՝ նախորդ մի քանի տարին բարդ էր ինչպես երկրի, այնպես էլ բուհի համար․ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության ամբիոնն այն առաջամարտիկն էր, որ հասարակական ամենատարբեր խնդիրների առաջացման դեպքում հարթակ տրամադրեց դրանց քննարկման, բովանդակային առումով հնարավոր լուծումներ գտնելու, ուղղորդելու, խորհրդատվություն իրականացնելու տեսանկյունից։
Բուհի ղեկավարը հետաքրքրական համարեց, որ ՀՊՄՀ-ում անցկացվելիք ֆորումին զուգահեռ պաշտոնական մեկնարկ տրվեց նաև «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի Ֆորում 405-ին, որի նպատակը ևս կրթական առաջնորդությունը, նորարարությունը, կրթության հիմնախնդիրների զարգացումն ու դրանց հակազդումն է։ «Կրթությունն ամենաբարդ ոլորտն է, որով սկսվում և ավարտվում են մեր նվաճումները, հաղթանակները, ձեռքբերումներն ու լճացումները։ Կրթության մեջ է ամփոփված գիտական պրպտուն միտքը, որն այսօր արդեն ձևավորում եք դուք՝ սիրելի ուսանողներ՝ հարելով այս կամ այն հայեցակարգին, ներկայացնելով նոր մոտեցումներ և արդարացնելով այն սպասումները, որ կա բուհի նկատմամբ»,- նշեց Սրբուհի Գևորգյանը։
Ռեկտորը հավելեց նաև, որ կրթական ծրագրերով, առարկայական նկարագրերով, ուսանողակենտրոն մոտեցմամբ բուհը պատրաստակամ է աջակցել ուսանողի մասնագիտական սպասումների և պահանջմունքների բավարարմանը։
Գիտական ֆորումում ուսանողներն անդրադարձան կրթությանը, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում դրա կազմակերպման և շարունակականության ապահովմանը, դպրոցականների հարմարմանը հետպատերազմյան շրջանում, երիտասարդների վարքում անառողջ քոփինգ մեխանիզմների դրսևորումներին, հանրային կրթության ոլորտում խխունջային ներպատվաստմանը, նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) համավարակին ու պարտադրված հեռավար ուսուցմանը, ժամանանակակից աշխարհում աղետների դինամիկային և ռիսկերի գնահատմանը։
Ներկայացվեցին նաև ժամանակակից խոցման միջոցների կիրառման առանաձնահատկությունները, տարեց անձանց շրջանում հոգեբանական անվտանգության, պատմամշակութային կոթողների պատկերագրման համատեքստում բնապահպանական անվտանգության հիմնախնդիրները և այլն։
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանը պատահական չհամարեց, որ ֆորումը կազմակերպվել է համահամալսարանական երկու ամբիոնների նախաձեռնությամբ․ուսանողական զեկույցները էկոլոգիական անվտանգության, արտակարգ իրավիճակների և կրթության, հոգեբանական անվտանգության, աղետների ու համաճարակների շրջանակներում են։
Նարինե Սահակյանը նկատում է՝ մեկդարյա բուհը կրթել է մանկավարժների բազում սերունդներ, որոնք ապահովել են մեր երկրի գիտակրթական առաջընթացը։
Վերջինս, կարևորելով ուսանողական գիտական ֆորումը, նկատեց՝ ուսանողների համար ստեղծված էր հարթակ, որտեղ ներկայացվեցին նրանց գիտական հետազոտությունները, գաղափարներն ու մոտեցումները․«Սա կարևոր է ինչպես ակադեմիական գիտության, այնպես էլ մանկավարժական գործունեության մեջ․ ոլորտ, որ պահանջում է բազային գիտելիքներ և գիտության մասին պատկերացումներ։ Աղետներն ու համաճարակները միշտ են խոչընդոտել են կրթությանը, իսկ բարձրացված հարցերը խիստ արդիական էին»,-հավելեց նա։
Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Սիրինե Շողերյանն էլ ներկայացված թեմաներից առանձնացրեց մի քանիսը ՝ բարձր գնահատելով դրանցում հետազոտական տարրը, իսկ որոշ դեպքերում՝ բուհական համապատասխան լաբորատորիայում կատարված ուսումնասիրության արդյունավետությունը, ինչը կարևորագույն հարց է լուծում հանրային կրթության ոլորտում և կարող է փոխել նաև ուսուցման որակը։
«Աղետներ, համաճարակներ, հանրային առողջություն և կրթություն» խորագրով ուսանողական գիտական ֆորումում ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։