ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց «Բնությունը երիտասարդ բնագետի հետազոտություններում» խորագրով ուսանողական գիտական նստաշրջան՝ նվիրված բուհի հիմնադրման 100-ամյակին:
Ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը ուսանողական նախաձեռնությունը կարևորեց գիտական և գիտահետազոտական մեթոբանությանը ծանոթանալու, դասախոս-ուսանող համատեղ գործունեություն ծավալելու տեսանկյունից։ Վերջինս նկատում է, որ իր ղեկավարած կառույցում կարևորվում է գիտական և հետազոտական բաղադրիչը․ դրա առաջնահերթությունը մասնագիտական արդյունավետության որոշակի որակ է ենթադրում։
Սրբուհի Գևորգյանը պատահական չհամարեց, որ ՀՊՄՀ-ի ռազմավարական ծրագրում առանցքային դեր և նշանակություն է տրված հետազոտող ուսուցչի մոդելին․ այն մասնագիտական գործունեության զարգացման կարևոր գործոններից մեկն է լինելու։
ՀՊՄՀ ռեկտորը վստահ է՝ հետազոտող ուսուցիչը, իր միջավայրով, մասնագիտական կարողություններով, մեթոդաբանությամբ, կարող է սերտացնել դպրոց-բուհ, իսկ որոշ դեպքերում՝ դպրոց-հասարակություն-բուհ համագործակցությունը՝ նպաստելով բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում կարևոր հարցերի բարձրացմանը․ «Կրթության ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություները նաև որոշակի հրահանգ են՝ մեզանում դրանք ներդնելու և վավերացնելու առումով»,-հավելեց Սրբուհի Գևորգյանը։
«Բնությունը երիտասարդ բնագետի հետազոտություններում» խորագրով ուսանողական գիտական նստաշրջանի մասնակից ուսանողները ներկայացրին սեփական հետազոտությունները՝ մի շարք թեմաների վերաբերյալ։
Երիտասարդ բնագետներն անդրադարձան աշխարհագրության շրջանակներում ոչ ֆորմալ կրթական մոդելի մշակմամբ ազգային գաղափարախոսության ձևավորմանը, կախված տեղանքի բարձրությունից Որոտան գետի ձկնաշխարհի տեսակային կազմի փոփոխություններին, մանկական քաղցկեղի առաջացմանը նպաստող գործոնների գնահատմանը, դպրոցական կենսաբանության դասընթացում խաղային տեխնոլոգիաների կիրառմանը։
Ուսանողների հետազոտությունների շրջանակներում էին նաև Ախուրյան գետի ավազանի էկոլոգիական հիմնախնդիրները, Արարատի մարզի Մրգավան համայնքի աշխարհագրական հայրենագիտական վերլուծությունը, Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի աշխարհագրական-հայրենագիտական վերլուծության կրթադաստիարակչական դերը և այլն։
«Հետազոտական աշխատանքերում գրական աղբյուրները կարևոր են, սակայն գիտական ոլորտում առավել կգնահատվի սեփական հետազոտությունների արդյունքների ներկայացումը»,-ամփոփելով ուսանողական գիտական նստաշրջանը նշեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուզաննա Սադոյանը։
Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանի դիտարկմամբ՝ հատկապես բնագիտական ոլորտում չափազանց կարևոր է փորձարարական աշխատանքը։
Պրոֆեսորը նկատում է՝ եթե ուսանողը ծանոթ չէ հետազոտության օբյեկտին, չի կատարում փորձարարական աշխատանք, հետագայում հազիվ թե կարողանա գիտական լուրջ գործունեություն ծավալել։
Սամվել Պիպոյանի գնահատմամբ՝ գիտական նստաշրջանում կային զեկուցումներ, որոնք հիմնված էին միայն գրական աղբյուրների վրա, սակայն քիչ չէին նաև սեփական հետազոտություններն իրականացրած, փորձարարական հմտություններով և ունակություններով առաջնորդված ելույթները։
«Բնությունը երիտասարդ բնագետի հետազոտություններում» խորագրով ուսանողական գիտական նստաշրջանին ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։