ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական գիտաժողով
29.05.2019
Ուսանողական գիտաժողով

ՀՊՄՀ-ի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Պետականության հիմնախնդիրը Հայաստանում․ պատմություն և արդիականություն» թեմայով ուսանողական գիտաժողով:

Ապագա հասարակագետ-մանկավարժները հանդես եկան զեկուցումներով, որոնք վերաբերում էին 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության հռչակման և կայացման պատմական նշանակությանն ու ներքին դրությանը, քաղաքացիական հասարակության խնդիրներին մերօրյա Հայաստանում: Ուսանողներն անդրադարձան նաև պետականության ստեղծման գործում քաղաքական մշակույթի հիմնարար դերին, Հայաստանի առաջին հանրապետությունում պառլամենտարիզմին, մեր երկրում իրավաքաղաքական գիտակցության ձևավորման արդի հիմնախնդիրներին, Վանի ինքնապաշտպանության շրջանին որպես Հայաստանի Հանրապետության նախատիպի և Համո Օհանջանյանի քաղաքական գործունեությանը:

Զեկուցողներ Քրիստինե Ավետիսյանը, Անի Մելքոնյանը, Լիլիթ Զահաբին, Էլմիրա Ազարյանը, Մանե Նիկողոսյանը, Անւ Թաթոյանը, Արա Հարությունյանը, Տաթև Արշակյանը, Օլիկ Թոսունյանը և Ջեմմա Վարդանյանը ներկայացրին իրենց զեկուցումներում վերհանված խնդիրները՝ դրանք վերլուծելով պատմաքաղաքական ժամանակաշրջանի համատեքստում կատարված իրադարձությունների համապատկերում:

Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն www.aspu.am-ի հետ զրույցում կարևորեց ուսանողական ընթերցումներում առաջ քաշված հիմնախնդիրները, պատմական իրադարձությունների վերլուծությունները, ժամանակաշրջանի բնութագրումները և ուսանողների նորովի մոտեցումները անցյալի պատմությանը:

Գիտաժողովը շարունակվեց ուսանողների ակտիվ քննարկումներով, անցյալի և մերօրյա քաղաքական իրավիճակներին վերաբերող հարցադրումներով: