ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական գիտաժողով Մանկավարժականում
20.03.2017
Ուսանողական գիտաժողով Մանկավարժականում

ՀՊՄՀ-ում մեկնարկեց Սկզբնական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա «Սկզբնական կրթության զարգացման միտումները» խորագրով ուսանողական գիտաժողովը:

Ուսանողներին ողջունեցին պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, ամբիոնների վարիչները և այլք:

Իրենց խոսքում նրանք կարևորեցին արդեն ավանդույթ դարձած գիտաժողովի կազմակերպումը՝ հույս հայտնելով, որ ներկայացված հոդվածների մի մասը հետագայում կզարգանան, կձևավորեն գիտական նոր աշխատանքներ՝ դրանք մանկավարժական գիտություն ներմուծելու և գիտական նոր նվաճումներ ունենալու համար:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ համալսարանի համար ուսանողը գերադրական արժեք է, իսկ նրա՝ գիտական պրպտումներին նպաստելը՝ կարևորագույն խնդիր: Պրոռեկտորը հույս հայտնեց, որ նման գիտաժողովները կնպաստեն Սկզբնական կրթության ֆակուլտետի ռազմավարական ծրագրի զարգացման կարևորագույն մի քանի կետերի իրականացմանը՝ ուսանողների գիտելիքների, հմտությունների կարողությունների զարգացում:

Պլենար նիստի ավարտից հետո ուսանողական գիտաժողովն ընթացավ երեք՝ մաթեմատիկայի, մայրենիի և հոգեբանության ուղղություններով: Զեկուցողները ներկայացրին սկզբնական կրթության ոլորտում կատարած հետազոտություններն ու այլընտրանքային մոտեցումները, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները:

Բակալավրի ուսանողները զեկույցներում ներառել էին կամավորական աշխատանքի ընթացքում արված հետազոտությունների արդյուքները, իսկ մագիստրոսները՝ թեզերի թեմաների շուրջ արված ուսումնասիրությունները:

Ներկաները ելույթների շուրջ հանդես եկան առաջարկներով, ուղղեցին հարցեր, որոնց վերաբերյալ եղան հիմնավորումներ ու պնդումներ:

«Ուսանողական գիտաժողովները նոր մշակույթ և լավ ավանդույթ են Սկզբնական կրթության ֆակուլտետում, ինչը կարևոր հարթակ է մանկավարժության մեջ նոր քայլեր անող ուսանողների համար»,-նշեց պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ու հորդորեց ուսումնասիրվող թեմայի շուրջ ունենալ սեփական կարծիքը, իսկ ամենակարևորը՝ կարողանալ հիմնավորել գիտական աշխատանքը:

Ինքնաարտահայտման հնարավորություն, ինքնազարգացում, մասնագիտական հաղորդակցում և աճ, փորձի ձեռքբերում. անդրադառնալով գիտաժողովի ձեռքբերումներին՝ նշեց Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ Վլադիմիր Կարապետյանը: Պրոֆեսորը վստահեցրեց, որ այն մտքերի, հույզերի վարժանք է, բազմաթիվ որակներ ապահովելու դասական տարբերակ:

Ուսանողական գիտաժողովի կազմակերպիչ, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի՝ գիտության և հետբուհական գծով տեղակալ Լուսինե Պողոսյանը, ամփոփելով արդյունքները, նշեց. «Գիտաժողովին մասնակցելու կարևորագույն պահանջը եղել է աշխատանքում հետազոտական բաղադրիչ ներառելը: Արդեն 3-րդ տարին կազմակերպվող կոնֆերանսը տվել է իր շոշափելի արդյունքը. ուսանողներն ազատ էին, կարողանում էին գիտական մակարդակներում պաշտպանել իրենց հետազոտական պնդումները, սեփական տեսակետներն ու կարծիքները, լսել առաջարկներ»:

Լուսինե Պողոսյանը վստահեցրեց նաև, որ նախորդ տարիների համեմատ մեծապես աճել է գիտաժողովին մասնակցել ցանկացողների և ազատ ունկնդիրների թիվը. կային զեկուցողներ նաև Բանասիրական, Կուլտուրայի, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետներից: