ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական գիտաժողով Մանկավարժականում
10.05.2023
Ուսանողական գիտաժողով Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում կայացավ Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող ուսանողական 2-րդ՝ «Հոգեբանական հետազոտություններ» խորագրով  գիտաժողովը։

ՀՊՄՀ-ից բացի գիտական ձեռնարկին մասնակցում էին հանրապետության մի շարք բուհերի, այդ թվում՝ ԵՊՀ-ի, «Ուրարտու», Հայաստանի Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի,  Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողներ։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և վստահեցրեց՝ յուրաքանչյուր գիտաժողով յուրատեսակ ստուգատես է ուսանողների և դասախոսների համար։

Նա կարևորեց հատկապես համագործակցությունը, ինչի շնորհիվ գործընկեր բուհերի ուսանողները ևս մասնակցում են գիտաժողովին՝ համատեղ բացահայտելու գիտության ճանապարհին հանդիպող անելիքները։

«Գիտահետազոտական բուհ դառնալու ճանապարհին շատ ենք կարևորում նման ձեռնարկները, ինչպես նաև դրանցում ուսանողների ներգրավվածությունը։ Գիտակցում ենք, որ գիտության ոլորտում ճիշտ սերնդափոխության համար պետք է այս պահին կարողանանք ձեզ ճիշտ ուղղորդել»,- նշեց պրոռեկտոր Իսպիրյանն ու ընդգծեց, որ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը մշտապես ակտիվորեն կազմակերպում և մասնակցում է գիտական ձեռնարկների։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը նկատում է՝ ստեղծված է մի հարթակ, որտեղ դասախոսական կազմի ուղղորդմամբ ուսանողները կներկայացնեն իրենց ասելիքը գիտական հետազոտություն անելու կարևոր գործում։

«Հոգեբանական հետազոտությունները հետաքրքիր են, ունեն ասելիք ներկայի և ապագայի մասին։ Նման գիտաժողովները հարթակ են, որտեղ կծանոթանաք գիտելիք տանող բարդ ճանապարհին և կգնահատեք ձեր ուժերը հոգեբանական հետազոտական աշխատանքում»,-նշեց Ռուզաննա Պետրոսյանն ու մաղթեց արդյունավետ աշխատանք։

Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանն էլ ամենամյա գիտաժողովը կարևորեց դեռևս բակալավրիատի և  մագիստրատուրայի տարիներին ուսանողների՝ արդիական հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների անցկացման տեսանկյունից։

Բանախոսը նկատում է՝ ժամանակակից աշխարհում գիտության զարգացման խնդիրներն ու առկա մարտահրավերները կարիք ունեն հետազոտությամբ ապացուցման, որ տվյալ գիտությունը լրացվի  նորարարություններով ու  նորույթներով։

Լևոն Սարգսյանը վստահ է՝  այլ բուհերի ուսանողների մասնակցությունը գիտաժողովին  կկոտրի համալսարանական պատնեշները՝  ստեղծելով  մտածող հոգեբան-ուսանողների հարթակ։

Ուսանողական գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան հոգեբանության ոլորտի մի շարք հիմնախնդիրների՝ ներկայացնելով դրանց արդիականությունը, հետազոտության նպատակը, վարկածը, խնդիրներն ու մանրամասնելով հետազոտության  մեթոդներն ու արդյունքները։ 

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Ի դեպ, ներկայացված նյութերն արդեն իսկ  տպագրվել են «Հոգեբանական հետազոտություններ» N 1(2) ուսանողական հետազոտական աշխատանքների նյութերի ժողովածուում։