ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական գիտաժողով՝ նվիրված Աննա Ախմատովայի հոբելյանին
18.04.2019
Ուսանողական գիտաժողով՝ նվիրված Աննա Ախմատովայի հոբելյանին

2019 թվականը հոբելյանական է Աննա Ախմատովայի՝ Արծաթյա դարի ռուս բանաստեղծուհու, թարգմանչի, գրականագետի և 20-րդ դարի ռուս գրականության ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի համար:

Բանաստեղծուհու ծննդյան 130-ամյակին նվիրված՝ «Աննա Ախմատովան մշակութաբանական տիրույթում» խորագրով գիտաժողովը կազմակերպվել էր Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Անահիտ Ամիրխանյանի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանողները:

Գիտաժողովին մասնակցելու հայտ ներկայացրած զեկույցներից ընտրվել էին 10 լավագույնները, որոնք նվիրված էին գրականագիտական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և արտացոլում էին Ախմատովայի գրական ժառանգության առանձնահատկությունները, բանաստեղծուհու քնարերգության զարգացման հիմնական ուղղությունները և դրա ազդեցությունը արվեստի այլ ճյուղերի վրա:

Գիտաժողովին մասնակցող ուսանողները պատրաստել էին տեղեկատվական բուկլետներ, որոնց առաջին էջին Ախմատովայի՝ Կ.Ս. Պետրով-Վոդկինի 1922 թ. հեղինակած հայտնի դիմանկարն էր:

Գիտաժողովին ներկա էին Օտար լեզվի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանողները: 

Դոցենտ Անահիտ Ամիրխանյանը շնորհավորեց ուսանողական գիտաժողովի անցկացման առթիվ և վստահեցրեց, որ Աննա Ախմատովայի հոբելյանի առթիվ անցկացվող ձեռնարկները դեռ առջևում են և կմեկնարկեն հունիսի 23-ին:

Գիտաժողովի աշխատանքների մոդեռատորն էր 4 կուրսի ուսանող Զոհրաբ Զոհրաբյանը: Միջոցառումը մեկնարկեց 4 կուրսի ուսանողուհի Լուիզա Ժամհարյանի ասմունքելով, որը ներկայացրեց Ա. Ախմատովայի 1924 թ. գրած «Մուսա» բանաստեղծությունը:

Ուսանողուհի՝ Շուշան Հովհաննիսյանը, հանդես եկավ «Ակմեիզմը՝ ռուսական մշակութաբանական երևույթ» զեկույցով, որում անդրադարձ կատարեց 1910-ական թթ. ռուս պոեզիայի ամենաազդեցիկ ուղղություններից մեկին՝ ակմեիզմին: Զեկույցի համաձայն՝ ակմեիզմի ձևավորումը կապված էր սիմվոլիզմի տեսությունում առկա ծայրահեղությունների մերժման հետ: Ակմեիզմը, վստահեցրեց Շուշան Հավհաննիսյանը, զուտ ռուսական մշակութաբանական երևույթ է, քանի որ այն որպես այդպիսին գոյություն չունի ազգային և ոչ մի այլ պոեզիայում:

Քրիստինե Հազարապետյանի՝ «Աննա Ախմատովան ժամանակակիցների հուշերում» զեկույցում հիմնավորում էր այն միտքը, որ տարբեր ժողովածուներում զետեղված հուշերն Ախմատովայի մասին միշտ արդիական կլինեն, քանի որ ընթերցողների յուրաքանչյուր սերունդ նորովի է ընկալում ախմատովյան քնարերգության զարգացման յուրահատկությունները: Իսկ մեր օրերում իրականացվող հետազոտությունները վկայում են այն մասին, որ բանաստեղծուհու գրական ժառանգությունը շարունակում է մնալ արդիական:

«Պուշկինը Ախմատովայի ստեղծագործություններում» զեկույցում Մանանա Փանոսյանն անդրադարձավ բանաստեղծուհու գրական ժառանգությունում ռուս մեծ բանաստեղծ Պուշկինի կերպարի արտացոլմանը: Նշյալ խնդիրը Ախմատովային նվիրված գիտական հետազոտություններում շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել: Դրա պատճառները բազմաթիվ են. մեկը թերևս այն է, որ Ախմատովան, ապրելով երկար կյանք և տեսնելով երկու հեղափոխություն և երկու համաշխարհային պատերազմ, ինչպես նաև պատերազմներից, հավանաբար, ամենադաժանը՝ քաղաքացիական պատերազմը, ստալինյան ռեպրեսիաները և ժամանակաշրջանի այլ ողբերգական իրադարձությունները, իր ստեղծագործություններում երբեք չի դադարել գովերգել պուշկինյան հանճարը՝ դրանով իսկ իր ուրույն ներդրումն ունենալով պուշկինագիտությունում:

Շաքե Շահումյանը հանդես եկավ «Ախմատովան և նրա «Ռեքվիեմը»» զեկույցով, որում, մասնավորապես, նշում էր, որ Մեծ Հայրենական պատերազմի նախօրեին ստեղծված այս պոեմի հիմքում ընկած է անձնական ողբերգությունը, մի ամբողջ սերնդի ողբերգությունը: Այդ պատճառով պոեմը չէր կարող լույս տեսնել ստալինյան ռեպրեսիաների ժամանակաշրջանում, քանի որ այն խոսում էր բոլոր այն մարդկանց ձայներով, որոնք համարձակվեցին ապրել և մտածել այլ կերպ՝ չենթարկվելով քաղաքական և ոչ մի պարտադրանքների: «Հերոսը Ախմատովայի «Պոեմն առանց հերոսի» ստեղծագործությունում» զեկույցը, որով հանդես եկավ Սարոյան Լիլիթը, վերաբերում էր նշյալ ստեղծագործության ստեղծման պատմությանը, որն, ի դեպ, տևել է շուրջ երկու տասնամյակ: Հեղինակի անցած կյանքի ճանապարհը, նշեց Սարոյան Լիլիթը, թույլ է տալիս նրան նկարագրել անցյալն այնպես, որ այդ նկարագրությունում հերոս են դառնում բոլորը՝ հեղինակը, նրա ընկերները, ծանոթները, ընթերցողները, ողջ ժամանակակից Ռուսաստանը:

Հասմիկ Մարդոյանի զեկույցի թեման էր «Ախմատովայի կերպարը արվեստում»: Զեկույցի շնորհիվ ներկաներին հնարավորություն տրվեց ծանոթանալ Ախմատովայի տարբեր տարիների կերպարներին, որոնք արտացոլվել են Մ. Սարյանի, Կ.Ս. Պետրով-Վոդկինի, Ն.Ի. Ալտմանի, Օ.Լ. Դելլա-Վոս-Կարդովսկայայի, Մոդիլյանիի, Յու. Աննենկովի ստեղծագործություններում, ինչպես նաև Բ.Անրեպի խճանկարում, որին, ի դեպ, անդրադարձել է ինքը Ախմատովան իր՝ «Ես ձայն լսեցի…» բանաստեղծությունում: Հասմիկ Մարդոյանը ներկաներին պատմեց նաև Ախմատովայի արձանների մասին, որոնք տեղադրված են այն քաղաքներում, որտեղ երբևէ ապրել է մեծ բանաստեղծուհին: Այդ արձանները, նշում է Հասմիկը, արտացոլում են ինչպես Ախմատովայի կենսագրությունը, այնպես էլ, որոշակի իմաստով, նաև երկրի պատմությունը:

Ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանողուհի Էլմիրա Պողոսյանն էլ ներկայացրեց իր «Ա.Պլատոնովը և Ախմատովան» զեկույցը, որում անդրադարձ էր կատարել այն հանգամանքներին, որոնց ազդեցությամբ Պլատոնովը 1940 թ. հեղինակեց իր հայտնի «Աննա Ախմատովա» հոդվածը: Գալստյան Անին, իր հերթին, ներկայացրեց «Մեծ Հայրենական պատերազմը Ախմատովայի ստեղծագործություններում» զեկույցը, որում անդրադարձել էր բանաստեղծուհու ստեղծագործություններում պատերազմի ընկալմանը, թշնամու և դրա դեմ մարտնչող զինվորի պատկերների արտացոլմանը: Ըստ զեկուցողի՝ Աննա Ախմատովան, գտնվելով էվակուցիայում, հեղինակում է մի շարք հայրենասիրական ստեղծագործություններ և, առհասարակ, այդ տարիներին նորովի է հասկանում, թե ինչ է մարդկային բարությունը:

Գիտաժողովն ավարտվեց կրկին ասմունքով. այս անգամ Լուիզա Ժամհարյանը ներկաների համար ընթերցելով Ախմատովայի ստեղծագործական ժառանգության գոհարներից մեկը՝ «Աղոթք» բանաստեղծությունը:

Գիտաժողովի մասնակիցները ամփոփեցին միջացառման աշխատանքները, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին և հույս հայտնելով որ նմանօրինակ ուսանողական գիտաժողովները կդառնան բարի ավանդույթ, ինչը հնարավորություն կընձեռի համակողմանիորեն ծանոթանալ ռուս գրականության հետ: