Ապրիլի 15-16-ն անցկացվեց «Բնագիտության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողով։ Ձեռնարկը կազմակերպվել էր ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման համահամալսարանական ամբիոնի, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի և ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության Ուանողական գիտական ընկերությունների համագործակցությամբ։
Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Սիրինե Շողերյանը կարևորեց համատեղ նախաձեռնությունն ու կատարված հետազոտական աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք հաստատում են բնագիտության ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց բնագիտական մասնագիտությունների, ինչպես նաև մանկավարժության ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար՝ նկատելով՝ գիտելիքի սկիզբը սկսվում է դպրոցից։
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Սարգսյանը նկատում է՝ բնագիտական հիմնախնդիրները մեր օրերում բազմազան են, իսկ մարդկային գործոնը խթանում է դրանց մեծացմանն ու տարածմանը։
Վերջինս նշում է՝ խնդիրներն առկա են կենսաբանական բոլոր ոլորտներում․ դրանց մասին խոսվում է մշտապես և տարբեր հարթակներում։ Մարիամ Սարգսյանը համատեղ աշխատաժողվի անցկացումն այդ համատեքստում բացառություն չի համարում․ հավելում է՝ ԵՊՀ-ում, իսկ այսօր արդեն ՀՊՄՀ-ում կայացած աշխատաժողովն իր մեջ ամփոփում է բնագիտական տարբեր ոլորտներում առկա բազմաբնույթ հիմնախնդիրներ և առաջարկում դրանց որոշակի լուծումներ․«Լիահույս ենք, որ աշխատաժողովը կնպաստի կրթական երկու կառույցների համագործակցային կապի ամրապնդմանը․փորձի փոխանակումը, գիտելիքների ձեռքբերման ճանապարհին, լավագույն միջոցներից է»։
Գիտական ձեռնարկին զեկույցներով հանդես եկան երկու բուհերի ուսանողներ՝ անդրադառնալով Արարատի մարզի Դվին բնակավայրի գյուղական կաթի հակաբիոտիկակայունության ստուգմանը, սննդի մեջ ծանր մետաղների առկայությանն ու դրանց ազդեցությանը երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման վրա, ճարպակալման գնահատման կարևորությանն ու դրա ազդեցությունը դպրոցականների սիրտ-անոթային համակարգի վրա։
Զեկույցներ եղան նաև Շիրակի մարզի կլիմայի ազդեցությանը՝ բնական լանդշաֆտի ձևավորման գործում, ինչպես նաև ստորերկրյա ջրերին, դրանց առաջացմանն ու տեսակներին։
Ի դեպ, գիտաժողովին էկոլոգիական հիմնախնդիրների և դրանց արդյունավետ լուծումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ նաև Մանկավարժական համալսարանի փոքրիկ բարեկամ 12-ամյա Ալեք Մանվելյանը։
Բանախոսները ներկայացրին թեմաների վերաբերյալ սեփական հետազոտության արդյունքները, հանդես եկան խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներով։
Աշխատաժողովն ընթացավ հարց ու պատասխանով և ամփոփվեց հավաստագրերի հանձմամբ։