ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական խորհուրդն ունի նոր նախագահ
14.09.2018
Ուսանողական խորհուրդն ունի նոր նախագահ

Այսօր կայացավ ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստը, որի օրակարգում կառույցի նոր նախագահի, փոխնախագահի և քարտուղարի ընտրության հարցն էր:

Մինչ օրակարգին անցնելը, գործող նախագահ Ներսիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և ընդգծեց, որ իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում հնարավորինս պաշտպանել է ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների ինքնավարությունը:

«Ուսանողական խորհուրդը եղել է, կա և կմնա այն կառույցը, որն ուսանողների ձայնը լսելի է դարձնում բուհում և դրա սահմաններից դուրս, քննարկում ուսանողական խնդիրները, ապահովում հետաքրքիր ու բովանդակալից ժամանց, հնարավորություն ընձեռում զբաղվել հասարակական գործունեությամբ»,-նշեց Ներսիկ Մարգարյանն ու հավելեց, որ մշտապես հաշվի են առնվել բարձրացված մտահոգություններն ու շտկվել կառույցի գործունեության հետ կապված թերությունները:

Վերջինս վստահեցրեց՝ իր ղեկավարած տարիներին ամենաուսանողական կառույցը բարձր պատասխանատվությամբ և արժանապատվորեն վարել է ուսանողակենտրոն քաղաքականություն, ծառայել ի նպաստ ուսանողների դերի ու նշանակության բարձրացման բուհում:

Արդյունավետ աշխատանքի, ներդրած ավանդի և երկարատև գործունեության համար Ներսիկ Մարգարյանը պատվոգրեր հանձնեց ՈՒԽ-ի նախագահի օգնական Աշոտ Խաչատրյանին, փոխնախագահներ Հովհաննես Գուսիկյանին, Սուրեն Եղիազարյանին և Էդիկ Գուլյանին:

ՈւԽ-ի գործող կանոնադրության համաձայն՝ խորհուրդը նախագահի թեկնածու առաջադրեց Պարույր Գալստյանին:

Վերջինս ՈՒԽ-ի Կազմակերպչական հանձնաժողովի նախկին նախագահն է, ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Լանդշաֆտային պլանավորում և դիզայն բաժնի 1-ին կուրսի մագիստրոս է, անկուսակցական:

ՈւԽ-ի նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ պահպանելով նախորդ տարիների լավագույն ավանդույթները՝ կրկնապատկել կառույցի ձեռքբերումներն ու հաջողությունները: Խոսելով կառույցի առաջիկա անելիքների մասին՝ Պարույր Գալստյանը խոստացավ գործունեության կենտրոնում պահել սպորտային, բնապահպանական, ռազմահայրենասիրական, սոցիալական, մշակութային միջոցառումները, ինչպես նաև ամրապնդել միջբուհական և միջազգային ուսանողական համագործակցությունը:

Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում ՈՒԽ-ի փոխնախագահ ընտրվեց Կուլտուրայի ֆակուլտետի մագիստրոս Երվանդ Իսմայիլյանը, քարտուղար Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանող Մառլենա Սարդարյանը: