ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ «Բարև,մենք ենք» ներկայացման պրեմիերան:
Պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանն այս անգամ էլ հանդիսատեսին զարմացրեց ռեժիսորական լուծումներով շեշտադրված բեմադրությամբ, որի հիմքում մերօրյա իրականության մեջ նեգատիվ երևույթների քննադատությունն էր, ուսանողների միջոցով նրանց առօրյայում տեղ գտած բացասական կողմերի վերհանումը:
Ներկայացումն սկսվեց. Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողների գնացքը շարժվեց դեպի երևակայության աշխարհ՝ տարբեր կայարաններում կանգ առնելով և իրադարձությունների շղթայական դրվագներում ներկայացնելով ասելիքը:
Ներկայիս հայ երիտասարդների կյանքում տեղ գտած անճաշակ երևույթներն ու աններելի սխալներն ուսանողները փայլուն ներկայացրին՝ փաստելով՝ ապագա մասնագիտության ընտրության մեջ չեն սխալվել:
Նրանք աչքի ընկան կատարողական ձիրքով՝ յուրաքանչյուր դրվագի մեջ դնելով սեր և հոգի:
«Բարև,մենք ենք»-ի հիմքում երիտասարդների վարքում տեղ գտած բազմաթիվ վրիպումներ էին, որ դարձել են առօրյա կյանքի նորմ՝ մարդկային հարաբերությունների, էթիկայի խաթարման գործոններ, մղելով նրանց դեպի անճաշակություն, պահվածքին տալով անհասկանալի և անթույլատրելի դրսևորումներ:
Ռուսական բանտում գտնվող և Ռուսաստանում անվայել բարքերով ապրող հայ երիտասարդների, բախտագուշակին իրենց բախտն ու ճակատագիրը վստահած և տղաներին անհասկանալի ձևերով գրավել ցանկացող, ծամոնները բերաններում ծռմռվող երիտասարդ աղջիկների, տղաների ու աղջիկների մաֆիաների ընդհարման, Դոն Կոռլեոնեին պատկերող և այլ դրվագներում ներկայացվեց անհանդուրժելին և, թե ինչպես չի կարելի ապրել: «Վերջին կայարանում» ուսանողները ներկայացան որպես մերօրյա արլեկիններ:
Իրականությունից չես փախչի, բայց մեծ ցանկության դեպքերում կարող ես շտկել այն.սա ներկայացման յուրահատուկ մեսիջներից էր:
Իրականության բացասական դրսևորումները հեգնող սցենարը ներկայացվում էր երաժշտական ու հումորային մոտեցումներով՝ ընկալման խնդիրը դարձնելով առավել առօրեական ու կենցաղային:
Ուսանող-դերասանների բեմելը ողջունեցին ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը, հոգեբան Զինա Թորոսյանը, հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը, ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Դիանա Մարկոսյանը, դասախոս Արմեն Խաչատրյանը:
Զինա Թորոսյանն ընդգծեց ուսանողների տաղանդը, նրանց խաղի մեջ առկա մեծ ուժը՝ կարևորելով, որ երիտասարդները հասկացան՝ ինչ սխալներ են անում այսօր և ինչ չպետք է անեն:
Նա պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանին բնորոշեց տաղանդավոր մանկավարժ, արվեստի երախտավոր և մարդ, որն ունի հոգի, որ բաժանում է իր սաներին:
Դեկան Գևորգ Թադևոսյանը, դիմելով ուսանողներին, նշեց՝ երջանիկ եք, որ Աիդա Արտյոմովնայի կուրսում եք սովորում:
«Իսկապես արվեստը հավերժ է. ուրախ եմ, որ բեմի վրա տեսնում եմ երիտասարդ սերնդին: Հավատարիմ մնացեք ձեր անհատական ոճին և կարողացել գտնել փառքը բեմական գործունեության մեջ»,- նշեց հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանն ու ընդգծեց՝ Աիդա Հովհաննիսյանն ունի բեմադրիչի ուրույն ձեռագիր:
«Ես այն երջանիկներից եմ, որ ուսանել եմ Աիդա Արտյոմովնային,-իր խոսքում նշեց Դիանա Մարկոսյանն ու փաստեց՝ ուսանողները ցուցադրեցին աննկարագրելի, տաղանդավոր խաղ.այսօր արդեն տեսանելի է նրանց երաշխավորված ապագան:
Իսկ Արմեն Խաչատրյանը հաջողված ներկայացման հիմքում կարևորեց կուրսի ղեկավար Աիդա Հովհաննիսյանի` ժամանակին համընթաց քայլելու գաղափարն ու ուսանողին ուսանողական կյանք պարգևելու հնարավորություն տալը, ինչը մեզանում հազվադեպ հանդիպող երևույթ է.«Դուք միշտ երիտասարդ եք»,- նկատեց Խաչատրյանը և շնորհավորեց Կանանց միամսյակը, որին էլ նվիրված էր բեմադրությունը։
«Ես կարծում եմ, որ այսօրվա արվեստին ծառայող մասնագետները, որոնք մեր համալսարանում շատ են, մի գերագույն խնդիր ունեն՝ ճաշակ ձևավորել: Այսօր մենք ցուցադրեցինք դրվագներ, որոնցում ծաղրում էինք այդ «ճաշակ» հասկացությունը»,- նշեց պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանը:
Նկատենք, որ այս բեմադրությամբ և եղեռնի տարելիցին նվիրված ներկայացմամբ Հովհաննիսյանն ու ուսանողները առաջիկայում հյուրախաղերով մեկնելու են Դոնի Ռոստով։