ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական պրակտիկան՝ Ցյուրիխում
20.09.2019
Ուսանողական պրակտիկան՝ Ցյուրիխում

Մանկավարժական համալսարանի ուսանողները երկշաբաթյա պրակտիկա անցկացրին Շվեյցարիայում: Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ, խմբային աշխատանքներ, դասավանդման նոր մեթոդներ, ծանոթություն ժամանակակից արվեստին, այցելություն թանգարաններ․ Բյուլախ քաղաքում հենց այսպես է ընթացել  հայ և շվեյցարացի ուսանողների համատեղ պրակտիկան:

Մանկավարժական համալսարանի, Ցյուրիխի արվեստների համալսարանի և «Արտաս» հիմնադրամի համագործակցության շրջանակներում Կերպարվեստի բաժնի 8 ուսանող և 2 դասախոս պրակտիկայի առաջին շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունենցել ծանոթանալու Շվեյցարիայի կրթական համակարգին, ուսումնական գործընթացին, դասապրոցեսի կազմակերպման մեթոդներին, իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ:

Երկրորդ շաբաթվա ընթացքում  ուսանողներն իրենց տեսական գիտելիքները կիրառել են գործնականում․ 4 հոգանոց 4-ական խմբերով՝ երկու հայ, երկու շվեյցարացի, նախապես ընտրված թեմաներով և կազմված ծրագրով իրականացրել են դասապրոցես Բյուլախի դպրոցներից մեկում:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի դասախոս Դավիթ Հովհաննիսյանը թե ուսանողների, և թե դասախոսների համար շատ արդյունավետ է համարում արտերկրում անցկացրած պրակտիկան՝ բարձր գնահատելով բուհի ընձեռած հնարավորությունը:

«Հետագայում դասախոսական իմ գործունեության ընթացքում անպայման կկիրառեմ այն մշակույթը, այն մոտեցումներն ու մեթոդները, որ ունեն շվեյցարացի մեր գործընկերները. հատկապես՝ դասախոս-ուսանող, դասախոս-դասախոս աներևակայելի բարձր և անկաշկանդ միջանձնային շփման մակարդակը»,- նշեց Դավիթ Հովհաննիսյանը և ընդգծեց՝ ուսանողների համար այս արդյունավետ ուղևորությունը մեծ նշանակություն ունեցավ գործնական նոր գիտելիքների, փորձի ու հմտությունների հարստացման առումով:

«ՀՊՄՀ-ի ուսանողները պրակտիկայի ողջ ընթացքում ցուցաբերել են մասնագիտական բարձր որակ և ակտիվ մասնակցություն ունեցել կազմակերպված քննարկումներին, ապա վարպետորեն իրականացրել առարկայական բաց դասեր: Այդ ամենի հավաստումը շվեյցարական կողմի բարձր գնահատականն է ուսանողին»,- հպարտորեն մեջբերեց Դավիթ Հովհաննիսյանը:

Ուսանողների անցկացրած բաց դասերին մասնակցել է նաև ՀՊՄՀ Աշխատակազմի եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը: Իր եռօրյա այցի ընթացքում պրոռեկտորը հանդիպել է շվեյցարացի ուսանողների և դասախոսների խմբի ղեկավար Դագմար Ռեիխարտին: Վերջիններս, վերհիշելով ապրիլին ունեցած երևանյան հանդիպումը, անդրադարձել են Շվեյցարիայում ուսանողների որակյալ և արդյունավետ համատեղ աշխատանքին, ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ ծրագրեր ներկայացնելու պայմանավորվածություն:

Արա Երեմյանն ու Դագմար Ռեիխարտը հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական՝ ամրապնդելով հայ-շվեյցարական միջմշակութային կապերը՝ հնարավորություն ստեղծելով ավելի մեծ թվով ուսանողներ ներգրավել ծրագրում՝ նաև բուհի այլ ֆակուլտետներից: