ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ուսուցչի դերակատարությունը հասարակությունում պետք է բարձրացվի»
22.08.2017
«Ուսուցչի դերակատարությունը հասարակությունում պետք է բարձրացվի»

Օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին Մանկավարժական համալսարանում ԿԳՆ Լևոն Մկրտչյանը հանդիպեց  կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, որով էլ ազդարարվեց «Ուսուցիչ» նախաձեռնության մեկնարկը: Ներկայացվող ծրագրի նպատակն է բարձրացնել ուսուցչի հեղինակությունը, բարելավել նրա սոցիալական վիճակը, նպաստել մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և այլն:

Նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ արդեն երկու տարի իրականացվում են կրթական համակարգի բարեփոխումներ. «Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրերից ձևավորել է ազգային պետական կրթական համակարգը: Մեր ուժը նրանում է, որ բարեփոխումները շարունակական բնույթ են կրում։ Մենք կարողացանք ձևավորել կրթական համակարգի այնպիսի հենք, որն այսօր չափելի, ընկալելի և հասկանալի է աշխարհի համար»,- ընդգծեց նախարարը։ 
Վերջինը նկատեց՝ արդեն ժամանակն է անցնելու բարեփոխումների երկրորդ փուլին, որը նույնպես շատ կարևոր է, իսկ այդտեղ հիմնական հարցը որակի հիմնախնդիրն է՝ գերակա հարց գերատեսչության համար:

«Մենք մի քանի մտահոգություններ ունենք, որոնք հիմնականում վերաբերում ենկրթության մեջ ներգրավվածների կրթության որակին  և մասնագիտությունների ուղղվածությանը: Շատ մտահոգիչ է, որ բարձրագույն կրթական համակարգում բակալավրական շրջանավարտների շուրջ 70 տոկոսը հումանիտար կրթության ներկայացուցիչներ են,30 տոկոսի զգալի մասը տեղեկատվական տեխնոլոգիաներն են. այսպիսով՝ բնական գիտությունների պահպանման հարցում մեծ մտահոգություն ունենք»,- ասաց  Լևոն Մկրտչյանը:

Նախարարը, խոսելով ծրագրի մասին, նկատեց՝ այն նպաստի ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ մեծացնելուն. հասարակությունը պետք է փոխի վերաբերմունքը ուսուցիչների նկատմամբ,  հակառակ դեպքում՝ ծրագրիրն իր արդյունքը չի տա:

Լևոն Մկրտչյանը կրթական համակարգը նմանեցրեց  ժամացույցի, որի մի փոքր օղակի չաշխատելու դեպքում, այն սխալ է աշխատում:

Նրա խոսքով՝ կրթության համակարգը Հայաստանում դեմոգրաֆիական իր աշխարհագրությամբ բավականին բարդ իրավիճակում է զարգացել՝ սկսած հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն:

1400 դպրոցների շարքում մի հսկայական զանգված կա, որտեղ հաստատություններն ունեն առավելագույնը 100 աշակերտ, իսկ բարձրագույն կրթության ոլորտում մոտ 87.000 ուսանողությանը սպասարկում է 65-ից ավելի համալսարան: Լևոն Մկրտչայնը նշեց, որ սա լուրջ մարտահրավեր է և վտանգավոր է կրթական համակարգի որակի համար:

Հանդիպմանը ներկա էին հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,  ովքեր հետագա հանդիպումներին հանդես կգան առաջարկներով՝ ծրագիրը լիարժեքմշակելու համար: