Մայիսի 11-15-ը Էրազմուս+ «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բուհերում» (PROVE) ծրագրի շրջանակում կայացավ ուսուցողական այց։
Այցը նախաձեռնել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի Արժեքների և գիտելիքների կրթության ասոցիացիան, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի և եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչներ: Նպատակն էր խորացնել մասնակիցների տեսական և գործնական գիտելիքները արժեքահեն կրթության վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացնել այն մեթոդներին և գործիքներին, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն դասընթացներ։
ՀՊՄՀ-ից ուսուցողական այցին միացան Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի՝ Գիտության և միջազգային համագործակցության գծով տեղակալ Մարինե Մաթոսյանը, Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարիանա Ավետիսյանը, ինչպես նաև Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Գոհար Առաքելյանը։
Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանում և Վրաստանում իրականացված կարիքների գնահատման արդյունքները, ապա մասնակիցները հյուրընկալվեցին Զալցբուրգի Խաղաղության գրասենյակում, որն ակտիվ գործունեություն է իրականացնում խաղաղության կրթության, հակամարտությունների կարգավորման և սոցիալական համախմբման ոլորտներում։
Ինչպես նշեցին մասնակիցները՝ այցը հարթակ ստեղծեց վերաիմաստավորելու արժեքահեն մոտեցումների կիրառելիությունը ոչ միայն կրթական համակարգում, այլև հասարակական ներգրավվածության լայն գործընթացներում։
Ի դեպ, աշխատանքային օրակարգում էր նաև ծրագրի համակարգման նիստը՝ կառավարման հանձնաժողովի մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ վեց ամիսների աշխատանքները, համադրվեցին առաջիկա փաթեթով նախատեսված քայլերը։
Հիշեցնենք, որ PROVE եռամյա ծրագիրը համակարգում է Վրաստանի Թելավիի պետական համալսարանը: